ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի 46 համայնքներում. ՑԱՆԿ
Ներքաղաքական2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանք կընդգրկեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը: «Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների համար սովորաբար հատկացվում է մեկ օր, դրանց որակյալ կազմակերպումն ապահովելու համար 2026 թվականին կտրամադրվի երեք օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի եւ նոյեմբերի վերջին կիրակին (ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր է սահմանվել են սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը), քանի որ 46 համայնքներում դրանք նույն օրը կազմակերպելը, պարզապես, անհնար կլինի", - պարզաբանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դեռեւս տարեվերջին։
Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ,Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:

