Ձեռնարկվող այս միջոցը կասկածներ է առաջացնում. Սամվել Մարտիրոսյանը IMEI կոդերի վերահսկողության մասին
Հանդիպում«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը շարունակում անհանգստացնել հանրության լայն շերտերին։ Մասնավորապես, նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը։ Նշվում է, որ դա հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման, ինչպես նաև տեխնիկական և անվտանգային ռիսկերի աճի։
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ և ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։
Համակարգը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։ Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։ Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել միայն լիազոր մարմնին ծանուցելու պայմանով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ մինչ այժմ այդ գործունեությունն իրականացվում էր առանց հստակ կարգավորումների և սահմանափակումների։ Կառավարության գնահատմամբ՝ համակարգի ներդրումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային վարչարարության բարելավմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանը, սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև հեռախոսների գողության և խարդախության դեպքերի կանխմանը։
Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ, անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI-ների գրանցման թեմային, պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մեկս այսօր գաղտնիք չունի, որ բոլոր տվյալները հայտնի են ու պահվում են ինչ-որ տեղ: Զարմանք արտահայտեց, որ այդ մասին չեն խոսում, դժգոհություն չկա, բայց երբ հարցը հասավ պետությանը, դժգոհողները շատացան: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն «Իրավունքի» հետ զրույցում, հակադարձելով վարչապետին նախ նկատում է․
-Այս օրենքի նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, բարեբախտաբար արդեն քննարկումներ են սկսվել, ու ենթադրում եմ, որ էլի կլինեն: Երբ բոլորին վերաբերող օրենքի նախագիծ է շրջանառվում, այն չի կարող առանց հանրային լայն քննարկման մտնել Ազգային ժողով: Ձեռնարկվող այս միջոցը կասկածներ է առաջացնում, որովհետև այս մեթոդը լայն տարածում չունի աշխարհում: Բացի այս, եթե նրանք խոսում են մաքսանենգությունը կանխելու մասին, ապա պետք է հստակ տվյալներ ներկայացնեն՝ ի՞նչ ծավալների մասին է խոսքը, արդյոք այլ մեթոդներ կիրառվե՞լ են, որովհետև մենք գիտենք, որ, օրինակ՝ խանութներում կանխիկ ու ոչ կանխիկ դեպքերում հեռախոսը տարբեր գնով է վաճառվում, կարելի է սկսել այդտեղից:
Ես ինքս դեմ եմ այս նախագծին, բայց եթե այս օրենքն ընդունվելու է, ապա պետք է այնպես անել, որ վտանգները հնարավորինս քիչ լինեն, արդեն որոշակի շարժ կա: Առնվազն կա խմբագրված տարբերակ, որը, հուսամ, էլի կխմբագրվի, որովհետև այս վիճակում այդքան էլ հասկանալի չէ, բայց մեկնաբանությունը հետևյալն էր, որ գրանցվելու է միայն հեռախոսի IMEI-ն, այսինքն՝ դրան չեն կցվելու մարդու անձնագրային տվյալներն ու SIM քարտը, ինչը, բնականաբար, կտրուկ նվազեցնում է ռիսկերը:
Ինչ վերաբերում է վարչապետի ասածին, ապա այսպես պատասխանեմ ․Ենթադրենք Բելգիայի հատուկ ծառայություններն ու Հայաստանի հատուկ ծառայությունները ինձ համար շատ տարբեր երևույթներ են. Առաջինի հետ ես կարող եմ կյանքում երբեք չառնչվել, մաքսիմում ինձ վիզայից զրկեն՝ համարելով, որ ինչ-որ բան այն չէ: Հայաստանի դեպքում՝ հատկապես, եթե դու մարդ ես, որը կառավարության հետ խնդիրներ ունի, օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ ես, լրագրող ես և այլն, դու կարող ես թիրախավորվել: Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանում տվյալները միշտ չէ որ պատշաճ կերպով են պահվում, ու նույնիսկ երբ բացահայտվում է, որ պատշաճ կերպով չեն պահվում, դու չես տեսնում նույն եռանդով օրենքի պատասխանը, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Եվրամիությունում է:
Մենք բազմիցս ականատես ենք եղել պետական տվյալների արտահոսքերի, բայց երբեք չենք տեսել, որ ինչ-որ մեկը դրա համար պատասխանատվություն կրի: Մեկ-մեկ այդ տվյալները նաև օգտագործվում են բավական տարօրինակ ձևով: Ընդամենը վերջին օրինակը նշեմ, երբ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը «Զվարթնոցից» հրապարակվեց, ինձ համար դա շատ տարօրինակ երևույթ է, ու ես կարող եմ մտածել, որ մի օր էլ կարող են որոշել այս տվյալները հրապարակել՝ առանց որևէ հանրային կամ իրավական հետևանքների: Հետևաբար շատ մեծ է տարբերությունը՝ իմ տվյալները հավաքում է ՏիկՏոկը, թե մեր իրավապահ մարմինները:
Երկրորդ հարցն այն է, թե հետո ինչպե՞ս կարող են օգտագործվել այդ տվյալները: Երբ ես իմ տվյալները տալիս եմ Meta-ին, ես հասկանում եմ, որ իմ տվյալները կարող են, օրինակ՝ վաճառվել մարքեթինգային ընկերությունների ու շատ հավանական է՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին: Ես արդեն՝ որպես մարդ, քաղաքացի, կարող եմ գնահատել՝ արդյոք ուզո՞ւմ եմ, որ իմ տվյալները լինեն ԱՄՆ հատուկ ծառայությունների մոտ, եթե ես առհասարակ ոչ մի խնդիր չունեմ իրենց հետ, ես կարող եմ որոշել, որ իմ տվյալները նրանք կարող են ունենալ: Կամայական ուժային կառույցի մոտ առկա տվյալները մարդուն դարձնում են տեսական թիրախ, խնդիրն այն է, որ որքան մոտ է քո մարմնին այդ հատուկ ծառայությունը, այնքան դու ավելի վտանգված ես:

