Ի՞նչ գործ ունի մինչեւ հիմա իր զբաղեցրած աթոռի վրա․ ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն եւ սկզբունքներին, այս միասնական քայլով եւս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության եւ բարեկեցության», - ընդգծել է Սարգսյանն ու հավելել, որ շարունակելու են իրենց ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ ՀՀ հզորացման եւ մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում Սամվել Կարապետյանի հետ դաշինքավորված նորաթուխ քաղաքական ուժերն է՞լ են գտնում, որ «Ուժեղ Հայաստան»-ը շեղվել է ուղուց ու սկզբունքներից եւ լոկ մի քանի մանդատ ունենալու համար է «վիզ» դրել:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից տեւական ժամանակ հետո ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ վերջապես խոսեց: «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետեւ դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից», - նշել է նա եւ մի թեթեւ իր մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, տիկին Ռոզային եւ ընտանիքին: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ծառուկյանի հետ կապված ոչ մի քաղաքականություն էլ չկա արդեն, այլ առկա է մանր էակի, ում թուրքերը ռեժիմով ստորացնում են ու պատասխանի չեն արժանանում, վրեժխնդրություն եւ ցածրակարգ վարքագիծ... Նազի՛կ, 70 տարեկան մարդուն մի քանի երիտասարդով գետնին տապալելն ի՞նչ կապ ունի քաղաքականությոան հետ... Ավելի լավ է` լռեիր... Ի դեպ, դավաճան քայլիստների հետ իրականացվող ծրագրերդ լավ ընթանում են...»:
Միջազգային սկանդալների պակաս այս շաբաթ նույնպես չկա։ Ռուսական «Առաջին ալիք»-ի հրապարակած ձայնագրության համաձայն՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ՖԵՐԻԴՈՒՆ ՍԻՆԻՐԼԻՕՂԼՈՒՆ, կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ։ Եթե ձայնագրությունն իսկական է, խնդիրը պրանկը չէ, այլ` դրա բովանդակությունը։ Զրույցում քննարկվում են Հայ Առաքելական Եկեղեցուն, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Հայաստանի ներքին կյանքին առնչվող հարցեր, այդ թվում՝ կաթողիկոսի հնարավոր փոխելու թեման: Եթե այս խոսակցությունը համապատասխանում է իրականությանը, ապա լուրջ հարցեր են առաջանում. ինչո՞ւ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկում Հայաստանի ներքին քաղաքական եւ եկեղեցական հարցեր, որոնք նրա մանդատի շրջանակում չեն։ Հայաստանի Սահմանադրությամբ պետությունն ու Եկեղեցին տարանջատված են, իսկ կաթողիկոսի ընտրությունն ու եկեղեցու կառավարումը բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործն են։ ԵԱՀԿ-ն պետք է հստակ պարզաբանի՝ իսկակա՞ն է հրապարակված ձայնագրությունը, գլխավոր քարտուղարն իսկապե՞ս մասնակցել է այդ խոսակցությանը, եւ եթե՝ այո, ապա ի՞նչ գործ ունի մինչեւ հիմա իր զբաղեցրած աթոռի վրա:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

