․․․Ներսես Աշտարակեցին արժանացավ Հայրենիքի երախտագիտությանը և ձեռք բերեց ամբողջ ժողովրդի անսահման սերը
Վերլուծություն«Վերջին պարսկական արշավանքի ժամանակ (19.07.1826–10.02.1828) Ռուսական կայսրության կառավարությանը մատուցած ծառայությունների համար Ներսես Աշտարակեցին արժանացավ Հայրենիքի երախտագիտությանը և ձեռք բերեց ամբողջ ժողովրդի անսահման սերը»
«Կավկազ» («Кавказ») թերթի հետքերով (№ 1, 1846 թ. հունվարի 5, Թիֆլիս)
ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ
««Կավկազ»-ը Կովկասում առաջին ռուսական թերթն է, հրատարակվում է Թիֆլիսում. հիմնադրվել է 1846 թվականին փոխարքա Վորոնցովի նախաձեռնությամբ: 1846-ից մինչև 1849 թ. լույս է տեսել ամեն շաբաթ, 1850-ից մինչև 1876 թ.՝ շաբաթը երկու անգամ, 1877-ից՝ ամեն օր: Սկզբնապես «Կավկազ»-ը հրատարակվել է Կովկասի փոխարքայի գրասենյակին կից և մինչև ներկայիս ժամանակները գոյատևում է կառավարական սուբսիդիայով»։
«Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան» (Սանկտ Պետերբուրգ, 1890–1907):
«Կավկազ» թերթը սկսել է լույս տեսնել 1846 թ. հունվարի 5-ին Թիֆլիսում (1936-ից՝ Թբիլիսի). 1846-ից մինչև 1847 թ. հրատարակվել է երկու լեզվով՝ ռուսերենով և հայերենով: «Կավկազ»-ը վայելում էր կառավարության աջակցությունը՝ հռչակված լինելով որպես քաղաքական-գրական մարմին, «նախատեսված երկրամասում օգտակար տեղեկությունների և ժամանակակից նորությունների տարածման, ինչպես նաև ռուսաստանցիներին Կովկասյան երկրամասում բնակվող ցեղերի կյանքի առանձնահատկություններին, բարքերին ու սովորույթներին ծանոթացնելու համար»: 1850 թ. թերթը դարձավ Կովկասի փոխարքայի կառավարման գրասենյակի սեփականությունը: 1917-ին «Կավկազ»-ը դադարեց գոյություն ունենալուց:
«Կավկազ»-ի առաջին իսկ համարում հրապարկվել է «Ամենայն հայոց հայրապետ և կաթողիկոս Ներսեսը» ակնարկը։ Նրանում ասվում է. «Վերջին պարսկական արշավանքի ժամանակ (19.07.1826 - 10.02.1828 – Մ. և Հ. Մ.) կառավարությանը (Ռուսական կայսրությանը – Մ. և Հ. Մ.) մատուցած ծառայությունների համար, որոնցով Ներսեսը վաղուց արդեն վաստակել է քահանայապետի կոչումը, արժանացավ Հայրենիքի երախտագիտությանը և, ինչը իհարկե ամենաթանկն է նրա սրտին, շահեց ողջ ժողովրդի անսահման սերը»։
Ակնարկ «Ամենայն Հայոց Հայրապետ և Կաթողիկոս Ներսեսը» («Կավկազ» թերթ, «Կովկասի ներքին լուրեր» խորագիր, Թիֆլիս, № 1, 01.05.1846):
Դեռևս երկու տարի առաջ հայ ժողովուրդը, որը պատգամավորներ ուղարկեց Ռուսաստանից, Թուրքիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից, և բարձրագույն հոգևորականությունը Էջմիածնի վանքի պատերի ներսում որպես Ամենայն Հայոց Ծայրագույն Հայրապետ (պատրիարք) և Կաթողիկոս ընտրեցին Բեսարաբիայի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսին։ Այդ ընտրությունն այնքան միահամուռ էր, որ կարելի է ասել, որ Էջմիածնի տաճարի կամարները արձագանքի պես կրկնում էին Ներսեսի անունը, որը միաձայն կերպով արտաբերվում էր ամբողջ ժողովրդի շուրթերով։
Այլ կերպ չէր էլ կարող լինել, և միաձայն ընտրության այս իսկապես հազվագյուտ օրինակը թեկուզ մի փոքր չի զարմացնում նրանց, ում հայտնի են Նորին Սրբություն Հայրապետի մտքի ու սրտի բարձր որակները, նրա հայրական հոգատարությունը հոտի բարօրության և հոգևորականության լուսավորության նկատմամբ։
Հեղինակների պարզաբանումներն ու լրացումները
Վ. Ա. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը առանձին ակնարկներում, դրվագներում, լեգենդներում և կենսագրություններում» աշխատությունից (հ. 3, Պարսկական պատերազմը 1826–1828, թողարկում 1, 1886).
«1831-ին Եփրեմի մահից հետո Կաթողիկոսի գահը զբաղեցրեց Հովհաննեսը, բայց երբ 1842 թվականին նա մահացավ, Ներսեսը միաձայն ընտրվեց Կաթողիկոս, մինչդեռ մյուս թեկնածուն՝ Երուսաղեմի պատրիարք Զաքարը, քսանվեց ձայներից իր օգտին ստացավ միայն տասնյոթը։ Երկու թեկնածուներն էլ ներկայացվել էին Ցարի հաստատմանը։ Կայսրը (Նիկոլայ I-ը – Մ. և Հ. Մ.) հաստատեց Ներսեսին՝ «որպես այն անձին, որին և՛ ներկա, և՛ բացակա բոլոր ընտրողները նշել էին միաբանորեն և միաձայն»:
* * *
Ներսեսը՝ աշխարհիկ անունը Թորոս Շահազիզյան-Կամսարական, Աստծո լույս աշխարհ է եկել 1770 թվականի փետրվարի 13-ին Աշտարակ գյուղում, Հարություն երեցի ընտանիքում։
Ութ տարեկանից Թորոսը սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել իր ուժեղ բնավորությամբ, հնարամտությամբ, աշխատասիրությամբ և զարմանալի հիշողությամբ։ 1791-ին երիտասարդ պատանին իր կնքահոր՝ Գալուստ արքեպիսկոպոսի կողմից ձեռնադրվել է սարկավագ՝ ստանալով Ներսես հոգևոր անունը։
Վ. Ա. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը առանձին ակնարկներում, դրվագներում, լեգենդներում և կենսագրություններում» աշխատությունից (հ. 3, Պարսկական պատերազմը 1826–1828, թողարկում 1, 1886).
«Պատանեկան տարիներից Ներսեսն իրեն նվիրեց վանական կյանքին և, ամենուրեք ուղեկցելով իրեն հովանավորող Դանիել արքեպիսկոպոսին, ձեռք բերեց այն փորձը, այն գիտելիքները մարդկանց, կյանքի ու հանգամանքների վերաբերյալ, որոնք հետագայում այդքան պետք եկան նրան։ Վարդապետի աստիճանով 1799 թվականին նա Դանիելի հետ եղավ Կոստանդնուպոլսում, ճանաչեց Թուրքիայի մայրաքաղաքի ամենանշանավոր հայերին, տեսավ այնտեղի աքսորված պատրիարք Հովհաննեսի անկումը և նրա փոխարեն Դանիելի գահ բարձրանալը, ապա՝ տասը ամիս անց՝ Դանիելի գահընկեցությունը, որի հետ ինքն էլ հայտնվեց Թիֆլիսի աքսորում։ Այդ ժամանակ վախճանվեց Էջմիածնի հայրապետ Հովսեփ Երկայնաբազուկը, և Դանիելը նրա փոխարեն հռչակվեց Հայաստանի կաթողիկոս։ Նա և Ներսեսը շտապեցին Էջմիածին, բայց ճանապարհին՝ Բայազետում, նրանք իմացան, որ Էջմիածնում իրեն արդեն կաթողիկոս է հռչակել Դավիթը և հաստատվել է այս աստիճանի մեջ թե՛ սուլթանի, թե՛ շահի կողմից, իբր թե հանգուցյալ հայրապետի կտակի համաձայն, որը, սակայն, պարզվեց, որ կեղծ էր...»։
1794-ի սեպտեմբերի 24-ին Զմյուռնիայում Դանիել արքեպիսկոպոսը (հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոսը) Ներսեսին ձեռնադրեց վանական երեց (քահանա)։ Այդ ժամանակ էլ որպես հայրապետական լիազոր՝ ուղարկվեց Հունաստան, Մոլդավիա, Վալախիա (Ռումինիայում), իսկ 1799–1807 թթ. Թիֆլիս, Օդեսա, Բեսարաբիա և Նոր-Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով):
1799 թվականին Կոստանդնուպոլսում վանական երեց Ներսեսը ստացավ վարդապետության բոլոր աստիճանները և նշանակվեց հայրապետական փոխանորդ (տեղապահ)։ Լինելով ռուսական կողմնորոշման ջերմ կողմնակից՝ նա մեծ ջանքեր գործադրեց Հայաստանը խաների և բեկերի ծանր ճնշումից ազատագրելու և այն Ռուսաստանին միացնելու համար։ Սկսած 1800-ական թվականների սկզբից՝ նա ակտիվ ազգային-հայրենասիրական գործունեություն ծավալեց՝ ուղղափառ Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական ուժերի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու համար։ 1804 թվականին նա ակտիվորեն օգնում էր ռուսական կայսերական զորքերին Էրիվանի (Երևան) դեմ առաջին արշավանքի ժամանակ։
1807 թվականին Ներսեսը նշանակվեց Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդի փոխանորդ, սակայն 1808-ին հետ կանչվեց Էջմիածին և ստացավ Սուրբ Աթոռի հայրապետական գործերի կառավարչի պաշտոնը։ Նույն թվականի հունիսի 21-ին Դանիել Ա Սուրմարեցի կաթողիկոսի (1807–1808) կողմից նա եպիսկոպոս ձեռնադրվեց՝ միաժամանակ ստանալով արքեպիսկոպոսի աստիճանը։ 1814 թվականին քահանայապետ Ներսեսը գլխավորեց Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմը։
Հայկական աշխարհազոր և թշնամուն դիմադրություն կազմակերպելու, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու և Պարսկաստանից 40,000 հայերի Ռուսաստան վերաբնակեցնելու գործում իսկապես մեծ էր Ներսես արքեպիսկոպոսի դերը: 1826-ի հուլիսին նա դիմեց հայ ժողովրդին պարսկական զորքերի դեմ պայքարելու կոչով: Նա հիշեցրեց իր հայրենակիցներին այն մասին, որ Ռուսաստանը «պարզել է իր հզոր աջը... հայ ժողովրդի հանգստության ու բարօրության համար», որ Ռուսաստանը նախկինում էլ հարկ եղած դեպքում պաշտպանել է հայերին, և դա առավել ևս հիմա կանի, երբ ճանաչվել է «ամբողջ աշխարհի առաջ որպես մեր ազգի պաշտպան ու հովանավոր...»:
1826-ի հուլիսի 16-ին Աբբաս Միրզայի գլխավորությամբ 60,000-անոց պարսկական զորքը, խախտելով 1813 թվականի Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը, հանկարծակի ներխուժեց Ղարաբաղի տարածք: Ռուսները կարողացան նրանց հակառակադրել ընդամենը մոտ 7,000 հետևակի սվինավորների և ոչ ավելի, քան 3,000 կանոնավոր հեծելազորի ու կազակների: Սկսվեցին դաժան մարտեր. 48 օր շարունակվեց Շուշիի ամրոցի հերոսական պաշտպանությունը: Հուսահատվելով ամրոցը չգրավելուց՝ Աբբաս Միրզան իր ուժերն ուղղեց դեպի Ելիզավետպոլ:
Իր ուղերձներում և դիմումներում քահանայապետ Ներսեսը կոչ էր անում հայ ժողովրդին ցուցաբերել ամեն հնարավոր աջակցություն ռուսական բանակին և պահպանել ավանդական հավատարմությունը Ռուսաստանին։ Նա իրավացիորեն համարում էր, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է «պահպանել մտքի զգոնությունը, քրիստոնեական հավատքի և հարազատ հայ ազգի փառքը՝ ցանկալի հանգրվանի հասնելու համար»։ Այնուհետև քահանայապետը ձևավորում է հայկական կամավորական գունդ ռուսական բանակի կազմում։
Ներսես արքեպիսկոպոսը անձամբ է մասնակցել Երևանի, Էջմիածնի և Սարդարապատի ազատագրմանը։ Վերջինիս գրավումից հետո ռուսական զորքերը շարժվեցին դեպի Երևան, որի պաշտպանությունը ստանձնել էր Սարդարապատից փախած Հասան խանը՝ Երևանի սարդարի եղբայրը։ Խանի հրամանով Երևանի բերդ էին բռնի կերպով քշվել հազարավոր մարդիկ՝ առավելապես հայեր՝ քաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներ։ Այդ վճռական պահին արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին, որը մշտապես ռուսական բանակի շարքերում էր, ամեն կերպ ջանում էր աջակցել ռուսական զենքի հաղթանակին։
Վ. Ա. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը առանձին ակնարկներում, դրվագներում, լեգենդներում և կենսագրություններում» աշխատությունից (հ. 3, Պարսկական պատերազմը 1826–1828, թողարկում 1, 1886).
«Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ներսեսը Էջմիածնում էր՝ սրտի դողով հետևելով պատերազմի ահեղ հանկարծական փոփոխություններին. նա ականատես եղավ Աբբաս Միրզայի ներխուժմանը, որը սպառնում էր հենց Էջմիածնին, Աշտարակի ճակատամարտին, Երևանի ու Թավրիզի անկմանը և խաղաղության կնքմանը։ Հայրենիքի ազատագրման հանդեպ վստահության պահերից մեկում նա մխիթարություն գտավ հոր վերջին կտակը կատարելով։ Արքեպիսկոպոսի ծննդավայր Աշտարակ աղքատ գյուղից կես վերստ հեռավորության վրա գտնվում էր Շահազիզյան-Կամսարական ընտանիքի մեկուսացած գերեզմանոցը։ Այդ ժամանակ Ներսեսը բերեց գեներալ Կրասովսկուն և, ծնկաչոք, տաք արցունքներով, ընկավ հոր գերեզմանի վրա, որին երկար տարիներ չէր համարձակվում մոտենալ»։
Իշխան Եվդոկիմ Լաչինովի 1828 թվականի օրագրում կարդում ենք. «Դեկտեմբերի 29-ի առավոտյան Ներսեսն այցելում է հոր գերեզմանին։ Նրա հետ գալիս են գեներալ Կրասովսկին, սպաները, զինվորները, Աշտարակի հարուստները, հասարակ ժողովուրդը։ Ներսեսը խոնարհվում է հոր գերեզմանի վրա և ասում. «Հա՛յր, լսո՞ւմ ես, վերջապես հասել է այն ժամը, որի մասին երազում էր քո պայծառ հոգին։ Մեր ժողովուրդը կապրի, ռուսները ոտք են դրել մեր հողի վրա։ Բարձրացրո՛ւ գլուխդ, հա՛յր, նայի՛ր, թե ով է այստեղ կանգնած»։
Եվդոկիմ Եմելյանովիչ Լաչինովը (1799–1875) ռուս սպա, դեկաբրիստ, տեղանքագիր, ազգագրագետ և գրականագետ էր։ 1825 թվականին Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում դեկաբրիստների ապստամբության ճնշմանը շուտով հետևեց նրա մասնակիցների դատավարությունը։ Հինգ դեկաբրիստներ մահապատժի ենթարկվեցին, մնացածները, աստիճանազրկվելով զինվորի աստիճանի, աքսորվեցին Սիբիր։ Աքսորի մեկ այլ վայր դարձավ Կովկասը։ Կովկաս աքսորվածների թվում էր Եվդոկիմ Լաչինովը։ 1827 թվականի հունվարին Լաչինովը եկավ Թիֆլիս, նշանակվեց 20-րդ հետևակային դիվիզիայում և մասնակցեց ռուս-պարսկական պատերազմին։
* * *
Ներսես արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ 1824 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Ներսիսյան դպրոցը, որը մեծ դեր խաղաց հայ մշակույթի զարգացման գործում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեին հայ գիտությունն ու մշակույթը XIX–ХХ դարերում, եթե չլիներ Թիֆլիսի Ներսիսյան հայկական դպրոցը։
Դպրոց բացելու հետ արքեպիսկոպոսը տեղի հայ բնակչությանը աշխատանքով ապահովելու համար նախաձեռնեց ֆաբրիկաների և արհեստանոցների հիմնումը։ Նա ամեն կերպ նպաստում էր առևտրի զարգացմանը՝ խրախուսելով տեղի վաճառականներին։
1837-ին դպրոցը ստացավ թեմական դպրոցի՝ հոգևոր ճեմարանի (սեմինարիա) կարգավիճակ, որը հետագայում սկսեցին կոչել Ներսիսյան դպրոց։ Հայոց աշխարհի լավագույն մտածողներն են դասավանդել դպրոցում՝ Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մակար Եկմալյանը։ Այնտեղ են սովորել Հովհաննես Թումանյանը և նրա ուսուցիչը՝ Ղազարոս Աղայանը, Հայկ Բժշկյանը։ Առաջին սաներից էր Խաչատուր Աբովյանը՝ ժամանակակից հայ գրականության հիմնադիրը։
Հենց այստեղ՝ դպրոցում, բացվեց Թիֆլիսի առաջին տպարանը, որը գործեց հիմնադրման առաջին օրերից մինչև 1860 թ.: Այստեղ տպագրվում էին հրատարակություններ, որոնք նշանակալի դեր խաղացին հասարակության կյանքում՝ «Մեղու Հայաստանի», «Կովկաս» և այլն: Ընդհանուր առմամբ տպարանում հրատարակվել է մոտ 170 անուն թերթ ու ամսագիր: Այն ժամանակվա ամենանշանավոր շրջանավարտ Խաչատուր Աբովյանի խորհրդավոր անհետացումից հետո այստեղ հրատարակվեց նրա գլխավոր ստեղծագործությունը՝ «Վերք Հայաստանի. ողբ հայրենասիրի» վեպը:
1924 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում հանդիսավոր կերպով նշվեց Ներսիսյան ճեմարանի 100-ամյակը, իսկ տոնակատարությանը ճառով հանդես եկող Խորհրդային Միության լուսավորության ժողովրդական կոմիսար Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկին ասաց. «Ներսիսյան ճեմարանը մշակույթի մեծ օջախ է եղել հայ ժողովրդի համար, և այն արժանի տեղ ունի նրա հոգևոր մշակույթի պատմության մեջ»։ Նույն այդ 1924 թվականին խորհրդային իշխանությունները փակեցին այն։
«Թիֆլիսի Ներսիսյան հայկական հոգևոր ճեմարանը» (Թիֆլիսում Անդրկովկասյան երկաթուղու հետևում): Վերատեսուչ՝ Հովսեփ Մկրտչի Խունունց, Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Մխիթար եպիսկոպոս:
Հոգաբարձուներ՝ Ղազար Թադևոսի Տիգրանյան, Հովսեփ Հակոբի Ամիրխանյան, Հովհաննես Սերգեյի Իգիթյան, Նիկոլայ Ալեքսանդրի Կաչկաչյանց, Գաբրիել Գերասիմի Ղաֆիև, Սահակ Դանիելի Լիսիցյան, Ալեքսանդր Արտեմի Պապովյան, Ռուբեն Աբգարի Իոննեսյան, Համբարձում Սերգեյի Մելիքյան, Գարեգին Գեորգիի Գարդիշյանց, Ավետիք Հովհաննեսի Սահակյանց, Միխայիլ Եգորի Մուչայանց։
Ուսուցիչներ՝ Մանուկ Խաչատուրի Աբեղյան, Սեդրակ Կարապետի Ավետյանց, Պավել Գաբրիելի Հովվյանց, քահանաներ՝ Խորեն Հովսեփի Խուցյանց, Արշակ Թաթևոսի Մինասյանց, Մամբրե Վարդանի Մաշենջյանց, Սպիրիդոն Ավետիսի Մելիքյանց, Իսահակ Ղազարի Հարությունյանց, Ալեքսանդր Մկրտչի Միրզայանց, Հակոբ Ալեքսեյի Էլիբեկյանց, Սեմյոն Գերասիմի Շխյանց, Ստեփան Գրիգորի Քանանակյանց. Արշակ Ջամալովի Հարությունյանց, Պետրոս Արկադիի Տիգրանյանց, Գուրգեն Տեր-Մեսրոպի Էդիլյանց, Միսակ Թովմասի Խոստիկյանց, Տիգրան Հովհաննեսի Մուշեղյանց, Տիգրան Կարապետի Մարգարյան, Արշակ Տոնյանց, ինչպես նաև Սաթենիկ Սարգսյանց և Ելիզավետա Ազվազյանց։
Վերակացուներ՝ Հովսեփ Վասիլի Աբազյանց, Սենեքերիմ Մկրտչի Տեր-Սահակյանց, Միքայել Մկրտչի Աստվածատուրյանց, Արամ Տեր-Անդրեասյանց։
Բժիշկ՝ Տիգրան Գեորգիի Խարազյանց։
Գրադարանավար՝ Աստղիկ Լորենյանց։
«Մենք ականատես եղանք Հայրապետական աթոռին Ներսեսի ընտրվելու առաջին լուրը ստանալիս Անդրկովկասի հայերի կենսուրախ ցնծությանը, որոնց հովիվն էր նա եղել 14 տարի։ Որոնց վրա, ավելի շատ, քան մյուսների, հորդեցին նրա հոգատարությունն ու բարերարությունները, և հետևաբար, անկասկած, նրանց է պատկանում իրենց Էջմիածնի Աթոռի առաջին զավակները համարելու պատիվը։
Այդ ժամանակվանից սկսած՝ Անդրկովկասի հայերը անհամբերությունից այրվում էին իրենց հոգևոր հորը տեսնելու համար, որից բաժանվել էին 1828 թվականից ի վեր. նրանք ուրիշ ցանկություն չունեին, բացի նրա օրհնությանը կրկին արժանանալուց։ Սակայն Նախախնամությանը ցանկալի էր հետաձգել այդ ուրախալի օրը։ 1843 թվականի կեսերին Նորին Սրբություն Հայրապետը բարեհաճեց մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ Օգոստոսափառ Կայսրից անձամբ ընդունելու համար հայրապետական աստիճանի վերաբերյալ հրովարտակը և այնտեղ Տերն այցելեց նրան երկարատև ու ծանր հիվանդությամբ։ Ժողովրդի սրտները լցված էին վշտով, և միայն Աստծո բարեգթության հանդեպ սուրբ հույսը թույլ չտվեց նրանց տրվել հուսահատության. այդ ժամանակ զավակներն արդեն աղոթում էին իրենց հոր և Տիրոջ համար, Տերը, լսելով նրանց աղոթքները, հրաշք բժշկությամբ վերադարձրեց նրանց իրենց սիրելի հովվին։ Սակայն առողջության դանդաղ վերականգնումը, վրա հասած ձմեռը և, վերջապես, Բեսարաբիայում երկարատև մնալը, որտեղ եկեղեցու գործերը պահանջում էին Նորին Սրբություն Հայրապետի անձնական ներկայությունը, դանդաղեցրին նրա գալը այս երկրամաս։ Մինչ այդ, այն ժամանակ, երբ ժողովուրդը, որ անհամբերությամբ սպասում էր հանդիպմանը, որը համարում էր անդառնալիորեն կորած, Նորին Սրբությունը համեստորեն, բայց արագ և հաստատուն կերպով մեծ սխրանք կատարեց, որը կարող էր անել միայն ինքը՝ ունենալով ժողովրդի վրա իր անսահման ազդեցությունը. մենք այստեղ նկատի ունենք Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական աթոռի վերամիավորումը Էջմիածնի աթոռի հետ։ Թող շնորհակալությամբ հատուցեն նրան այն սերունդները, որոնց առաջ կբացահայտվեն այս սխրանքի բոլոր մանրամասները, և թող նրանք Ներսեսի անունը գրեն Հայաստանի մեծ հայրապետների շարքում...»։
«1917 թվականի կովկասյան օրացույց» (Թիֆլիս, 1916 թ.)
Հեղինակների պարզաբանումներն ու լրացումները
«1846 թվականի կովկասյան օրացույց» (Թիֆլիս, 1845):
«Հայ Գրիգորյանական եկեղեցի։ Ծայրագույն հայրապետ, Հայկյան ժողովրդի կաթողիկոս Ներսես։
Էջմիածնի Սինոդ։ Նախագահող՝ Ծայրագույն հայրապետ։ Անդամներ՝ նախագահի պաշտոնակատար՝ Ղուկաս արքեպիսկոպոս, արքեպիսկոպոս Ստեփան Արարատյան, վարդապետ Սահակ Սաթունյանց, վարդապետ Հակոբ Տեր-Մարկարով, վարդապետ Փիլիպոս Արամյանց, վարդապետ Ավետիք Ծաղիկյանց։ Գանձապահի պաշտոնակատար՝ երեց վանական Աբել Մխիթարյանց։ Քարտուղարի պաշտոնում՝ Մարտին Մելքոնի Գուլկանով։
- Վրացական թեմ։ Թեմի առաջնորդ՝ Կարապետ արքեպիսկոպոս։
Հոգևոր վարչություններ
Ախալցխայի՝ փոխանորդ եպիսկոպոս Գևորգ Տեր-Դավիդով։
Ելիզավետպոլի՝ փոխանորդ վարդապետ Վարդան Օձնեցի։
Գորիի՝ փոխանորդ Հարություն վարդապետ ։
- Երևանի թեմ։ Թեմական առաջնորդ՝ արքեպիսկոպոս Ստեփան Արղության։
Հոգևոր վարչություններ
Ալեքսանդրապոլի՝ փոխանորդ եպիսկոպոս Նիկողոս Տեր-Մարուքով։
Նախիջևանի՝ փոխանորդ վարդապետ Թադևոս Քյարիմ Սուլթանով։
Տաթևի՝ փոխանորդ եպիսկոպոս Սիմեոն։
III. Ղարաբաղի թեմ։ Թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բաղդասար Ջալալով։
Շեքիի (պատմական Նուխիի) հոգևոր վարչություն։ Փոխանորդ վարդապետ Սարգիս Տեր-Ավակով։
- Շիրվանի թեմ։ Թեմի կառավարիչ՝ արքեպիսկոպոս Մաթևոս Տեր-Ավետիսյան։
Հայ Գրիգորյանական եկեղեցու գլխավոր կառավարումը և գերագույն վերահսկողությունը նրա հոգևորականության և դավանանքի կանոնների ու ծեսերի ճշտորեն կատարման նկատմամբ վերապահված էին «Էջմիածնի Հայրապետին՝ որպես հայկյան ժողովրդի ծայրագույն Կաթողիկոսի»։ Սա Հայ Գրիգորյանական եկեղեցու առաջնորդի պաշտոնական տիտղոսն էր։ Ռուսական օրենսդրության մեջ կիրառվում էր այն սկզբունքը, որի համաձայն «Էջմիածնի Ծայրագույն Հայրապետը ընտրվում էր Հայ Գրիգորյանական դավանանքի ողջ հայկյան ժողովրդի կողմից՝ սահմանված կարգով, անկախ ժողովրդի առանձին անդամների բնակության վայրից»։ «Հայկյան ժողովուրդ» է կոչվել հայերի նախահայր Հայկ Նահապետի անունով։
Թեմական առաջնորդ Կարապետը (Հովհաննես Բագրատունի, 1779–1856, Ախալցխա) ծնվել է արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ունուտ գյուղում։ 1801 թ. ձեռնադրվել է վարդապետ՝ ստանալով Կարապետ անունը, իսկ 1811 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս, շուտով ստացել է նաև արքեպիսկոպոսի աստիճանը։
1837 թվականի հունվարին Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես VIII Կարբեցին արքեպիսկոպոս Կարապետին նշանակեց նորաստեղծ Վրաց-Իմերեթական հայկական թեմի առաջնորդ։ Այս պաշտոնում նա մնաց մինչև իր կյանքի վերջը։ 1853-ի աշնանը, երբ սկսվեց Ղրիմի պատերազմը, և թուրքերը ընդհուպ մոտեցան Ախալցխային, քաղաքի պաշտպանների առաջին շարքերում ճերմակած մազերով Կարապետ արքեպիսկոպոսն էր։
1829–1830 թթ. նա Կարինից (Էրզրում) և շրջակա գյուղերից կազմակերպեց մոտ 50,000 հայերի արտագաղթը Ախալքալաքի, Ախալցխայի, Ծալկայի, Լոռու Փամբակի շրջաններ: Գաղթականների հետ միաժամանակ նա Կարինի և շրջակա եկեղեցիներից տեղափոխեց նաև ամբողջ եկեղեցական սպասքը, եկեղեցական գրքերն ու ձեռագրերը, որոնց թվում՝ իր հնությամբ հայտնի «Ծուղրութի Ավետարանը» (974): Իր բազում ծառայությունների համար 1838 թվականին Կարապետ արքեպիսկոպոսը պարգևատրվեց Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշանով: Իր 20 տարվա առաջնորդական պաշտոնավարման ընթացքում նա կառուցեց մոտ 60 եկեղեցի, ինչպես նաև բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնց թվում հիշատակության են արժանի «Նոր Կարապետ» ուսումնարանը Ախալցխայում և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան տղաների գիմնազիան Ախալքալաքում: Արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունին վախճանվեց 1856 թվականին և թաղվեց Ախալցխայի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում:
«1845 թվականի դեկտեմբերի 10-ի մոտերքը այստեղ առաջին լուրը ստացվեց, որ մինչև ամսի 8-ը սպասում են Նորին Սրբությանը Ստավրոպոլում։ Ժողովուրդը, որը չգիտեր, թե որքան ժամանակ Հայրապետը կմնա այդ քաղաքում, և որը ենթադրում էր, որ Նորին Սրբությունը կբարեհաճի այցելել նաև Մոզդոկ, չէր սպասում նրա գալուն ամսի 20-ից շուտ։ Սակայն, հուրախություն բոլորի, 17-ի առավոտյան կայծակի պես լուր տարածվեց ամսի 16-ի գիշերը նրա բարեհաջող կերպով Ապանուր հասնելու մասին։
Մի ակնթարթում կրպակները փակվեցին, տները թողնվեցին թույլ ծերերի և անչափահասների հսկողությանը, և բոլորը, ովքեր ուժ ունեին, վազեցին, իսկ պատվավորներից շատերը ձիերով ընդառաջ գնացին իրենց հոգևոր հորը։ Այնպես որ շուտով ամբողջ տարածքը՝ սկսած Հայկական Մայր տաճարից ամբողջ քաղաքով մեկ, Վերա արվարձանից մինչև Դիղոմի դաշտը և այնուհետև մինչև Մցխեթ, լի էր երկու սեռերի մարդկանցով, իսկ փողոցներում, որոնցով պետք է անցներ Հայրապետը, տների պատուհանները, պատշգամբները և տանիքները լցված էին խայտաբղետ ամբոխով։ Յուրաքանչյուրի դեմքին պայծառ ուրախություն էր և դրա հետ մեկտեղ՝ անհամբերությամբ սպասում։
18-ի առավոտյան Դուշեթիում (քաղաք Մցխեթից ոչ հեռու – Մ. և Հ. Մ.) Նորին Սրբություն Հայրապետին դիմավորեց վրացա-իմերեթական թեմական առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսը երկու եպիսկոպոսների և նույն թվով վարդապետների, ավագ երեցների և երեցների հետ, և, իրեն վստահված թեմի բարեկեցիկ վիճակի մասին զեկույց ներկայացնելով, ուղեկցեց Նորին Սրբությանը մինչև Վերա արվարձանը, որտեղ պատրաստել էին հայրապետական գավազանը, խաչվառը և կառքը, և որտեղ, հին սովորության համաձայն, սպասում էին ոտքով կառքն ուղեկցող արագավազ անձինք՝ գայիսոններով, և ձիավարներ՝ երկու հարուստ զարդարված ձիերով, ուսերին ոսկեզօծ թամքատակեր (чепрак) (այս սովորույթը, հավանաբար, մնացել է հին ժամանակներից, երբ թուրք սուլթաններն ու պարսից շահերը, Հայրապետի Էջմիածնի աթոռին բարձրանալու ժամանակ նրանց հարուստ զարդարված ձիեր էին ուղարկում»:
Հեղինակների պարզաբանումներն ու լրացումները
Թիֆլիսում Նորին Սրբությանը դիմավորեց Հյուսիսային Դաղստանի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, իշխան Վասիլի Իոսիֆովիչ Բեբութովը: 1830 թ. փետրվարի 13-ին հայկական ծագումով իշխանը նշանակվեց Ռուսական կայսրության նոր կազմավորված Հայկական մարզի նահանգապետ՝ Երևան մայրաքաղաքով և ղեկավարեց այն ութ տարի:
Օրհնություններ տեղալով ժողովրդի վրա, որն ագահորեն համբուրում էր նրա ձեռքերը, Ներսես V Հայրապետը բարեհաճեց նստել հայրապետական կառքը և շարունակել ճանապարհը դեպի քաղաք՝ երկու վարդապետների ուղեկցությամբ, որոնցից մեկը տանում էր գավազանը, իսկ մյուսը խաչվառը. երթի առջևում ձիավարները վարում էին զարդարված ձիերին, իսկ երկու արագավազ ուղեկցորդները գնում էին կառքի երկու կողմից։
«Վերայի արվարձանում Նորին Կայսերական Մեծության արքայահամհարզ (ֆլիգել-ադյուտանտ), գնդապետ կոմս Բենկենդորֆը և փոխարքայի որդին Նորին Գերազանցության անունից շնորհավորեցին Հայրապետին բարեհաջող ժամանման առթիվ։ Ցերեկվա ժամը 4-ին (18.12.1845 թ. - Մ. և Հ. Մ.) նա բարեհաճեց ժամանել քաղաքամուտք (ուղեկալ), որտեղ նրան դիմավորեց նահանգապետ, գեներալ-մայոր Ժերեբցովը, և նրան ողջունեցին բոլոր հայկական եկեղեցիների զանգերի ղողանջները։
Ալեքսանդրովյան հրապարակում Նորին Սրբությանը, կառքից դուրս գալիս, դիմավորեց հոգևորականությունը՝ լրիվ հանդերձավորությամբ և խաչվառներով, և ընդունեցին նրան հայրապետական ամպհովանու ներքո, որի տակ նա բարեհաճեց շարունակել իր երթը դեպի Մայր տաճար նույն կարգով, և, բացի այդ, վարդապետներից մեկը նրա առջևից տանում էր Օգոստոսափառ Կայսրի նվիրած կանաչ թավշյա թղթապանակով հրովարտակը։
Դժվար է նկարագրել ժողովրդի այն կենսուրախ ցնծությունը, որով հետևում էին իրենց հովվին ամբողջ թափորի ընթացքում, և այն անհամբեր ցանկությունը, որով ամեն ոք ծարավի էր վայելել՝ մոտիկից տեսնելով իր հոգևոր հորը և արժանանալ նրա օրհնությանը, համարելով իրեն բախտավոր, եթե հասցներ թեկուզ դիպչել նրա հագուստին։
Վանքի դարպասներից մինչև տաճարի հյուսիսային մուտքը և եկեղեցու ներսը մինչև խորան տանող ամբողջ ճանապարհը ծածկված էր գորգերով։ Նորին Սրբությունը բարեհաճեց մտնել եկեղեցի՝ այս առիթին համապատասխան երգչախմբի հոգևոր հիմնի երգեցողության ներքո, և ողջունելով սուրբ եկեղեցուն՝ Հայրապետը զբաղեցրեց տաճարի կենտրոնում պատրաստված հայրապետական գահը։
Այդ ժամանակ Բարձր սրբազնություն Կարապետ արքեպիսկոպոսը արտասանեց վեհ մտքերով մի գեղեցիկ ճառ, որում, օրհնելով Արքաների արքային, որն արժանացրել էր հայերին այս ուրախ օրը, խնդրեց Նրանից երկար կյանք ու առողջություն Տեր կայսեր համար, որը Սուրբ Եկեղեցու արժանի առաջնորդ էր շնորհել։
Նորին Սրբությունը դիմեց իր հոտին նույնպես սրտաշարժ խոսքով, որում արտահայտելով իր հոգևոր զավակների հետ հանդիպման սրտառուչ ուրախությունը՝ եզրափակեց այն հետևյալ խոսքերով. «Շատ տարիներ առաջ, խոսելով ձեզ հետ, զավակնե՛րս, և ապավինելով Տիրոջ ողորմածությանը, ես կանխագուշակեցի. «Կլինի և կկատարվի»։ Իսկ հիմա հոգևոր բավականությամբ կարող եմ ասել. «Եղավ և կատարվեց»։ Միապետը, որը անխոնջ հոգ է տանում մեր բարօրության համար, այժմ ձեզ շնորհել է ոչ թե ժամանակավոր առաջնորդ, այլ իր փոխանորդին՝ հայր, խնամակալ և բարերար։ Հիմա դուք երջանիկ եք՝ ունենալով այս ամենը՝ ի դեմս իշխան Վորոնցովի։ Բայց ձեր երջանկությունը կատարյալ կլինի միայն այն ժամանակ, երբ ձեր ընդհանուր աղոթքները հասնեն Բարձրյալի Աթոռին, և երկարի մեզ համար թանկ նրա կյանքի թելը»։
Եկեղեցուց Հայրապետի դուրս գալուց հետո հոգևորականությունը նույն կարգով ուղեկցեց Նորին Սրբությանը մինչև վանքի պարսպից ներս նրա հանգստի համար պատրաստված սենյակը, որտեղ նրան հետևեցին քաղաքից դուրս նրան դիմավորած բոլոր պատվավոր անձինք...
Իշխան Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովը և իշխանուհին բարեհաճեցին այցելել Սուրբ Հայրապետին նրա ժամանելու հաջորդ օրը»։
Մ. Լ.
Հեղինակների պարզաբանումներն ու լրացումները
Ծայրագույն Հայրապետ Ներսեսը Թիֆլիսում եղավ միայն 1845 թվականի դեկտեմբերին, քանի որ մնացել էր Պետերբուրգում գրեթե երկու տարի տևած ծանր հիվանդության պատճառով։
Վ. Ա. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը առանձին ակնարկներում, դրվագներում, լեգենդներում և կենսագրություններում» աշխատությունից (հ. 3, Պարսկական պատերազմը 1826–1828, թողարկում 1, 1886).
«Ճակատագիրը, սակայն, ցանկացավ, որ Ներսեսը Հայաստան վերադառնա որպես Կաթողիկոս և տասներկու տարվա գործունեությամբ վկայի իր խոր հավատարմությունը Ռուսաստանի իսկական շահերին։ Այս արդյունքի համար նա շատ բանով պարտական է այն ժամանակվա ամենանշանավոր պետական գործիչներից մեկին՝ իշխան Վորոնցովին, որը, հնարավորություն ունենալով մոտիկից ճանաչելու Ներսեսին Նովոռոսիյսկի երկրամասում իր նահանգապետության ժամանակ, լիովին արդարացրեց նրան ցարի աչքում»։
* * *
«Կովկասի փոխարքա, Պետական խորհրդի անդամ։ Գեներալ-համհարզ, հետևակի գեներալ։ Կովկասյան կորպուսի ջոկի գլխավոր հրամանատար։ Կասպյան ռազմական նավատորմի հրամանատար։ Նովոսիբիրսկի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ, իշխան Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով»։ Պարգևատրվել է ադամանդներով զարդարված Սուրբ Անդրեաս Առաջնակոչի (Նախակոչի, орден Св. Андрея Первозванного), ալմաստներով զարդարված Սուրբ Ալեքսանդր Նևսկու, Մեծ նահատակ և անպարտելի Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի մեծ խաչի, 1-ին աստիճանի Սուրբ Վլադիմիրի, ադամանդներով զարդարված 1-ին աստիճանի Սուրբ Աննայի ռուսական շքանշաններով»։
«1846 թվականի Կովկասյան օրացույց» (Թիֆլիս, 1845)
1803 թ. Պ. Դ. Ցիցիանովի հրամանատարությամբ ռուսական բանակի Պրեոբրաժենսկի գնդի լեյբգվարդիայում տեղի ունեցավ ապագա Հայրապետ Ներսեսի հանդիպումը ապագա ամենապայծառափայլ իշխան Մ. Ս. Վորոնցովի հետ։ Ռազմական արշավանքների ժամանակ Վորոնցովին վիճակված էր ապրել Ներսեսի հետ նույն վրանում։ Կյանքի փորձով իմաստնացած վարդապետի շփումը երիտասարդ սպայի հետ սկիզբ ծառայեց գրեթե կես դար տևած բարեկամական հարաբերությունների համար։
1843 թվականին Նիկոլայ I-ը Ներսեսին հաստատեց որպես Ամենայն Հայոց Ծայրագույն Հայրապետի, իսկ 1844 թվականին Վորոնցովը նշանակվեց Կովկասի փոխարքա։ 1845 թվականին նրանք հանդիպեցին Թիֆլիսում, միմյանց հյուր էին գնում, երկար զրուցում, միասին ճաշում։
Մ. Ս. Վորոնցովը ճանապարհորդության ընթացքում ուղեկցում էր ցարի որդուն, և 1850 թվականի հոկտեմբերի 6-ին նրանք եղան Էջմիածնում, որտեղ մասնակցեցին պատարագին: Կովկասի փոխարքա իշխան Մ. Ս. Վորոնցովի հետ հանդիպումը Էջմիածնում վերջինն էր Հայրապետ Ներսես V Աշտարակեցու կենդանության օրոք:
* * *
1857 թվականի հունվարին, Ազատարար կայսր Ալեքսանդր II-ի բարձրագույն շնորհագրով Ներսես V կաթողիկոսին «միսիոներական (քարոզչական) գործում ակնառու վաստակի, հոգևոր և բարոյական դաստիարակության, ինչպես նաև Աստծուն, ցարին և հայրենիքին երկարամյա ծառայության համար» շնորհվեց Սուրբ Անդրեաս Առաջնակոչ առաքյալի շքանշանը։
Նույն 1857 թվականի փետրվարին արքայահամհարզ, գնդապետ, իշխան Վլադիմիր Իվանովիչ Բարյատինսկին (1817–1875), որին վստահված էր հանձնել կայսերական բարձրագույն պարգևը, ժամանեց Թիֆլիս: Պաշտոնական հանդիպումը նշանակված էր փետրվարի 12-ին: Սակայն Ներսես V Աշտարակեցին նշանակված օրը չներկայացավ: Հաջորդ առավոտյան նրան մահացած գտան իր գրասեղանի մոտ՝ գրիչը ձեռքին:
Փետրվարի 27-ին Ամենայն հայոց 121-րդ կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին հողին հանձնվեց Էջմիածնի Սուրբ տաճարի բակում՝ Դանիել կաթողիկոսի գերեզմանի կողքին։
Սուրբ Անդրեաս Առաջնակոչի շքանշանը, որը ռուսական առաջին շքանշանն է, հիմնադրել է Պետրոս Առաջինը 1698 թվականին, շնորհվել է և՛ ռազմական սխրագործությունների, և՛ քաղաքացիական գերազանց ծառայության համար։ 1699-ից մինչև 1917 թվականը Սուրբ Անդրեաս Առաջնակոչի շքանշանով պարգևատրվել է ավելի քան 1000 մարդ։ Նրանց թվում էին երեք հայ կաթողիկոսներ՝ Եփրեմ Ա Ձորագեղցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկը)։
200 տարի առաջ՝ 1826 թվականի հուլիսի 19-ին, սկսվեց ռուս-պարսկական ճակատագրական պատերազմը։ Պարսկական գավառների հայերը ցնծությամբ դիմավորեցին ռուսական զորքերին՝ որպես իրենց փրկարարների։
1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը, որն ընդհատումներով տևեց ինը տարի՝ մինչև 1813 թվականը, երբ կնքվեց Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանը անցան Աբխազիայի, Մինգրելիայի, Քարթլիի, Կախեթիի, Իմերեթիայի, Գուրիայի և Դաղստանի հողերը, ինչպես նաև Պարսկական ենթակայության խանությունները՝ Դերբենդի, Բաքվի, Գյանջայի, Շեքիի, Շիրվանի, Ղարաբաղի և Թալիշի մի մասի։ Հետագայում պարսիկները մի քանի անգամ խախտեցին Գյուլիստանի պայմանագիրը, սակայն Երևանի խանությունը այդ տարիներին այնուամենայնիվ մնաց Պարսկաստանի տիրապետության տակ։
1827 թ. հոկտեմբերի 1-ին Ռուսական կայսերական բանակի զորքերը տեղի հայ բնակչության գրեթե միահամուռ և աներկյուղ աջակցությամբ գրավեցին Էրիվանի (Երևանի) ամրոցը։
Վ. Ա. Պոտտոյի «Կովկասյան պատերազմը առանձին ակնարկներում, դրվագներում, լեգենդներում և կենսագրություններում» աշխատությունից (հ. 3, Պարսկական պատերազմը 1826–1828, թողարկում 1, 1886).
XVII. Էջմիածնի գրավումը
Էջմիածինը՝ Հայոց Հայրապետության նստավայրը, քրիստոնեության հնագույն վանքերից մեկն է։ Այն ավելի քան մեկուկես հազար տարեկան է, և նրանով արդարացիորեն հպարտանում է հայ ժողովուրդը, որը վաղուց արդեն կորցրել է իր անկախությունը և հերթով ընկել Ասիայով անցնող նվաճողների տիրապետության տակ, սակայն խնամքով պահպանել են իրենց հայրերի հավատքը։ Այսպիսով, եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի ճակատագրում՝ թափանցելով նրանց կյանքի բոլոր դրսևորումներում. նրա ինքնուրույնության և ուժի մեջ են հայերի ավելի լավ ապագայի բոլոր հույսերը...
Էջմիածնի՝ Հայաստանի այդ կենսական զարկերակին տիրապետելը, հետևաբար, ռուսների ձեռքն էր դնում այն ուժը, որով կարելի էր կառավարել հայերի ժողովրդական զանգվածներին և նրանց մեջ պատրաստել հուսալի ու հավատարիմ դաշնակցի։ Հարկավոր էր միայն մի մարդ, որը կենդանի, բոցավառ խոսքով կկարողանար արթնացնել դարավոր ճնշման տակ քնած ժողովրդական ուժերին։ Այդպիսի մարդ էր նկարագրված դարաշրջանում իր ժամանակակիցների մտքերի վրա անհերքելի ազդեցություն ունեցող հայ արքեպիսկոպոս Ներսեսը՝ հետագայում Հայաստանի Ծայրագույն Հայրապետն ու Կաթողիկոսը։
Ներսեսի անհատականությունը բավականին ուշագրավ է։ Պարսկական պատերազմի ժամանակ նա արդեն վաթսունվեց տարեկան էր, սակայն տարիները չէին սառեցրել սրբազանի եռանդն ու աշխուժությունը, որը պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել, միայն թե տեսներ հայրենիքի ազատագրումը։ Պասկևիչը խնդրեց նրան ուղեկցել իր ջոկատին ընդհուպ Էջմիածին, որտեղ միահյուսվում էին նրա երկար կյանքի բոլոր պայծառ հիշողությունները, որտեղ նա ստացել էր իր կրթությունը, կուսակրոն վանական էր ձեռնադրվել և հասարակ վանականից դեռևս նախորդ հարյուրամյակի վերջին բարձրացել էր մինչև արքեպիսկոպոսի աստիճանի։
Ներսեսի ներկայությունը ռուսական զորքերի մեջ ոգեշնչեց հայ ժողովրդին, նրա մեջ հայրենասիրության զգացում ներարկեց մինչև հերոսության և անձնազոհության սխրանքները, որոնց վրա զարմանում էր նույնիսկ թշնամին...
«Սկսեց շողալ փրկության օրը,– ասաց պատվարժան արքեպիսկոպոս Ներսեսը՝ դիմելով Էջմիածնի վանականությանը,– և Հայաստանի դարավոր փառքը կրկին կենդանանում է երկրի վրա խաչի հովանու տակ, որի հետ մեզ մոտ են գալիս մեր ռուս եղբայրները: Նրանց առաջնորդի կանչող ձայնի մեջ մենք տեսնում ենք Աստծո պատվերը, որը տնօրինում է թագավորությունների և ժողովուրդների ճակատագրերը...»:
Ներսեսը զգեստավորվեց եպիսկոպոսական հագուստով և ծնկաչոք ջերմեռանդորեն ու կրակոտ աղոթեց հայրենիքի փրկության, Ռուսաստանի հզոր հովանու ներքո նրան երկար ու երջանիկ օրեր շնորհելու համար. աղոթում էր, որ հայ ժողովուրդը «արժանի լինի իր գոյությանը և մեռելներից հարությանը»...
Աղոթքներից հետո զորքերը հանդիսավոր երթով անցան և ապրիլի 13-ին՝ կեսօրվա ժամը մեկին, գրավեցին Էջմիածնի վանքը...
XXVIII. Աշտարակի ճակատամարտը
Էջմիածնի դարպասների առաջ Կրասովսկին կանգնեցրեց առաջ շարժվող զորքին, որպեսզի ժամանակ տա ամբողջ ջոկատին կենտրոնանալու մի տեղ։ Զինվորներն այնքան ուժասպառ էին, որ կիսամեռ ընկան վանքի պարիսպների ստվերի տակ, և երբ վերկացի զարկ հնչեց, հինգ եգերներ (հրաձգային հատուկ գնդերի զինվոր), որոնք ամենևին վիրավոր չէին, ոչ էլ կոնտուզիայի ենթարկված, պարզվեց, որ մահացել էին ուժասպառությունից։ Կրասովսկին վանք մտցրեց միայն իր ջոկատի թույլ մնացորդներին՝ այդ սարսափելի օրը կորցնելով իր ամբողջ տրանսպորտը, քսանչորս սպայի և հազար հարյուր երեսուն ցածրաստիճան զինվորականների. կորուստը հսկայական էր՝ հաշվի առնելով, որ ամբողջ ջոկատի թվաքանակը հազիվ էր գերազանցում երկու հազարը։
Էջմիածինը նույնպես ամբողջ ճակատամարտի ընթացքում սարսափելի կասկածի պահեր ապրեց։ Վանքի աբեղաներից մեկը՝ Հայր Հովսեփը, նստած էր զանգակատանը և սարսափով էր դիտում, թե ինչպես են երկու հազար ռուս զինվորներ կռվում՝ շրջապատված Աբբաս Միրզայի երեսունհազարանոց բանակով։ Ամբողջ վանքը աղոթում էր։ Ներսես արքեպիսկոպոսը, հագած իր տոնական հանդերձանքը, բոլոր հոգևորականների հետ աստվածային պատարագ մատուցեց։ Ամբողջ ճակատամարտի ընթացքում նա բարձր պարզել էր Քրիստոսի արյամբ թաթախված սուրբ գեղարդը և ծնկի իջած ու արցունքն աչքերին հաղթանակ էր աղերսում բարեպաշտ ռուսական բանակին։ «Դա սրտաշարժ տեսարան էր,– ասում է ականատեսներից մեկը,– ոչ միայն ամբողջ ժողովուրդն ու զինվորները, այլև հիվանդներն ու վիրավորները սողալով մոտենում էին վանքի եկեղեցուն և աղոթում»...
Բայց ահա թնդանոթների որոտը աստիճանաբար մարեց, և ռուսական բանակի մնացորդները հայտնվեցին Էջմիածնի առաջ։ Վանքը բացեց դարպասները և դիմավորեց նրանց աղոթքի երգեցողությամբ և զանգերի ղողանջով՝ որպես իրենց փրկարարների։ Ներսես արքեպիսկոպոսը դիմեց նրանց ողջույնի խոսքով. «Մի բուռ ռուս եղբայրներ,– ասաց նա,– հասան մեզ՝ ճեղքելով թշնամիների երեսունհազարանոց կատաղած բանակը։ Այս մի բուռը անմահ փառք է վաստակել իր համար, և գեներալ Կրասովսկու անունը հավերժ կմնա Էջմիածնի անմոռանալի տարեգրություններում»...
- Հայաստանի վերածնունդը
Եվ երբ սկսվեց 1826 թվականի պարսկական պատերազմը, պարսկական նահանգների հայերը ուրախությամբ դիմավորեցին ռուսական զորքերին՝ որպես իրենց փրկարարների: Այդ ժամանակ հայ ժողովրդի ձգտումների արտահայտիչը և նրանց առաջնորդը Ներսես արքեպիսկոպոսն էր՝ բարձր աստիճանի եռանդով լի մի անձնավորություն, որի ամբողջ կյանքը կարծես նախապատրաստված էր նրա ծանր սխրագործության համար...
Ներսեսը կրքոտ հայրենասեր էր, որին մանկուց այս ոգով դաստիարակել էր նրա հայրը:
Ավելի ուշ նա արցունքն աչքերին ասում էր, որ իր հանգուցյալ հոր վերջին կամքն այն էր, որ նա չայցելի իր գերեզմանը, մինչև չկատարվի հայերի բուռն ցանկությունը, և չվերածնվի մահմեդականների կողմից ճնշված սուրբ հավատքը։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր միայն այն հույսով, որ կգնա և կխոնարհվի հոր գերեզմանին ռուս հրամանատարի հետ։
Եվ երբ 1827 թվականի գարնանը Բենկենդորֆի գլխավորությամբ ռուսական առաջապահ զորքերը մտան Էրիվանի խանություն, նրանց թվում էր նաև Ներսեսը։ Նրա ներկայությունը քրիստոնյաներին ազատագրելու եկած զորքերի մեջ ոգեշնչեց հայ բնակչությանը…
Բնիկ հայկական հողերի ազատագրումը պարսկական տիրապետությունից չէր կարող արձագանք չգտնել պարսկական նահանգներում ապրող հայերի մեջ, չէր կարող նրանց մեջ հայրենասիրական զգացմունքներ և ազատության ձգտում չառաջացնել։ Եվ արդեն շուտով ռուսական զորքերի կողմից Թավրիզի գրավումից հետո հայերի պատվիրակություններ սկսեցին գալ Պասկևիչի մոտ՝ ռուսական եզերքում իրենց վերաբնակեցնելու խնդրանքով։ Սա լիովին համապատասխանում էր ռուսական կառավարության մտադրություններին…
Ներսեսը այս նպատակով պարսկական նահանգներ ուղարկեց արքեպիսկոպոս Ստեփանոսին և վարդապետ Նիկողայոսին։ Պասկևիչը այնտեղ ուղարկեց նաև Սանկտ Պետերբուրգից հրավիրված գնդապետ Լազարևին՝ վերաբնակեցման ողջ գործընթացը հատուկ ղեկավարելու համար...
Հայաստանի ազատագրման ամենանշանավոր երկու գործիչները առաջին գործիչներն էին նաև նրա խաղաղ կյանքի ասպարեզում՝ Կրասովսկին և Ներսեսը...
Սակայն շուտով, գրեթե հենց սկզբում, և՛ Կրասովսկու, և՛ Ներսեսի գործունեությունը պետք է դադարեցվեր Պասկևիչի հետ թյուրըմբռնումների հետևանքով...
Եվ Կրասովսկին, չնայած Պասկևիչին հաճոյանալու համար, Կովկասից հետ կանչվեց և զորացրվեց բանակից, այնուամենայնիվ, պարսկական պատերազմն ավարտելու համար ստացավ Սուրբ Աննայի 1-ին կարգի շքանշանի ադամանդե նշանը և ցարից միանվագ հարյուր հազար ռուբլի։
1828 թվականի ապրիլի 28-ին Կրասովսկին Երևանից մեկնեց Ռուսաստան...
Կովկասից Կրասովսկու մեկնելուց մի քանի ամիս էլ չէր անցել, երբ հերթը հասավ նաև Ներսես արքեպիսկոպոսին։
Սկզբում Ներսեսի աշխատանքը լիովին ընդունվում էր և գնահատվում նրա արժանիքներին համապատասխան, ինչին մեծապես նպաստում էր հայրապետի հանդեպ համակրանքը։ Պարսկական պատերազմի ավարտին, զառամյալ Եփրեմ կաթողիկոսին շնորհելով Ալեքսանդր Նևսկու շքանշանի ադամանդե նշանները՝ ցարը միաժամանակ նույն շքանշանը առանց զարդերի շնորհեց նաև Ներսեսին՝ հետևյալ ուշագրավ շնորհագրով։
«Վաղուց ի վեր,– գրել է ցար Նիկոլայ I-ը,– Դուք գերազանց նվիրվածություն եք ցուցաբերել Ռուսաստանին, և հատկապես պարսիկների դեմ ներկայիս պատերազմի ժամանակ, երբ Դուք գործուն մասնակցություն ստանձնեցիք մեր զորքերի հետ՝ վտանգի ենթարկելով նույնիսկ Ձեր անձը... Ի նշան այսքան կարևոր ծառայությունների և ողջ հայ ժողովրդի նկատմամբ իմ հատուկ բարեհաճության՝ ես Ձեզ առաջադրում եմ Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանին»...
Ցարին ուղղված իր նամակում Պասկևիչը գրում է. «Ես մեծ դժվարութունների մեջ եմ հայտնվել։ Քաղաքականությունն արգելում է ինձ նրան լիովին հեռացնել գործերից, բայց եթե նրան թողնենք մնա իր ողջ ազդեցությամբ, ապա վանքի հավակնությունները անվերջ կլինեն, և գանձարանը կզրկվի այն բոլոր եկամուտներից, որոնք կարող է ունենալ»։
Ցարը որոշեց հետ կանչել Ներսեսին։ Հենց այդ ժամանակ վախճանվել էր Բեսարաբիայում և նրան հարակից շրջաններում ապրող հայերի արքեպիսկոպոսը։ Հունիսի 4-ին նա արդեն դուրս եկավ Էջմիածնից դեպի իր նոր նստավայրը՝ Քիշինև։
Ներսեսի մեկելը խորապես վշտացրեց հայերին և Եփրեմ Հայրապետին։ Ցարին ուղղված 1828 թվականի հոկտեմբերի 18-ի նամակում Եփրեմը գրում է Ներսեսի ծառայությունների, այն մասին, թե ինքն անձամբ որքան է պարտական այս արժանավոր արքեպիսկոպոսին և խնդրում է նրան Էջմիածին վերադարձնել, որպեսզի դեռ իր կենդանության օրոք նրան հանձնի հայրապետական կառավարման ղեկը։ Հասկանալի է, թե ինչ տհաճությամբ ընդունեց Պասկևիչը այս միջնորդությունը։ Նա գրեց օտարերկրյա դավանանքների հոգևոր գործերի գլխավոր կառավարիչ Բլուդովին ծերունու մտավոր ուժերի թուլացման, Ներսեսի կողմնակիցների անպատկառության աստիճանի մասին և վերջում ասում էր, որ Ներսեսի նշանակումը որպես Ամենայն Հայոց Ծայրագույն Կաթողիկոսի՝ չպետք է թույլ տրվի Ռուսաստանի օգուտի և երկրամասի հանգստության համար...
Այնուամենայնիվ, ՝ Ներսեսին Էջմիածին տեղափոխելու վերաբերյալ Եփրեմի միջնորդությունը մերժվեց...
Նյութը պատրաստել են Մարինա և Համլետ Միրզոյանները
Լուսանկարում՝
Հակոբ Մկրտչի Հովնաթանյան (1806–1881). «Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դիմանկարը», 1850, կտավ, յուղաներկ, 39,5 x 31,0 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
Եփրեմ Ա Ձորագեղցի (1748–1835), Ամենայն հայոց կաթողիկոս (1809–1830): Անհայտ նկարիչ (Մինաս Տուֆլիկո՞վ): «Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը», թուղթ, ջրաներկ, 33.0 x 23.5 սմ: Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
Սուրբ Էջմիածին, XX դարի սկիզբ
Աֆանասի Իվանովիչ Կրասովսկի (1781–1843), ականավոր ռուս զորապետ, 20-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար (1826 թ. հոկտեմբերի 19-ից), Առանձին կովկասյան կորպուսի շտաբի պետ (01.04 .1827-17.06.1827)
Գեներալ-համհարզ Աֆանասի Իվանովիչ Կրասովսկի։ Գամպելեպի գծանկարից, վիմագիր՝ Բարտոլդի
Անհայտ նկարիչ. «Կոմս Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի դիմանկարը», 1850-ականներ, կտավ, յուղաներկ, 122 х 92,5 սմ
Վասիլի Ալեքսանդրովիչ Պոտտո (1836–1911), ռուս ռազմական գործիչ, Կովկասի պատմաբան և տարեգիր, հեծելազորի գեներալ (հետմահու)
Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչ (1782–1856), ռուս զորահրամանատար, գեներալ-համհարզ (1824-ից), զորքերի հրամանատար ռուս-պարսկական պատերազմում (1826–1828)
Աբբաս Միրզա (1789–1833), Պարսկաստանի (Իրան) պետական և ռազմական գործիչ, 1816-ից՝ գահի ժառանգորդ
Լազար Եկիմովիչ Լազարև (1797–1871), գնդապետ (1826): Պարսկաստանից Ռուսաստանի սահմաններից ներս 40,000 հայերի վերաբնակեցման կազմակերպիչներից մեկը
Ցար Նիկոլայ I (1796–1855), համայն Ռուսիայի կայսր 1825–1855 թթ.

