Ռուսական բեմում ինձ արդեն վաղուց գիտեն. Ռազմիկ Մարուքյանը Մոսկվայից վերադարձել է մեդալով
Մշակութային«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՎԱՐՏԵԼ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ»
Բալետային արվեստում կան մրցույթներ, որոնք պարզապես հերթական ստեղծագործական ստուգատեսներ չեն․ դրանք տարիների աշխատանքի, մասնագիտական հասունության եւ միջազգային ճանաչման ամենաբարձր չափանիշներից են։ Այդպիսի հարթակներից է Մոսկվայում անցկացվող Բալետի արտիստների միջազգային մրցույթը, որի պատմությունը սկսվում է 1969 թվականից՝ Մեծ թատրոնի բեմից։ Չորս տարին մեկ անցկացվող այս հեղինակավոր մրցույթը տասնամյակներ շարունակ բացահայտել է աշխարհի լավագույն բալետային արտիստներին եւ շարունակում է մնալ դասական պարի ամենահեղինակավոր մրցակցային հարթակներից մեկը։
Այս տարվա՝ 15-րդ մրցույթը նվիրված էր խորհրդային եւ համաշխարհային բալետի ամենաազդեցիկ պարուսույցներից մեկի՝ Յուրի Գրիգորովիչի հիշատակին։ Հունիսի 25-ից հուլիսի 5-ը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում աշխարհի տարբեր երկրներից ժամանած լավագույն երիտասարդ արտիստները պայքարում էին մեդալների համար՝ ներկայացնելով դասական եւ ժամանակակից բալետի ամենաբարդ ստեղծագործությունները։
Հայաստանը մրցույթում ներկայացնող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար ՌԱԶՄԻԿ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ արժանացավ բրոնզե մեդալի՝ հերթական անգամ հաստատելով, որ հայկական բալետային դպրոցը շարունակում է ներկայանալ միջազգային ամենաբարձր մակարդակում։ Նրա ստեղծագործական ճանապարհն արդեն վաղուց է դուրս եկել ազգային սահմաններից. վերջին տարիներին նա հաղթանակներ է տարել հեղինակավոր միջազգային մրցույթներում, այդ թվում՝ «Արաբեսկում», արժանացել մասնագիտական բարձր գնահատականների եւ ձեւավորել արտիստի այնպիսի հեղինակություն, որը ճանաչելի է բալետային մասնագիտական շրջանակներում։
«Իրավունքը» Ռազմիկ Մարուքյանի հետ զրուցել է միջազգային հեղինակավոր մրցույթի, մրցակցային բեմի հոգեբանական փորձության, բալետում կատարելության որոնման եւ այն ճանապարհի մասին, որն անցնում է յուրաքանչյուր պարող՝ մինչեւ մեծ բեմի իսկական վարպետ դառնալը։
«ՀՊԱՐՏ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ՈՐՏԵՂ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ»
— Մոսկվայում անցկացվող բալետի արտիստների միջազգային մրցույթը համարվում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։ Ի՞նչ էր նշանակում Ձեզ համար հենց այս մրցույթին մասնակցելն ու մեդալ նվաճելը։
— Այս մրցույթին մասնակցելը ոչ միայն նշանակում է, որ դու լավ արտիստ ես, այլ նաեւ նշանակում է, որ որպես արտիստ՝ ունակ ես հասնել այս մրցույթին։ Մրցույթից առաջ ընտրում են այն մարդկանց, ովքեր կարող են մասնակցել եւ արժանի են դրան։ Ինձ համար դա նշանակում է, որ ես իմ մասնագիտության մեջ հասել եմ այն տեղին, որտեղից հպարտ կարող եմ ասել, որ ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել:
— Այս մրցույթը նվիրված էր Յուրի Նիկոլաեւիչ Գրիգորովիչին։ Արդյո՞ք դա առանձնահատուկ պատասխանատվություն էր ստեղծում մասնակիցների համար։
— Յուրի Գրիգորովիչն այն եզակի մարդկանցից էր, ում հիշատակի առջեւ խոնարհվում է ամբողջ աշխարհը։ Իհարկե, դա շատ մեծ պատասխանատվություն է։
— Դուք սոցցանցում գրել էիք, որ մոռացել էիք, թե որքան լարված է մրցույթում պարելը։ Ինչո՞վ է մրցույթի բեմը տարբերվում թատերական ներկայացումից եւ ընդհանրապես, ինչպե՞ս ընդունեցին Ձեզ ռուսական բեմում:
— Դա գրել էի, որովհետեւ արդեն 9 տարի էր անցել իմ նախորդ մասնակցությունից այս մրցույթին եւ արդեն մոռացել էի, թե ինչ մեծ լարվածություն է Մեծ թատրոնի բեմում մրցույթին մասնակցելը։ Ռուսական բեմում ինձ արդեն վաղուց գիտեն, եւ կարծում եմ՝ հանդիսատեսին դուր եկան իմ կատարումները։ Նրանք շատ պահանջկոտ հանդիսատես են։
«ՄԻԱՅՆ ՄԵԿ «ԿՐԱԿՈՑ» ՈՒՆԵՍ, ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՉԱՑՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ»
— Ռազմի՛կ, ինչպե՞ս եք հաղթահարում մրցութային ելույթ ունենալուց առաջ եղած լարվածությունը։
— Անկեղծ ասած, դա չի հաղթահարվում։ Դա կամ քեզ ոչնչացնում է, կամ էլ օգնում։ Առաջին փուլում ինձ դա շատ խանգարեց, բայց հետո արդեն ես սկսեցի օգտագործել այդ լարվածությունը։ Ներկայացման ժամանակ էլ ես լարվում եմ, բայց այստեղ դու միայն մեկ «կրակոց» ունես, եւ լարվածությունը կարող է փչացնել ամեն ինչ։
— Մրցույթի ընթացքում ո՞ր փուլն էր ամենադժվարը՝ տեխնիկապես կամ հոգեբանորեն։
— Թերեւս ամենաբարդը հոգեբանորեն եւ տեխնիկապես առաջին փուլն էր։ Լարվածությունը, բոլորիս համար ոչ բնորոշ թեքությամբ հատակը եւ, իհարկե, քեզ լավագույնս ցույց տալու ցանկությունը։
— Կա՞ մի ելույթ, որի համար հատկապես հպարտ եք այս մրցույթի ընթացքում։
— Հպարտ եմ իմ բոլոր կատարումներով։ Չեմ առանձնացնի որեւէ մեկը, բայց, իհարկե, իմ կատարումների միջեւ տարբերություններ եղել են։
«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԵԴԱԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ, ՀԱՍԱ ԻՄ ՆՊԱՏԱԿԻՆ»
— Երբ հայտարարվեց, որ արժանացել եք բրոնզե մեդալի, ո՞րն էր առաջին միտքը, որ անցավ Ձեր մտքով։
— Առաջին միտքն այն էր, որ ես կմասնակցեմ գալա համերգին եւ կունենամ եւս մեկ հնարավորություն այդ հրաշք բեմում ներկայանալու։ Եկավ այն ժամանակը, երբ ես արդեն ավարտում եմ իմ մրցութային կարիերան եւ ամբողջությամբ անցնում եմ թատրոնի կյանքին։ Դա որոշում էր, որը ես շատ արագ կայացրեցի։ Ժամանակն է ավարտել մրցութային կարիերան։
— Ավելի վաղ Դուք այդ մասին նաեւ գրառում էիք արել, որ այս մրցույթով ավարտում եք Ձեր մրցութային կարիերան։ Ինչո՞ւ։
— Ճիշտ եք։ Ես արդեն ունեմ հաղթանակ «Արաբեսկ» մրցույթում, բայց ցանկանում էի ունենալ նաեւ մեդալ Մոսկովյան մրցույթում, եւ ես հասա իմ նպատակին։ Իմ մեջ, որպես արտիստ, փոխվել է վերաբերմունքը դեպի բեմ։ Սովորել եմ ավելի մտածված քայլեր անել բեմում եւ հասկանալ, որ մաքրությունը բեմում ամեն ինչից վեր է։
— Դուք արդեն հաղթել եք բազմաթիվ մրցույթներում, այժմ նաեւ մեդալ ունեք Մոսկվայի միջազգային մրցույթից։ Այս տարիների ընթացքում ի՞նչն է ամենաշատը փոխվել Ձեր մեջ՝ որպես արտիստ։
— Թողնում է միայն այն ազդեցությունը, որ դու չես կարող չհամապատասխանել այդ որակին։
«ԱՐՏԻՍՏԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ, ԻՀԱՐԿԵ, ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐՏԻՍՏԻԶՄԸ»
— Աշխարհի լավագույն պարողների հետ նույն բեմում գտնվելը ի՞նչ ազդեցություն է թողել Ձեր վրա։
— Պետք է փորձես լինել իրենցից ավելի լավը, իսկ վատագույն դեպքում՝ առնվազն հավասարը բոլորին։
— Շատերն ասում են, որ Ձեր գլխավոր առավելությունը ոչ միայն տեխնիկան է, այլեւ արտիստիզմը։ Դուք ինքներդ ո՞րն եք համարում Ձեր ուժեղ կողմը։
— Արտիստի ուժեղ կողմը, իհարկե, պետք է լինի արտիստիզմը։ Տեխնիկան այն է, ինչը մենք փորձում ենք ամեն օր կատարելագործել։ Իսկ արտիստիզմը, խարիզման կա՛մ լինում են, կա՛մ չեն լինում։
— «Դոն Կիխոտի» Բազիլը, «Սպարտակի» Կրասոսը, Ժոզեն՝ «Կարմենից», Արքայազնը՝ «Շչելկունչիկից»․ ո՞ր կերպարն է ամենամոտը Ձեզ։
— Եթե դա լիներ 5 տարի առաջ, կպատասխանեի՝ Կրասոս։ Եվ հիմա էլ նույնը կասեմ։ Բայց նաեւ կնշեմ, որ իմ խաղացանկում չկա ներկայացում, որն ինձ մոտ չէ։ Արտիստը պետք է լինի ունիվերսալ։ Կնշեմ այսպես.
- «Սպարտակ» (Սպարտակ, Կրասոս),
- «Դոն Կիխոտ»,
- Շչելկունչիկ:
«ՓՈՐՁԱՎԱՐՆԵՐՍ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ՈՐԵՎԷ ՇԱՐԺՈՒՄ ԿԱՏԱՐԵՄ ԱՌԱՆՑ ԻՄԱՍՏԻ»
— Ինչպե՞ս եք աշխատում նոր կերպարի վրա․ նախ տեխնիկան ե՞ք կառուցում, թե՞ հոգեբանական կերպարը։
— Սկզբում կերպարը կառուցում եմ տեխնիկապես, որպեսզի կախվածություն չունենամ դրանից, իսկ հետո արդեն յուրաքանչյուր շարժման մեջ տեղադրում եմ կերպարը։ Այդ հարցում իմ ներկայիս փորձավարներն ահավոր շատ են օգնում եւ նույնիսկ պարտադրում են։ Նրանք պարզապես թույլ չեն տալիս, որ ես որեւէ շարժում կատարեմ առանց իմաստի։
— Ի՞նչ է Ձեզ համար կատարյալ ելույթը․ երբ ամեն ինչ տեխնիկապե՞ս է ստացվում, թե՞ երբ հանդիսատեսի հետ կապն եք զգում։
— Կատարյալ ներկայացում արտիստն իր կյանքում, երեւի, կարող է ունենալ ընդամենը 5-6 անգամ։ Այն կատարյալ կհամարվի այն դեպքում, երբ ո՛չ տեխնիկապես, ո՛չ կատարողական առումով քեզանից ավելի լավ ոչ ոք չկատարի այն ամբողջ աշխարհում։
— Արտերկրում արդեն աշխատում եք հեղինակավոր բեմերում։ Կա՞ մի թատրոն կամ դեր, որի մասին դեռ երազում եք։
— Երազանքի թատրոնը, իհարկե, մնում է Փարիզի Գրանդ Օպերան։ Բայց չեմ ասի, թե դրանից իմ կարիերայում շատ նշանակալի բան կփոխվի։
«ՍԿՍԻՐ ՀԵՆՑ ՀԻՄԱ՝ ԱՅՍ ՊԱՀԻՆ… ՔՈ ԵՐԱԶԱՆՔԻ ՏԵՐԸ ԴՈՒ ԵՍ»
— Եթե մրցութային փուլն ավարտված է, ապա ի՞նչ նոր նպատակներ են սկսվում Ռազմիկ Մարուքյանի համար։
— Նպատակները շատ-շատ են։ Պետք է շարունակեմ կատարելագործվել եւ հանդիսատեսին ցույց տամ արդեն իմ նշած իդեալական ներկայացումները։ Դա այն նպատակն է, որին պետք է հասնել։
— Հաղթանակներից հետո ո՞րն է ավելի դժվար՝ պահպանե՞լ բարձր մակարդակը, թե՞ շարունակել ինքներդ Ձեզ զարմացնել։
— Շարունակել ինքդ քեզ զարմացնել եւ երբեք չմտածել, որ արդեն բավական է։
— Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր երազում են միջազգային բեմերում հանդես գալ։
— Խորհուրդ կտամ սկսել հենց հիմա՝ այս պահին։ Ժամանակը չի սպասում եւ չի ներում։ Ոչ ոք չի գալու խնդրելու կամ հրավիրելու ձեզ գնալ ձեր երազանքի հետեւից։ Քո երազանքի տերը դու ես։ Դարձիր քո մենեջերը, քո օգնականը, քո խոհարարը, քո ամեն ինչը եւ ոչ մի բանից մի՛ ամաչիր։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

