Հայաստանը գնում է դեպի հայ-ռուսական հարաբերությունների փլուզում արդեն կառուցվածքային մակարդակով
ՀանդիպումՀուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Եկատերինբուրգ, որտեղ նախատեսված էին բանակցություններ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Սա ընտրություններից հետո նրա առաջին այցն էր Ռուսաստան։ Տնտեսվարողները ակնկալում էին, որ այցից հետո ՌԴ-ի սահմանափակումները կվերանան, բայց այցից հետո իրավիճակը, ըստ էության, չի բարելավվել. հարաբերությունների կարգավորման հնարավորություններ թերևս կային, սակայն դրանք չօգտագործվեցին։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ակնկալում էր պայմանավորվածությունների հասնել հայտարարությունների մակարդակով, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները հասել են այնպիսի փուլի, երբ միայն խոսքերը բավարար չեն. պահանջվում են գործնական քայլեր։
- Քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում Փաշինյանը չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել, այցը կարելի է անարդյունավետ համարել. Հայաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ են հայտնվել։ Ըստ ամենայնի, հայկական ապրանքների համար սահմանափակումներն այժմ տարածվում են ողջ Եվրասիական տնտեսական միության վրա։ Նման հայտարարություն արվել է ռուսական կողմից։ Հետևաբար, հանդիպման արդյունքները պետք է գնահատել բացասական:
Նախ հանդիպումը չի անցել բարձրագույն (նախագահների) մակարդակով, ինչը զարմանալի չէ ընտրություններից մեկ ամիս առաջ Փաշինյանի և Պուտինի միջև հրապարակային հեռակա բանավեճի ֆոնին։ Փաշինյանը հույս ուներ Ռուսաստան ժամանել հաղթողի դիրքերից և նորովի կառուցել երկխոսությունը, սակայն Մոսկվայում դրանում նորություն չեն տեսել, քանի որ քաջածանոթ են նման ընտրական տեխնոլոգիաներին։ Այցի նպատակը հետևյալն էր. Փաշինյանին հետաքրքրում էին մի քանի թեմաներ։ Առաջինը՝ հայ արտադրողների նկատմամբ ռուսական սահմանափակումների չեղարկումը, երկրորդը՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո սեփական լեգիտիմության ճանաչումը։ Փաշինյանն այս հարցում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։ Այս պահին արդեն ակնհայտ է, որ այս թեմաներից և ոչ մեկով հաջողության հասնել չի հաջողվել
Փաշինյանը փորձում էր քաղաքական հարցը լուծել խորհրդանշական քայլով՝ ցույց տալով, թե նախկին էսկալացիան նախընտրական քարոզարշավի մի մասն էր, իսկ այժմ ինքը պատրաստ է մեղմել հռետորաբանությունը։ Սակայն հնարավոր չէ մի կողմից հայտարարել տոնայնության մեղմացման մասին, մյուս կողմից՝ Հայաստանում հետապնդել Մոսկվայի հետ կապեր ունեցող կամ դրանում կասկածվող անձանց։ Այս աշխարհաքաղաքական կոնստրուկցիայում միայն խոսքերով հարց լուծելն անհնար է։
Հայաստանը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական սահմանագծին։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության կտրուկ սրման պայմաններում Հայաստանի դիրքավորումը որպես արևմտյան ճամբարի մաս կարող է հանգեցնել նրան, որ երկիրը ընկալվի որպես հակառակորդ։ Ելքը, որևէ բլոկի հետ կոշտ նույնականացումից հրաժարվելն է։
Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը տրամադրված է զարգանալ ԵԱՏՄ շրջանակներում, մյուս կողմից՝ պնդում է, թե հայ ժողովուրդը ռազմավարական ընտրություն է կատարել հօգուտ Եվրամիության։ Այս հակասականությունը հարցեր է առաջացնում։ Տարբեր ինտեգրացիոն վեկտորներ համադրելու հնարավորություն գոյություն ուներ 20 տարի առաջ. հենց այդ դիլեման հանգեցրեց ուկրաինական հակամարտությանը։ Հայաստանն այն ժամանակ կարողացավ խուսափել դրանից Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման շնորհիվ։
Ներկայիս պայմաններում Փաշինյանը կարող է միայն փոխել հռետորաբանությունը, բայց դա բավարար չէ, ինստիտուցիոնալ քայլերը հետ շրջելը շատ դժվար կլինի։ Հայաստանը գնում է դեպի հայ-ռուսական հարաբերությունների փլուզում արդեն կառուցվածքային մակարդակով։ Հնարավոր է՝ վերջին պահին կողմերին հաջողվի ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը, բայց ես դրանում վստահ չեմ։

