Ուկրաինական պատերազմը հասավ ծայրահեղ վտանգավոր կետի
ՎերլուծությունԱՄՆ անկախության օրը կայացած Պուտինի եւ Թրամփի 1,5 ժամանոց հեռախոսազրույցից հետ Թրամփը, ինչպես եւ ենթադրելի էր, միանգամից ակտիվացրեց ուկրաինական թեման: Իր հայտարարություններում նա հասավ այն մտքին, որ` իր գնահատմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարեց, որ հակամարտության կարգավորման հարցը կլինի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում քննարկման թեմաներից մեկը: Ընդ որում, այդ շրջանակներում հանդիպում կունենա նաեւ Զելենսկու հետ, ապա կզանգահարի Պուտինին:
Ակնարկը սա է. եթե մինչ այդ եվրոպական երկրները պատրաստվում էին Թրամփից վերջնական հայտարարություններ ստանալ ուկրաինամետ դիրքեր վերադառնալու մասին, այդ թվում` պատերազմի ուղիղ ֆինանսավորման: Ավելին, պատրաստում էին նաեւ փաթեթ, թե որքան նոր ֆինանսավորում է ՆԱՏՕ–ն հատկացնելու Ուկրաինային, ապա հիմա «մի փոքր» ֆոնն այլ է: Ըստ The Telegraph–ի, բանը հասել է նրան, որ ոչ միայն հավելյալ ֆինանսավորման հարցը կփորձեն շրջանցել գագաթաժողովում, այլ նույնիսկ Զելենսկուն թույլ չեն տա ելույթ ունենալ. «Դաշինքը որոշել է ուշադրություն չդարձնել Զելենսկուն եւ ուկրաինական հարցին՝ վախենալով վրդովեցնել Թրամփին»: Չնայած դրան, ըստ լրատվամիջոցի. «Դոնալդ Թրամփը մտադիր է գագաթաժողովում ավարտել պատերազմը եւ Զելենսկու հետ կքննարկի, թե ինչպես հասնել դրան»: Ընդ որում, աղբյուրը նաեւ մատնանշում է շատ պարզ միջոցներ, որով Թրամփը կարող է ստիպել Զելենսկուն` իր գծած սցենարով շարժվել` «Եթե Ուկրաինան անջատվի Starlink արբանյակներից, եւ դադարեցվի Կիեւին հետախուզական տվյալներ մատակարարելը», ապա Զելենսկին հազիվ թե կարողանա դիմադրել:
Իրականո՞ւմ էլ Թրամփն այս անգամ այդքան վճռական է տրամադրվել, թե՞ սա հերթական շրջադարձն է, որին կարող է հաջորդել հերթական շրջադարձը: Իհարկե, Թրամփն անկանխատեսելի է, նրանից շրջադարձեր միշտ էլ կարելի է սպասել: Բայց նաեւ, ներկա փուլում նկատվում են պատերազմական սրացումներ, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքների տանել, եթե Թրամփը շարունակի ամեն անգամ մտափոխվել: Խոսքը Կիեւի արվարձանային Վիշնեւո բնակավայրում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի մասին է, որը ոչ միայն ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շեմին հերթական սկանդալը դարձավ Զելենսկու համար, այլ նաեւ կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ աշխարհի մասշտաբով:
Բայց նախ նկատենք, որ Զելենսկին սկսել է վերջին ժամանակներս հաճախակի խոշոր սկանդալների մեջ հայտնվել: Օրերս Եվրոպայի «կայունության սիրտ» համարվող Մոնակոյում տեղի ունեցած ուկրաինացի օլիգարխ Երմոլաեւի դեմ մահափորձը, որի մեջ անմիջապես էլ մեղադրեցին Կիեւին: Մոնակոյի կայունության սկզբունքի շուրջ գործում են բազում ու բազում միլիարդների շահեր, եւ այնտեղ ահաբեկչական հարձակումների ալիքը հասցնելու համար շատ «մեծ ատամներ են սրված» կազմակերպողների դեմ: Երեկ էլ այդ պատմությունը նոր զարգացում ստացավ. մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող կնոջ դին հայտնաբերվեց Կիեւում: Նրան գնդակահարել են ատրճանակից, եւ շատ նման է «ավելորդ վկաներից ազատվելու» սխեմայի: Ինչպես նա այդքան արագ հասավ Կիեւ. այս հարցն արդեն իսկ մեղադրանքների նոր հեղեղ է ուղղում Զելենսկուն:
Իսկ ահա Վիշնեւոյում, պարզվեց, ռուսները խոցել են ռազմական օբյեկտ` հրթիռներ արտադրող գործարան եւ մեծ պահեստ, որը տեղակայված էր հոծ բնակեցված թաղամասի մեջ: Սկսվեց այնտեղ գտնվող զինամթերքի երկրորդային դոտոնացիա, որից ծանր հարված ստացավ այդ ողջ թաղամասը` խաղաղ բնակիչներով հանդերձ: Ու դա դեռ սկանդալի մի մասն է: Պարզվեց, որ այդ պահեստում, բացի տարբեր հրթիռներից, պահվում էին նաեւ աղքատացված ուրան պարունակող արգելված արկեր, արգելված զինամթերք, որը ժամանակին ստացել էին ԱՄՆ–ից եւ Բրիտանիայից: Այս ժամեր շարունակված պայթյունից հետո կան միանգամայն լուրջ խոսակցություններ, որ ձեւավորվել է ռադիոակտիվ փոշու ամպ, որը կարող է ծածկել ոչ միայն արվարձանային Վիշնեւոն, այլ նաեւ Կիեւի զգալի մասը:
Զելենսկին հայտարարեց հետաքննության մասին` ակնարկելով, թե ինքն այդ մասին անգամ տեղյակ չէր: Բայց նման բացատրությունը ծիծաղելի է: Ընդ որում, այստեղ հարցն արդեն անգամ ինչ–որ մեկին մեղադրելը չէ, այլ վտանգավոր փաստը: Իհարկե, վերին տիկնիկավարներին այնքան էլ շատ չի անհանգստացնի, որ այդ պահեստով շարքային քաղաքացիներին դարձրել են «կենդանի վահան»: Շատ չի հետաքրքիր նաեւ` Զելենսկին գիտեր այդ մասին, թե` ոչ: Սակայն փաստը, որ տեղի է ունեցել ուրան պարունակող զինամթերքի հետ կապված չկառավարվող նման դրվագ, դա արդեն չի կարող չհետաքրքրել: Այսինքն, ուկրաինական պատերազմը հասել է այն մակարդակին, երբ միջադեպեր են լինում ուրանի հետ կապված: Իսկ դրա էսկալացիոն հաջորդ փուլն արդեն կարող է դառնալ ուրանի հետ կապված միջադեպերի այլ տեսակներ` ատոմակայանների խոցումների, տակտիկական միջուկային զենքի տեսքով, որտեղից անցումը ստրատեգիական միջուկային զենքին դառնում է շատ հավանական: Կարճ ասած, ուրանի հետ «խաղալ պետք չէ», դա կայուն սկզբունք է: Ու այդ սկզբունքն արդեն խախտված է:
Սա լուրջ սկանդալ է, որը պայթեց ամենաանհարմար պահին` ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շեմին: Եվ այն, որ գագաթաժողովում ուրանային այդ խնդիրը դառնալու է կուլիսային հիմնական քննարկումների թեմաներից, դա էլ է ենթադրելի: Թերեւս այն սոուսով, որ ուկրաինական պատերազմը հասել է հենց այդ վտանգավոր կետին, ու պետք է կոնկրետ ելք գտնել: Եվ Թրամփն էլ, որ շատ է սիրում ինքն իրեն, երեւի չի ցանկանա ենթարկվել «ուրանային խաղերից» բխող հնարավոր ռիսկերին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69431

