Քանի որ ընդդիմությունն իր խոստումը չկատարեց, Նիկոլը մեկ առ մեկ իրականացնում է իր սպառնալիքները
ՀրապարակախոսությունՆիկոլը մեկ առ մեկ իրականացնում է հետընտրական հաշվեհարդարի իր սպառնալիքները, քանի որ ընդդիմությունը, իշխանափոխություն իրականացնելու իր խոստումը չկատարելով, նրան տվեց այդ հնարավորությունը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ անձամբ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը՝ Աննա Վարդապետյանը, ցանկանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ եւ «Ազգային ժողով» կոչվածի 07.06.2026թ. ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ նրան ազատությունից զրկել:
Գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետը ս. թ. հուլիսի 3-ին վերոնշյալ նպատակով երկու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին։ Այսպիսով, ԲՀԿ-ի առաջնորդից հետո հերթը հասել է Նարեկ Կարապետյանին:
Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանն ավելի վաղ գրանցվել է որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հերթական համարի պատգամավորի թեկնածու: Գլխավոր դատախազությունից ուղարկված միջնորդության մեջ նշված են նաեւ Ընտրական օրենսգրքի 90, 91-րդ հոդվածների կարգավորումները, դիրքորոշումը պատգամավորի թեկնածուի կարգավիճակի մասին:
ԿԸՀ-ն, հունիսի 8-ին ընդունած որոշմամբ հղում կատարելով Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասին, վերոնշյալ միջնորդությունները՝ կից փաստաթղթերով հանդերձ, վերադարձրել է Գլխավոր դատախազություն: Ըստ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի` «Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման պահից:
Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչեւ Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:
ԿԸՀ-ն այսպիսով վերադարձրել է դատախազության միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները (ներառյալ՝ անձեռնմխելիության իրավունքը) եւ պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչեւ 2026 թվականի հուլիսի 4-ը, այսինքն՝ Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշման վիճարկման դեպքում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը, այլ կերպ ասած՝ Կարապետյանն արդեն պատգամավորի թեկնածու չէ, համենայնդեպս, նրա վրա հուլիսի 4-ից չեն տարածվում պատգամավորի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները:
Ի՞նչ եք կարծում՝ գլխավոր դատախազը եւ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պե՞տն են ավելի լավ հասկանում Ընտրական օրենսգրքում գրվածից, թե ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը եւ հանձնաժողովի մյուս անդամները… Դե, իհարկե՛, գլխավոր դատախազը եւ հիշյալ վարչության պետը:
Եվ թեեւ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման առումով ԿԸՀ-ն իրավացի է (Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները (ներառյալ՝ անձեռնմխելիության իրավունքը) Նարեկ Կարապետյանի վրա որպես պատգամավորի թեկնածու տարածվել են մինչեւ ՍԴ հիշյալ որոշման ընդունումը), սակայն միտումնավոր անտեսել է, որ հիշյալ վարչության պետն իր միջնորդություններում հղում է կատարել նաեւ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի վրա, եւ որ Նարեկ Կարապետյանը թեեւ այլեւս պատգամավորի թեկնածու չի հանդիսանում ու պատգամավորի լիազորություններն էլ դեռ չի ստանձնել, սակայն ունի նույն օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված մեկ այլ կարգավիճակ՝ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր, ինչը լիովին ակնհայտ է ԸՕ-ի 90-րդ հոդվածի 2-րդ մասից:
Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի. «…մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»:
Հիմա հաջորդ հարցը. ի՞նչ եք կարծում՝ ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովակիմյանն ու ԿԸՀ-ն առյուծի կա՞թ էին խմել, որ ապօրինաբար հետ վերադարձնեին գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետի հիշյալ միջնորդությունները՝ դրանց բավարարումը կամ մերժումը համարելով իրենց իրավասություններից այլեւս դուրս գտնվող խնդիր, իսկ գլխավոր դատախազությունն էլ լռեր՝ այսպիսով համարելով, որ սխալվել է, եւ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքից ավելի լավ է հասկանում, քան ինքը…
Չե՞ք կարծում, որ այս ամենը գլխավոր դատախազության կողմից ԿԸՀ-ի հետ պայմանավորված խաղ է… Իհարկե, բացառված չէ, որ հուլիսի 3-ին հիշյալ միջնորդությունները ԿԸՀ ուղարկելուց հետո Նիկոլը կամ գլխավոր դատախազը որոշել են, որ դեռ ժամանակը չէ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան Նիկոլի կամ թշնամու (բայց ոչ ազգային) անվտանգության ծառայության ենիչերիների կամ ասկյարների միջոցով գետնին պառկեցնելու, թեւերը ոլորելու, ձեռնաշղթաներ հագցնելու եւ ազատությունից զրկելու, եւ որ այդ ամենը շոուն ավելի ազդեցիկ դարձնելու համար նպատակահարմար է անել «Ազգային ժողովում» սեպտեմբերի սկզբին, երբ Կարապետյանը պատգամավորի լիազորություններն արդեն ստանձնած կլինի: Այսինքն՝ փոշմանել են եւ ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնողին ասել, որ միջնորդությունները հետ վերադարձնի: Բայց հնարավոր են նաեւ այլ բացատրություններ:
Օրինակ՝ «Ուժեղ Հայաստանին» եւ Նարեկ Կարապետյանին այսպիսով իմաց տալով, որ վերջինս «պլանի տակ է» եւ իր նկատմամբ շուտով քրեական հետապնդում է հարուցվելու, ինքն ազատությունից զրկվելու է, «Ուժեղ Հայաստան»-ին դրդել մանդատներից հրաժարվել եւ հանրության ընդդիմադիր հատվածին հանել փողոցային բուռն պայքարի, որին Նիկոլ արյունարբուն՝ ձեռքի տակ ունենալով անզեն ժողովրդի դեմ զինված ոհմակ (չարախումբ), հավանաբար անհամբեր սպասում է ինչպես դարան մտած գազանը կամ թակարդ լարած մեկը՝ հեռահար նպատակ ունենալով Ալիեւի պահանջի կատարումը՝ Սահմանադրության փոփոխությունը:
Կամ՝ գլխավոր դատախազության հիշյալ մտադրության մասին հայտնելով, տեսնել, թե «Ուժեղ Հայաստանը», Նարեկ Կարապետյանն ինչ քայլեր են կատարում, ում են զանգում, ինչեր են ասում, իրենց ովքեր են զանգում եւ ինչեր ասում, ինչ զրույցներ են վարում սոցիալական ցանցերում (տողերիս հեղինակը որեւէ կասկած չունի, որ նրանց բոլորի հեռախոսներն ապօրինաբար գաղտնալսվում են, սոցիալական ցանցերը վերահսկվում):
Հավելենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, «Դատախազությունը հրաժարվել է «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան մանրամասնել, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ պատճառաբանելով նախաքննության շահով», մինչդեռ չի կարող նախաքննական գաղտնիք համարվել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով հարուցվել է քրեական վարույթը:
Հիշեցնենք, որ Նիկոլն ավելի վաղ նաեւ սպառնացել է լրտեսության մեղադրանքով դատի տալ Սամվել Կարապետյանին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

