Իրանը «Թրամփի ուղի» չի հանդուրժելու. Արտավազդ Բաղումյան

Միջազգային

«Իրավունք»-ի զրուցակիցն է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգությամբ հայ նախկին պատգամավոր ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ։ Հիշեցնենք՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո՝ նա մի քանի գումարում անընդմեջ ընտրվել է Իրանի խորհրդարանի Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր։ 1984 թվականից շարունակել է պատգամավորական գործունեությունը՝ անդամակցելով խորհրդարանական տարբեր հանձնաժողովների։ Մեջլիսի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ գումարումներում աշխատել է նավթի հանձնաժողովում, մասնակցել միջազգային խորհրդարանական եւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության նիստերին։ Իրան-Իրաք պատերազմի տարիներին, իրանահայության հավաքած օգնությունը հասցրել է ռազմաճակատ։ Խորհրդային Միության փլուզումից հետո առանցքային դեր է ունեցել Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում։

— Երեւանում Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում օրերս տեղի ունեցավ Իրանի հոգեւոր նահատակ առաջնորդի հիշատակին եւ նրա անցած ճանապարհին նվիրված արարողություն, որտեղ Դուք եւս ելույթով հանդես եկաք: Ի՞նչ կասեք Ալի Խամենեիի ֆենոմենի մասին, որի նահատակությունն, ապա հրաժեշտի մեծամասշտաբային արարողությունը ցնցեց ամբողջ աշխարհը:

— Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում ես եղել եմ 16 տարի՝ 4 նստաշրջան, երկու հայազգի պատգամավորներից մեկը՝ ծառայելով Իրանին եւ իրանահայությանը։ Բախտ եմ ունեցել նահատակ Այաթոլլահ Խամենեիի հետ համագործակցության եւ իր յուրահատուկ ուշադրությանն ականատես լինել, որը յուրահատուկ աջակցություն եւ զորակցություն էր ցուցաբերում հայ համայնքին, հատկապես այն հայ ընտանիքներին, որոնք իրենց զավակներին էին նվիրել Իրանի տարածքային ամբողջականությանը՝ Իրան-Իրաք պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում։

Այաթոլլահ Խամենեին, որին Իրանի Իսլամական հանրապետությունը, տարածաշրջանի միլիոնավոր ժողովուրդները, կարելի է ասել նաեւ համաշխարհային մասշտաբով հրաժեշտ են տալիս եւ հարգանք են մատուցում իր հիշատակին, մեծ, հզոր առաջնորդ էր, Իրանի քաղաքակրթության ընթացքում ձեռք բերված բոլոր արժեքների պահապանն էր: Նա գուրգուրանքով էր վերաբերում պարսկերեն լեզվին, գրականությանը, երաժշտությանը: Ընդ որում՝ հատուկ շեշտ էր դնում երաժշտության վրա: Թյուր են այն կարծիքները, թե հոգեւորականները հեռու են երաժշտությունից: Այաթոլլահ Խամենեին յուրահատուկ ուշադրություն էր դարձնում այն երաժշտական արժեքներին, որը բխում էր մշակույթից եւ ազգային արժեքներից։ Նա հարգում էր անցյալը, կապում ներկային, այդ կապակցված շղթան ձգում էր դեպի ապագան, եւ կառուցում էր այն։ Առանց անցյալի՝ ներկա գոյություն չունի եւ առանց այդ երկուսի համախմբման՝ ապագա չի կարող ստեղծվել։ Իրանի հազարամյա մշակույթը, քաղաքակրթությունը եւ այն արժեքները, որոնք գոյություն ունեն, Այաթոլլահ Խամենեին շատ լավ էր տիրապետում, մանրամասն ուսումնասիրել էր:

— Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը հարեւան Իրանում՝ տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո:

— Իրանը կարողացավ հզոր, պաշտպանողական դիրք գրավել եւ պահպանել իր տարածքային ամբողջականությունը, քաղաքակրթությունը, որը ոչ միայն Իրանի ժողովրդինն է, այլ համաշխարհային նշանակություն ունի՝ իր հունով տանել դեպի ապագա, դեպի նոր, զարգացած Իրան:

Ինչպես ՀՀ-ում ԻԻՀ մեր հարգարժան դեսպանն է նշում, հայ-իրանական հազարամյակների ընթացքում ունեցած բարեկամական եւ սիրալիր հարաբերությունները կարող է նաեւ շարունակվել ապագայում։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում մեր երկու ժողովուրդներին: Այաթոլլահ Խամենեիի հոգուն էլ խաղաղություն: Իրանի ժողովուրդը եւ այն ժողովուրդները, որոնք հարգում եւ հավատացած են եղել Այաթոլլահ Խամենեիի ուղուն, թող բոլորը հաջողությամբ կառուցեն իրենց ապագան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն համաձայնել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ այն բանից հետո, երբ Թեհրանը խնդրել է շարունակել բանակցությունները: Իսկ ավելի վաղ նշել էր, որ այլեւս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդել էր, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլեւս ավարտվել է։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Փոխադարձ վստահություն ստեղծելու փոխարեն՝ նրանք միշտ փորձում են հակասություններ ստեղծել եւ իրագործել իրենց կայսերապաշտական ծրագրերը։ Էլ ի՞նչ նպատակով կարելի է գնալ բանակցությունների: Ինչպես ականատես եղաք, անգամ երջանկահիշատակ Այաթոլլահ Խամանեի նահատակության օրը բանակցություններ էին ընթանում։ Սա արդեն քանիերորդ փորձն է:

Ցավոք սրտի, այդ կայսերապաշտական մոտեցումները, որոնք նախկինում գաղութատիրական ձեւ ուներ, այսօր վերածվել են նոր գաղութատիրության, եւ դա արտացոլվում է նրանց շրթունքներից։ Ես ցավում եմ նաեւ Արեւմուտքի համար, որովհետեւ այն հին, համակարգված գաղութատիրական մեթոդները, որոնք ժամանակին կիրառվում էին տարբեր երկրների եւ ժողովուրդների նկատմամբ, այսօր պարզապես փոխել են իրենց ձեւը: Նրանք հավատարիմ չեն որեւէ սկզբունքի։ Կարող եմ ասել, որ այդ անվստահությունից հենց իրենք են տուժելու։

Իսկ Իրանի ժողովուրդը հազարամյակներ գոյատեւել է, առնվազն վերջին երկու-երեք հազար տարիների ընթացքում, բախվել է տարբեր ներխուժումների՝ ցեղային, պետական եւ այլ բնույթի, սակայն կարողացել է գոյատեւել, որովհետեւ ունի հարուստ մշակույթ եւ քաղաքակրթություն։ Ցավալի է, բայց խաղաղության անունով այդպես վարվել եւ այդպես մոտենալ չի՛ կարելի։

— Պարոն Բաղումյան, տարածաշրջանում նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։ Փաստորեն, դաս չեղա՞վ այն, որ աշխարհը տեսավ՝ Իրանի ժողովրդին հնարավոր չէ կոտրել։

— Դաս, անշուշտ, կլինի, որովհետեւ, ինչպես ականատես եղաք, Իրանում նախապատերազմական շրջանում եւ հիմա ձեւավորվել է բացառիկ համախմբում եւ արժանապատիվ համերաշխություն։ Նույնը տեսանք նաեւ Իրան-Իրաքյան ութամյա պատերազմի տարիներին, որը սկսվեց 1980-ականներին եւ տեւեց մինչեւ 1987-1988 թվականները։

Մի ակնարկ անեմ. երբ Իրանում հայտարարվեց կամավորների համախմբման կոչ՝ «Ջան ֆիդա» ֆիդայական շարժման շրջանակում, շուրջ 35 միլիոն մարդ կամավորագրվեց։ Եթե հաշվի առնենք, որ խոսքը 16-17 տարեկանից մինչեւ 70 եւ ավելի բարձր տարիքի այն քաղաքացիների մասին է, որոնք կարող էին զենք վերցնել կամ որեւէ կերպ մասնակցել երկրի պաշտպանությանը, ապա կարելի է ասել, որ ժողովրդի այդ հատվածի կեսից ավելին միացել էր «Ջան ֆիդա» շարժմանը։

Իրանը գոյատեւել է եւ հաղթահարելու է բոլոր դժվարությունները։

Իսկ Իրանը կհանդուրժի՞ իր սահմանների անմիջական հարեւանությամբ «Թրամփի ուղու» իրականացումը։

— Իրանը ղեկավարության տարբեր մակարդակներով հստակ հայտարարել է, որ դա չի հանդուրժելու։ Այդ հարցը պետք է լուծվի տարածաշրջանի՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ մյուս երկրների ժողովուրդների համագործակցության միջոցով: Սա է այսօրվա մոտեցումը։ Նրանք երբեք թույլ չեն տա, որ այդ ծրագրված սցենարն իրականացվի։

Իրանն ունի հստակ դիրքորոշում եւ չի հանդուրժելու որեւէ գերտերության կամ այլ ուժերի ներկայություն, որոնք այսօր թշնամական մոտեցում ունեն Իրանի ժողովրդի եւ Իրանի պետականության նկատմամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում