Եթե պարզվի՝ սահմանազատումն անցկացվում է 1970-ականներին կազմված քարտեզներով, ապա «անկլավների» խնդիրն առաջանալու է
Փաշինյանն ասում է. «Եթե մկրատը վերցնենք դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի Ջերմուկի հատվածը կկտրի, Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի»։ Ճի՞շտ է համեմատել ՀՀ սուվերեն տարածքները այսպես կոչված անկլավների հետ հարցին քարտեզագիր Շահեն Շահինյանը պատասխանում է.
–Եթե այսպես կոչված անկլավները ունեն իրավական հիմք ապա դրանք պետք է դիտարկվեն սահմանազատման ընդհանուր գործընթացի շրջանակում:
Ցավոք սրտի, ձևակերպումները միշտ նմանատիպ են, այսինքն՝ հստակ չեն: Սահմանազատման մասին հստակ հայտարարություն չկա, թե ի՛նչ սկզբունքներով են դրանք արվում: Անձամբ ես մի քանի անգամ գրություններ եմ ուղարկել, որոնցից ոչ մեկին հստակ պատասխան չի տրվել, մի մասն անպատասխան է մնացել, մի մասին էլ հստակ պատասխան չի տրվել, թե ի՛նչ իրավական հիմքով է դա սկսվել ու ինչ իրավական հիմքով է շարունակվելու: Եթե դիտարկենք Սահմանազատման վերաբերյալ վերջերս ստորագրված կանոնակարգը, ապա այնտեղ չկան ամրագրված հստակ սկզբունքներ:
Չունենալով հստակ իրավական հիմք, մենք չենք կարող ասել՝ «անկլավների» թեման այդ իրավական հիմքերից է ծագել, թե՞ այլ սկզբունք ունի: Եթե տեսականորեն դիտարկենք, որ սահմանազատումն արվելու է 1970-ականների քարտեզով, ապա «անկլավների» հարց առաջանում է, ու դա կարող է ունենալ մի քանի լուծում. նախ պետք է հստակ պարզվի, որ «անկլավների» ձևավորումն ունի իրավական հիմք, որովհետև մեր հետազոտությունների ընթացքում մենք արխիվներում իրավական հիմքեր չենք տեսել:
Եթե կան դրանց իրավական հիմքերը, ու այդ «անկլավների» ձևավորումներն ամբողջությամբ իրավական են, ապա հաջորդ քայլը արդեն պետք է լինի այդ խնդրի հետ կապված քննարկումը: Բազմաթիվ զարգացած երկրներում ձգտում են, որ եթե չեն խախտվում բնակչության իրավունքները, ապա փորձում են կատարել նմանատիպ տարածքների փոխանակումներ ու զերծ մնալ այդպիսի տարածքների առաջացումից: Դրանք շատ-շատ ռիսկեր են պարունակում, ու բազմաթիվ պետություններ այդ ռիսկերը նկատել են ու փորձել են դրանք լուծել:
Թե ի՛նչ լուծման կգնան մեր պարագայում, դեռևս պարզ չէ, համենայնդեպս, ադրբեջանական կողմի մոնիթորինգից պարզ է դառնում, որ իրենք պատրաստ չեն գնալ այնպիսի լուծումների, որ խնդիրը վերջնականապես չեզոքացնեն, այսինքն՝ կարող է լինել հավասարը հավասարին տարածքների փոխանակում: Բայց ադրբեջանցիներն ասում են, որ իրենք փոխանակելու ոչինչ չունեն, ու պահանջում են իրենց տարածքները:
Խնդիրը գալիս է ձևակերպումից՝ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք», որովհետև ՄԱԿ-ում 2022-2025-ի հատվածում հրապարակվեց Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանի տարածքի անկլավները նշված էին իբրև ադրբեջանական: Այսինքն՝ այդ «միջազգայնորեն ճանաչված» տերմինը շատ լղոզված, դիվանագիտական ձևակերպում է: Երբ մենք ասում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածք, Ադրբեջանն էլ ասում է, որ անկլավներն էլ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներն են, ու եթե Հայաստանը չվերադարձնի դրանք, իրենք էլ, ըստ էության, հրաժարվում են վերադարձնել Հայաստանի օկուպացված տարածքները:
Հայտնի է, որ «անկլավները» խորհրդային տարիների կազմած քարտեզներում հայտնվել են մոտավորապես 1950-60-ականներին, մինչ այդ եղած քարտեզներում «անկլավային տարածքներ» դեռևս չեն եղել: Եթե պարզվի, որ սահմանազատումն անցկացվում է, օրինակ՝ 1970-ականներին կազմված քարտեզներով, ապա տրամաբանորեն «անկլավների» խնդիրն առաջանալու է, որի մասին նախկինում խոսել ենք:

