ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պրանկի զոհ, թե՞ Հայաստանի ներքին գործերի «խորհրդատու»
ՎերլուծությունԵթե հրապարակված ձայնագրությունն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք ՖԵՐԻԴՈՒՆ ՍԻՆԻՐԼԻՕՂԼՈՒԻ շուրջ ծագած սկանդալը պարզապես անհարմար դրվագ չէ։ Դա միջազգային կառույցի ղեկավարի հեղինակությանը հասցված ծանր հարված է։
Ռուսական «Առաջին ալիք»-ի հրապարակած նյութում ներկայացվում է ենթադրյալ հեռախոսազրույց, որի ընթացքում Սինիրլիօղլուն կարծում է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն հետագայում պարզվում է, որ զրուցակիցները եղել են պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը։
Ամենամտահոգիչը, սակայն, ոչ թե այն է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը չի տարբերակել իրական պաշտոնյային պրանկերից, այլ այն, թե ինչ թեմաներ են քննարկվում հրապարակված ձայնագրության մեջ։ Այնտեղ հնչում են Հայ Առաքելական Եկեղեցու, կաթողիկոսի եւ Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ արտահայտություններ, որոնցից ամենաաղմկահարույցը «Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին» հարցն է։
Եթե միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը նման խոսակցություն է վարում՝ առանց անգամ համոզվելու, թե ում հետ է խոսում, ապա դա արդեն ոչ միայն մասնագիտական անփութություն է։ Ավելին՝ եթե հրապարակված բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա առավել ծանր հարց է ծագում՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդհանրապես մտնում Հայ Եկեղեցու եւ Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի դաշտ։
Հայաստանի Սահմանադրությամբ Եկեղեցին եւ պետությունը առանձնացված են, իսկ կաթողիկոսի ընտրության եւ եկեղեցական կառավարման հարցերը որեւէ միջազգային պաշտոնյայի իրավասության շրջանակում չեն։ Այդպիսի թեմաների շուրջ ցանկացած ակնարկ, առավել եւս՝ արտաքին պաշտոնյայի մասնակցությամբ, բնականաբար առաջացնում է հասարակական վրդովմունք։
ԵԱՀԿ-ն պարտավոր է անհապաղ պարզաբանել՝ արդյոք ձայնագրությունն իսկական է, արդյոք գլխավոր քարտուղարը նման խոսակցություն ունեցել է, եւ եթե՝ այո, ապա ինչու է իրեն թույլ տվել քննարկել մի թեմա, որն ամբողջությամբ վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին։
Եթե պարզվի, որ հրապարակված խոսակցությունն իրական է, ապա խոսքը միայն անհաջող պրանկի մասին չէ։ Դա վստահության ճգնաժամ է։ Միջազգային կազմակերպության ղեկավարը, որը չի կարողանում տարբերել պաշտոնական զրույցը սադրանքից եւ միաժամանակ ներգրավվում է Հայաստանի ներքին զգայուն հարցերի քննարկման մեջ, լուրջ բացատրությունների կարիք ունի։
Հենց այդ պատճառով ԵԱՀԿ-ն չի կարող սահմանափակվել լռությամբ։ Եթե կազմակերպությունը ցանկանում է պահպանել իր հեղինակությունը, պարտավոր է հրապարակային գնահատական տալ տեղի ունեցածին եւ պատասխանել այն հարցին, որն այսօր տալիս են շատերը՝ ո՞րն է եղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի դերը այս պատմության մեջ, եւ արդյո՞ք նման վարքագիծը համատեղելի է նրա զբաղեցրած պաշտոնի հետ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

