Բազմաթիվ դիմորդներ դուրս են մնալու կրթական համակարգից. բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին
ՆերքաղաքականԴիմորդի ծնող Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Հարգելի տիկին նախարար,
Քոլեջներ դիմելու օնլայն կարգը մեծ խառնաշփոթ է առաջացրել դիմորդների եւ նրանց ծնողների շրջանում։
Բազմաթիվ ծնողներ չեն կարողանում ինքնաշխատ եղանակով գրանցվելով նախարարության ստեղծած համապատասխան կայքում՝ գտնել իրենց եւ իրենց երեխայի ազգակցական կապը, որը, չգիտես ինչու, համարվում է պարտադիր՝ հետագա դաշտերը լրացնելու համար։
Հավատում եմ, որ ԿԳՄՍՆ-ը մեկ միասնական հարթակի միջոցով փորձել է հեշտացնել դիմորդների գործը, սակայն իրականում ստացվել է հակառակը՝ գլխացավանք, քաշքշուկ, փակուղային իրավիճակ։
Այս շիլա-շփոթը հանգեցնելու է նրան, որ բազմաթիվ դիմորդներ չեն կարողանալու նշված ժամկետներում հայտ ներկայացնել իրենց նախընտրած հաստատություն եւ դուրս են մնալու կրթական համակարգից։
Ուստի, խնդրում եմ` վերանայել քոլեջներ ընդունվելու կարգը՝ գոնե այս տարի այն թողնելով թղթային, առձեռն մակարդակի վրա, որպեսզի կարողանանք մեր երեխաների փաստաթղթերը ֆիզիկապես ներկայացնել ուսումնական հաստատություն։
Դիմորդի ծնող՝ Նարե Գրիգորյան»:

