«Փաստ». Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած մեկ կուսակցության ու նրա միահեծան ղեկավարի քմահաճույքներն ու շահերը սպասարկող մարմինների, ավելի ճիշտ՝ «գործիքների»: Լինի դա պետական կառավարման համակարգը, լինեն իրավապահ մարմինները, քննչականը, թե դատական իշխանությունը:
Այդ շարքը համալրում է նաև կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհականը, հատկապես՝ Երևանի պետական համալսարանը: Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Հիմա տոտալ քպականացվում է: Ավելին, մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:
Որքան էլ ԵՊՀ-ն օրումեջ երկար-բարակ պարզաբանումներ հրապարակի, միևնույնն է, պարզ է, որ թե՛ աշխատանքային պայմանագրերի նշված դադարեցումները, թե՛ ամբիոնի հետ կապված տհաճ պատմությունը պայմանավորված են գերազանցապես քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ նշված դասախոսները կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեն, կա՛մ ակտիվ հրապարակային ելույթներ են ունենում, կա՛մ էլ, օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքում, զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, բարձրաձայնում են քաղաքական հալածանքների մասին:
Եվ ԵՊՀ ղեկավարությունն էլ, ըստ էության, չի ցանկանում «դուրս գալ» իշխող վարչախմբի «ուղեգծից»: Այսինքն, ԵՊՀ ղեկավարությունը բացահայտ ցուցադրում է իր «քաղաքականացվածությունը», ավելին՝ կոնկրետ «քպականացվածությունը»: Իսկ որ դրանից տուժելու է կրթության որակը, որ համալսարանից դուրս են մնում սիրված, պրոֆեսիոնալ դասախոսներ, ՔՊ-ի ու ԵՊՀ-ի ղեկավարության պետքը չէ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

