Չի՛ կարելի թույլ տալ, որ ատոմային էներգետիկան ընդհատվի անգամ մեկ օրով. Արթուր Ավետիսյան
Հանդիպում«Իրավունք»-ը զրուցել է «Հայաստանի էներգետիկ նախաձեռնություն» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն, էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
«ԿԱ՛Մ ԿԴԱՌՆԱՆՔ ԷՆԵՐԳԱԿԱԽՅԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱ՛Մ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ»
— Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երեւանում հայտարարեց, որ եթե Հայաստանը խնդիրներ ունենա` գազի մատակարարումների հետ կապված, ԵՄ-ն պատրաստ է աջակցել էներգետիկ խնդիրների լուծման հարցում՝ հղում անելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձին։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, եւ արդյո՞ք նման խոստումները կարող են իրականություն դառնալ։
— Ինչ վերաբերում է խոստումների իրականություն դառնալուն, կդժվարանամ պատասխանել։ Քաղաքական հայտարարությունները, առավել եւս՝ էներգետիկ ոլորտին վերաբերող, եթե հիմնավորված են տեխնիկական եւ էներգետիկական տվյալներով, այդ դեպքում կարելի է վերլուծել դրանց իրականացման հնարավորությունները։ Բայց եթե դրանք զուտ քաղաքական հայտարարություններ են, ապա շատ դժվար է դրանք մեկնաբանել։
Ելնելով առկա իրավիճակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս ապահովված է բավարար էներգետիկ հզորություններով՝ ատոմային էներգետիկա, հիդրոէներգետիկա, արդեն նաեւ արեւային էներգետիկա եւ այլն։ Ներկայումս առկա խնդիրներն ավելի շատ պայմանավորված են ոչ ճիշտ կարգավարական կամ դիսպետչերական աշխատանքով, եւ չեմ խորշի ասել, որ կառավարման ոլորտում արդեն բավականին լուրջ խնդիրներ ունենք։ Դրանց հետեւանքով կարող ենք բախվել խնդիրների՝ անկախ նրանից՝ դրանք քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական պատճառներով են առաջացել։ Կարեւորն այն է, որ խնդիրներ կան։
Քանի որ տարածաշրջանի երկրները բավականին ակտիվացրել են համագործակցությունը, եւ հույսեր կան, որ ապաշրջափակման տրամաբանության մեջ Հայաստանը կարող է կարեւոր դերակատարում ունենալ, ես` որպես էներգետիկ ոլորտի մասնագետ, վստահեցնում եմ եւ բազմիցս ասել եմ, որ մեր ամենամեծ ներուժը հենց էներգետիկ ոլորտում է։ Այսօր մենք գտնվում ենք մի սահմանագծում, երբ կա՛մ Հայաստանը կարող է դառնալ էներգակախյալ պետություն, կա՛մ՝ ճիշտ քաղաքականության եւ, պարզ ասած, «տնային աշխատանքը» ճիշտ կատարելու դեպքում՝ դառնալ տարածաշրջանում կարեւոր գործոն։ Բնականաբար, ՀՀ որևէ քաղաքացի չի ցանկանա, որ Հայաստանը լինի էներգակախյալ պետություն, սակայն ցանկությունը մի բան է, աշխատանքը՝ բոլորովին այլ։
— Այսինքն՝ այսօր Հայաստանի համար առանցքային հարցը շարունակում է մնալ ատոմային էներգետիկայի զարգացո՞ւմը։
— Այո՛։ Հայաստանում չի կարելի թույլ տալ ատոմային էներգետիկայի ընդհատում՝ պատկերավոր ասած, անգամ մեկ օրով։ Որովհետեւ աճում է նաեւ ներքին պահանջարկը՝ նոր տվյալների մշակման կենտրոնների (դատացենտրների) եւ այլ զարգացումների պատճառով, որոնք անխուսափելիորեն մեծացնում են էլեկտրաէներգիայի պահանջարկը։
Եթե Հայաստանը ցանկանում է ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն մասնակցել տարածաշրջանային ծրագրերին, ապա պետք է ապահովի շարունակական զարգացում, իսկ այդ կայունությունը հնարավոր է ապահովել բացառապես ատոմային էներգետիկայի միջոցով։ Էներգիայի որեւէ այլ տեսակ չի կարող ապահովել նման կայունություն։ Դա հասկացել են նաեւ ամբողջ աշխարհում, եւ սա միայն հայկական մոտեցում չէ։
Եվրամիության բազմաթիվ երկրներ, որոնք ժամանակին հրաժարվել էին ատոմային էներգետիկայից, այսօր վերանայում են իրենց դիրքորոշումը։ Նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի մասին դուք հիշատակեցիք, մարտին Փարիզում կայացած ատոմային էներգետիկայի համաժողովում բացահայտ հայտարարեց, որ եվրոպական երկրների կողմից ատոմային էներգետիկայից հրաժարվելը ճակատագրական սխալ էր։
Գերմանիայի օրինակը եւս խոսուն է։ Ես, ունենալով նաեւ Գերմանիայում դասավանդման փորձ, կարող եմ ասել, որ այնտեղ մասնագիտական շրջանակներում բացեիբաց ընդունում են՝ դա մեծ, անգամ ճակատագրական սխալ էր։ Այսօր, երբ արեւային կամ հողմային էներգիան բավարար չէ, Գերմանիան ստիպված է Ֆրանսիայից ներմուծել այն էլեկտրաէներգիան, որն արտադրվում է ֆրանսիական ատոմակայաններում։
Միեւնույն ժամանակ, Գերմանիան ժամանակին ցուցադրաբար ապամոնտաժեց եւ նույնիսկ պայթեցրեց իր ատոմակայանների հովացման աշտարակները, ինչի հետեւանքով գրեթե անհնար է վերականգնել նախկին հզորությունները։ Այո՛, հնարավոր է կառուցել մոդուլային ռեակտորներ, սակայն դրանք արդարացված են այն դեպքերում, երբ երկիրը չունի կամ հրաժարվել է ավանդական՝ կոնվենցիոնալ հզորություններից։ Իսկ եթե ունես գործող խոշոր հզորություններ, անթույլատրելի է դրանք փոխարինել ավելի փոքր հզորությամբ տարբերակներով։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ»
— Վերջին շրջանում ակտիվ քննարկվում են նաեւ այդ փոքր մոդուլային ատոմակայանները։ Հայաստանի համար դա կարո՞ղ է լինել լուծում։
— Մոդուլային տեխնոլոգիան, ընդհանուր առմամբ, լավ լուծում է։ Դրանք ստեղծվել են, առաջին հերթին, այն երկրների համար, որոնք դեռեւս մեծ ատոմային ընտանիքի անդամ չեն, ինչպես նաեւ բիզնես նպատակներով, որովհետեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ մյուս առաջատար երկրները, բնականաբար, պատրաստվում են իրենց տեխնոլոգիաները վաճառել։
Բացի այդ, խոշոր տարածք ունեցող երկրներում կան շրջաններ, որտեղ ենթակառուցվածքները զարգացած չեն, եւ շատ ավելի նպատակահարմար է տեղակայել մոդուլային կայան, քան կառուցել հարյուրավոր կիլոմետրերի էլեկտրահաղորդման գծեր կամ գազատարներ։ Նախկինում նման վայրերում կիրառվում էին դիզելային գեներատորներ, սակայն դրանց արդյունավետությունը չի կարող համեմատվել միջուկային էներգետիկայի հետ։
Ռուսաստանը, օրինակ, իր լողացող մոդուլային կայանը շահագործում է Հեռավոր Արեւելքի Պեւեկ բնակավայրում, որտեղ այն ապահովում է քաղաքի էլեկտրամատակարարման մի մասը։ Չինաստանը կիրառում է համակցված տարբերակ՝ խոշոր ատոմակայանի եւ մոդուլային կայանների համադրությամբ։ Նույն մոտեցումը կիրառվելու է նաեւ Ուզբեկստանում։
Ուզում եմ հատկապես նշել Ուզբեկստանի օրինակը։ Այդ երկիրը նախկինում ատոմային էներգետիկա չի ունեցել, սակայն որոշել է ոչ միայն մոդուլային կայաններ կառուցել, այլեւ զուգահեռ կառուցել 1200 մեգավատ հզորությամբ ավանդական բլոկ։ Իսկ, օրինակ, Ղրղզստանն ընտրել է միայն մոդուլային տարբերակը՝ հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները։ Ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ՝ ես չէի ցանկանա, որ էներգետիկ զարգացման առումով Հայաստանը գնա այն ճանապարհով, որն ընտրել է Ղրղզստանը։ Էներգետիկ ներուժով Հայաստանը շատ ավելի առաջատար դիրքում է։
— Այսօր հաճախ քննարկվում է նաեւ այն հարցը, թե Հայաստանը փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, սակայն կարող է հայտնվել այլ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Եվրոպայի ազդեցության ներքո։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։
— Այստեղ կախվածության կամ անկախության հարցը պետք է ճիշտ հասկանալ։ Եթե մենք չունենք սեփական նավթ, գազ կամ միջուկային վառելիք, բնականաբար, դրանք պետք է ներմուծենք որեւէ երկրից։ Դա պարզ իրողություն է։
Խնդիրը բոլորովին այլ է։ Նախ պետք է ապահովենք մատակարարումների անընդհատությունը։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, թե որն է մեր ազգային էներգետիկ անվտանգության երկարաժամկետ շահը։ Այսօր որեւէ որոշում կարող է ճիշտ թվալ, բայց ատոմային էներգետիկայի դեպքում խոսքը նվազագույնը 60 տարվա, իսկ հաճախ՝ մեկ դարի ծրագրավորման մասին է։
Ցավոք, ռազմավարական նման մտածողություն միշտ չէ, որ առկա է պլանավորման գործընթացներում։ Սակայն անհրաժեշտ է երկարաժամկետ պլանավորում, որովհետեւ այն ծրագրերը, որոնց մասին խոսում ենք, մեկ-երեք տարվա համար չեն, այլ` տասնամյակների։
Եթե այսօր լուծում ենք միայն ընթացիկ խնդիրը, բայց դրա արդյունքում ստեղծում ենք երկարաժամկետ նոր խնդիրներ, ապա դա չի կարող համարվել իրական լուծում։ Հենց սա է մեր՝ էներգետիկ ոլորտի մասնագետներիս հիմնական մտահոգությունը։
Այդ պատճառով ես առանձնացրի հատկապես ատոմային էներգետիկան, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում այն այլընտրանք չունի։ Մեր մասնագիտական շրջանակը համոզված է, որ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 600 մեգավատ հզորությամբ նոր ատոմային կայան, իսկ ներկայիս զարգացումների պայմաններում նույնիսկ այդ հզորությունը կարող է բավարար չլինել։
Այսօր չկա որեւէ իրատեսական լուծում, որը միայն մոդուլային տեխնոլոգիաներով մոտ ապագայում կապահովի նման հզորություն։ Գուցե 10 կամ 20 տարի հետո տեխնոլոգիաներն այնքան զարգանան, որ հնարավոր լինի ապահովել ոչ միայն 600, այլեւ 6000 մեգավատ, սակայն մենք այդքան ժամանակ չունենք։
Որոշման շարունակական հետաձգումը լուծում չէ։ Ամենայն հավանականությամբ, այս կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանը պետք է կայացնի ռազմավարական նշանակության որոշում, որը պետք է հիմնված լինի ազգային էներգետիկ անվտանգության, անհրաժեշտ հզորությունների եւ ճիշտ տեխնոլոգիական մոդելի ընտրության վրա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

