Տեղի ունեցածը «Տուշոնկա-2» էր. Սարգիս Արզումանյան. տեանյութ
ՏեսանյութերՀայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ լարված քննարկումների եւ հակասական գնահատականների կենտրոնում՝ ընտրությունների լեգիտիմությունից մինչեւ ընդդիմության դերակատարություն, խորհրդարան մուտք գործելու նպատակահարմարությունից մինչեւ իշխանության քայլերը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ։
«ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐՆ Է, ԻՆՉ 2021-ԻՆ. ՉԻ ՀԱՋՈՂԵԼՈՒ ՀԵՌԱՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
— Սարգիս, ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, որն այսօր կատարվում է քաղաքական դաշտում։
— Քաղաքական ուժերն իրենց անցուդարձով, իրենց նիստուկացով արդեն իսկ մեկնաբանում են, առհասարակ, այսօրվա քաղաքական վիճակը։ Ավելի կոնկրետ կցանկանամ անդրադառնալ այն քաղաքական ուժերին, որոնք դարձան իշխող ուժ, ինչպես նաեւ երկու քաղաքական ուժին, որոնք համաձայնեցին վերցնել մանդատները։ Բացենք փակագծերը, որովհետեւ ներկա քաղաքական իրավիճակն ընդունելի չէ ոչ մի ուժի կողմից: Սկսած իշխանության կողմից, վերջացրած մեկ տոկոս ձայն հավաքած ուժից բոլորն ասում են, որ ընտրությունները կեղծվել են: Այսինքն, պետք է չհամարել առհասարակ, որ հիմա մենք ունենք լեգիտիմ ընտրություններ։ Մենք չունենք լեգիտիմ ընտրություններ, ինչը փաստ է, որը փորձեցին յոթ քաղաքական ուժ` Սահմանադրական դատարան դիմելով արձանագրել։
— Այն կուսակցությունը, որի ցուցակով առաջադրվել էիք պատգամավորի թեկնածու եւս Սահմանադրական դատարան էր դիմել: Որքանո՞վ արդարացան սպասումները:
— Այո՛, ԴՕԿ կուսակցությունը եւս դիմել էր Սահմանադրական դատարան, բայց նաեւ մենք հայտարարել էինք, որ ոչ մի ակնկալիք, ամեն դեպքում, չունենք Սահմանադրական դատարանից: Դա ընդամենը գործիք էր, որից պետք էր օգտվել։ Եվս մեկ անգամ եկեք արձանագրենք, որ մենք ունենք այսօր քաղաքական դաշտում ոչ լեգիտիմ ընտրություններ: Անգամ ընդդիմությունն ու իշխանությունն էին այդպես համարում, սակայն Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից երկու օր անց՝ երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան»-ը եւ «Հայաստան» դաշինքը, իրենց համար ստեղծեցին նոր խաղի կանոններ՝ այդ վճիռն իրենց համար դարձնելով ընդունելի ու որոշեցին վերցնել մանդատները։
Եթե իրենց համար ընդունելի չէր այս ամենը, այսինքն՝ ընտրությունների արդյունքները, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք վերցնում այդ մանդատները։ Ասում են, որ դա իրենց տալիս է հնարավորություն այս իշխանությանը հեռացնելու եւ այլն, եւ այլն, բայց մենք կարող ենք փաստել մի հանգամանք, որ սրանից առաջ եւս կային քաղաքական ուժեր, որոնք կրկին նույն բանն էին ասում՝ եկեք մենք մնանք Ազգային ժողովում, որպեսզի կարողանանք հեռացնենք ՔՊ-ին։ Հիմա նույն սցենարն է գնում, բայց, ամեն դեպքում, չենք ունենալու մենք այդ արդյունքը, այսինքն` նրանց չի հաջողելու հեռացնել իշխանությանը:
«ՆԵՐՔԻՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ ՈՒՆԵՄ՝ ՍԱ ԼԱՎ ԷԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
— Ցավոք, ունենք դառը փորձ նախորդ հինգ տարիների, որի ընթացքում տեսել ենք, թե ինչպես են ընդդիիմության եւ իշխանության պատգամավորները մեկը մյուսին ծեծում, հայհոյում, շշեր շպրտում իրար վրա, բայց զուգահեռ ստանում պարգեւավճարներ, աշխատավարձեր, մեկնում են գործուղումների ու այդպես էլ բոլորեցին վերջին հինգ տարին: Մինչդեռ այդ ընթացքում մենք կորցրինք ամբողջական Արցախը, ունեցանք 150 հազար արցախցիների գաղթ, ունեցանք տնտեսական անկում: Իսկ հիմա կարո՞ղ են նույն ընդդիմադիրներն ինչ-որ բան փոխել:
— Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի բան չեն կարող փոխել: Եթե փոխելու հնարավորություն լիներ, գեթ մեկ շանս, դա կարվեր մինչեւ 2026 թվականը, որովհետեւ «Հայաստան» դաշինքը մինչեւ այս ընտրություններն էլ խորհրդարանում էր: Ինչո՞ւ չարեցին, որովհետեւ տարբերակ չկար: Հիմա խոսենք «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին. Նարեկ Կարապետյանը հայտարարում է, իբր իրենք գնում են խորհրդարան, որպեսզի հեռացնեն իշխանությանը: Ասում է, եթե մենք չգնանք, ո՞վ է այնտեղի «կնոպկան» սեղմելու, որ այս իշխանությունը հեռանա։ Պատկերացնո՞ւմ եք, Նարեկ Կարապետյանը նման հայտարարություն է արել: Այսինքն՝ ստացվում է, դուք գնում եք Ազգային ժողով, որ այնտեղ սեղմեք այդ «կնոպկան», որ իշխանությունը հեռանա՞։ Չէ որ մինչ այս ԱԺ-ում կային այդ «կնոպկա» սեղմողները, բա թող սեղմեին, որ այս իշխանությունը հեռանար։
Ինչու եմ կենտրոնանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վրա, որովհետեւ ձայների մեծամասնությամբ իրենք են ընդդիմադիր առաջին տեղում։ Ի՞նչ են ասում իրենք, ասում են՝ մենք կհավաքենք ժողովրդին, մեկ անգամ դուրս կգանք փողոց եւ կանենք իշխանափոխություն։ Հիմա հարց, այդ մեկ անգամվա համար ձեզ որքա՞ն մարդ է պետք լինելու: Մենք այս հինգ տարիների ընթացքում տեսել ենք, որ հրապարակները լցվել են բազմահազարանոց մարդկանցով: Եթե դուք գիտեք այդ մեթոդը, որ կարելի է մարդկանց թվով անել որոշակի գործողություններ եւ այս իշխանությանը հեռացնել, ինչո՞ւ այդ ժամանակ չեկաք, չկանգնեցիք մարդկանց կողքին ու չասացիք՝ ժողովուրդ ջան, մենք գիտենք այդ ձեւը, եկեք, այսօր անում ենք այս կամ այն քայլերի հերթականությունը եւ փոխում ենք իշխանությանը։ Այսինքն՝ սա եւս մեկ խաբուսիկ գործողության ձեւ է: Այս մարդիկ ուզում են կրկին հինգ տարի գլորել:
Ես ներքին համոզմունք ունեմ նաեւ, որ սա լավ էլ պայմանավորված է իշխանության հետ։ Եթե չլիներ պայմանավորվածություն, ապա նրանք կանեին ավելի վստահ եւ ռադիկալ քայլեր, որը կբերեր իշխանափոխության: «Ուժեղ Հայաստան»-ը նաեւ հայտարարում էր, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սամվել Կարապետյանն ինչո՞ւ վարչապետ չէ: Այսինքն՝ սրանք զուտ բառեր են, հայտարարություններ, որոնք վստահաբար ժողովրդի ականջը շոյելու եւ մանդատ վերցնելու համար էին: Այսօր իրենք հասան իրենց նպատակին ու վերցրին մանդատները։
— Եկեք փաստենք, որ ունեցանք բացառիկ ընտրություններ։ Քաղաքացիների բավական լուրջ զանգված մասնակցել է ընտրություններին։ Այսինքն՝ այն միտքը, որ ժողովուրդը, իսկապես, ցանկանում էր փոփոխություն, անհերքելի է...
— Բնականաբար։ Ժողովրդին բոլորը ասում էին, որ լինելու է փոփոխություն, իսկ մենք ի՞նչ տեսանք արդյունքում՝ ոչ մի բան չտեսանք՝ ո՛չ փոփոխություն տեսանք, ո՛չ` իշխանափոխություն: Բացի ընտրակեղծիքներից, ուրիշ ոչ մի բան էլ չտեսանք։ Այսինքն, նորից նույն բաները տեսանք, ինչ-որ 30 տարի տեսնում ենք: Ցավոք, մեր ժողովրդի կյանքում ոչ մի բան չփոխվեց։
Ստացվում է մենք ապագայում՝ հինգ տարիների ընթացքում, բարեկեցիկ բառից կարող ենք հրաժարվել: Այսինքն, ոչ մի բան մեր ժողովրդի համար դեպի դրական չի գնալու: Հակառակը՝ մենք ինչ-որ որ կորցրինք վերջին տարիներին՝ կրկնապատկվելու ու եռապատկվելու է, քանի ժողովուրդը հավատում է նման մարդկանց: Ցավալիորեն եմ ասում, բայց քանի դեռ ժողովուրդը այս ամենը չի տարբերակում՝ ճիշտ խոսքը սուտ խոսքից, քաղաքական գործիչներին, որոնք նույն մարդիկ են տարբեր դեմքերով, մնալու են նույն վիճակում, եւ դա լավագույն դեպքում:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՔԱՅԼԵՐՈՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԵՆՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ»
— Սարգիս, իսկ գուցե ժողովուրդն այլընտրանք չունե՞ր...
— Ժողովրդի այլընտրանքն արդյոք « Ուժեղ Հայաստա՞ ն»-ն էր, թե՞ «Հայաստան» դաշինքն էր։ Դա՞ էր ժողովրդի միակ տարբերակը։ Ասեմ, որ ես ԴՕԿ կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու էի, եւ մոտավորապես երկու տոկոս շեմը ԴՕԿ կուսակցությունը, ցավոք, չանցավ: Երկու տոկոսը ես պաշտոնական տվյալներով եմ ասում: Մենք, բնականաբար, համաձայն չենք այդ թվի հետ, որովհետեւ մեզնից գողացել են շատ ու շատ ձայներ։ Վերահաշվարկի արդյունքում մեր թվերը նորից պակասեցին, ու այդ թվերը, որոնք մեզանից պակասեցին, այդ ձայները գնացին ՔՊ-ին։ Պատկերացնո՞ւմ եք, վերահաշվարկի ընթացքում 819 ձայն մեզանից պակասեց եւ ավելացավ ՔՊ-ի կողմը։ Եվ սա դեռ պաշտոնական տվյալներով, իսկ ոչ պաշտոնականը, պատկերացրեք, ինչքան ձայներ կլինեն։ Շատ տարբեր մարզերում անգամ 15 համարի քվեաթերթիկը չի եղել դրված: Մենք գիտենք շատ անձանց, ովքեր գնացել են ու ընտրաթերթիկը չեն գտել, որպեսզի ընտրեն: Երբ սկսել են բողոքել, ստացել են պատասխան, թե՝ վա՜յ, վերջացել է: Այսինքն, ամեն ինչ արել են, որ չլինի 15 համարի քվեաթերթիկը։ Նմանատիպ շատ ու շատ խոչընդոտներ են եղել, որ ԴՕԿ կուսակցությունը անցողիկ շեմը չհաղթահարի:
— Օրեր առաջ տեսանք, թե ինչպես են 70 տարեկան մարդուն գցում գետնին՝ այն դեպքում, երբ նա անգամ չէր էլ դիմադրում: Խոսքս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է: Այնուհետ տանում են նրա կենդանիներին, որից մեկն անկում է: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ճիշտն ասած, ես չեմ զարմանում ու չեմ էլ հուզվում, որովհետեւ նման բան անողը կամ հրաման տվողը այսօրվա իշխանությունն է, որը 2020 թվականին նորմալ է համարել Արցախյան պատերազմը, հազարավոր տղաների մահը եւ այլն: Հիմա ինչի՞ մասին եք խոսում։ Այդքան մարդ զոհվեց, ոչ մի բան իր համար չփոխվեց կյանքում` որպես իշխանություն։ Այսօր մեկ առյուծ այս կողմ, այն կողմ, նրանց համար ի՞նչ տարբերություն: Եթե մարդկային արժեքն իրենց համար ոչ մի բան է, կենդանին ի՞նչ պիտի լինի։
Վերադառնալով Գագիկ Ծառուկյանին` ասեմ, որ նա նոր չէ, որ ունի այդ տարածքը, նոր չէ, որ ունի կենդանիներ, բիզնեսներ: Սա շատ վատ խաղ է հանրության համար: Ցանկանում են ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք օրենքի շրջանակներում որոշակի գործողություններ ենք անում: Կամ ինչ-որ որոշակի գործողություններ են կատարվում կուլիսներում, ինչ-որ բան ստորագրում են եւ նման շոուով փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել: Սա եւս մեկ անգամ անազնվության մասին է խոսում, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը, նորից եմ կրկնում՝ նոր չէ, որ այդպիսին է։ Եվ այս իշխանությունը նոր չէ, որ իշխանություն է: Ինչպես Դուք եք ասում՝ 70-տարեկան մարդուն գետնին տապալելը, նկարելն ու հանրայնացնելն իրենց կողմից ակնկալվում էր ժողովրդի կողմից «բրավո»-ների: Բայց արդյոք ստացան «բրավոն»։ Իրենց զանգվածի կողմից, բնականաբար, ստացան։
Եկեք հիշենք գեներալ Մանվել Գրիգորյանի տուշոնկաների պատմությունը: Սա նույն «տուշոնկա-2»-ն էր։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված սա երկրորդ դեպքն էր: Մեկ անգամ էլ է եղել նման բան: Նորից նկարահանել էին, նորից մեքենաներն էին ցույց տվել, կապոցներով փողերը եւ այլն։ Ուզում եմ ասել՝ մեկ անգամ արդեն տեսել էիք այդ ամենը, եթե խախտում կամ անօրինականություն կար, ինչո՞ւ էիք բաց թողել: Ինչո՞ւ նույն կենդանիներին չէին տարել Կենդանաբանական այգի, թե՞ չէին տեսել կամ չգիտեին...
Այս ամենը միանշանակ մտածելու առիթ է տալիս: Կրկնում եմ՝ ազնիվ չէ: Բնականաբար, այս մարդկանց հավատալ պետք չէ: Իրենք ամենօրյա քայլով ոչնչացնում են հենց իրենց: Եվ որքան էլ փորձեն հայտարարել, որ` ով գա քաղաքականապես կոչնչացնեն, իրենք ամեն օր իրենց գործով ոչնչացնում են սեփական ուժը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

