Ում ենք մի կտոր մանդատ տվել
ՎերլուծությունՍահմանադրության օրը Հայաստանում այս տարի անցավ գրեթե աննկատ։ Այն օրը, որը պետք է դառնար պետության հիմնարար օրենքի, սահմանադրական կարգի եւ իրավական պետության մասին քննարկումների առիթ, փաստացի ստվերվեց մեկ այլ իրադարձությամբ՝ Սահմանադրական դատարանի կանխատեսելի որոշմամբ, որով ուժի մեջ թողնվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Շատերի համար այդ որոշումը անակնկալ չէր։ Ընտրությունների արդյունքները վիճարկած քաղաքական ուժերը փաստացի չհասան իրենց նպատակին, եւ քաղաքական գործընթացը մտավ նոր փուլ։ Սակայն հենց այդ փուլում սկսվեց առավել հետաքրքիր զարգացումը. այն ընդդիմադիր ուժերը, որոնք շաբաթներ շարունակ հայտարարում էին, թե ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի իրական կամքը, մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտարարել, որ վերցնում են Ազգային ժողովի մանդատները։
Եվ հենց այստեղ է առաջանում գլխավոր քաղաքական հակասությունը։ Եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ ընտրությունները լեգիտիմ չեն, որ արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների կամքը, ապա ինչպե՞ս է նույն քաղաքական ուժը պատրաստվում աշխատել հենց այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում։ Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվում, քաղաքական առումով մանդատի ընդունումը նշանակում է ընդունել ընտրական գործընթացի արդյունքով ձեւավորված ինստիտուտը եւ դառնալ դրա մասը։
Հենց այդ պատճառով էլ ընդդիմության ներսում եւ ընդդիմադիր հանրության շրջանում հնչում են կոշտ գնահատականներ, ըստ որոնց՝ առանց որեւէ նախապայմանի, առանց իշխանություններին ներկայացվող քաղաքական պահանջների կամ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի՝ մանդատների ընդունումը դիտվում է որպես ընտրությունների արդյունքների փաստացի լեգիտիմացում։
ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021-ԻՆ ԷԼ ԷԻՆ ՀՆՉՈՒՄ ՆՈՒՅՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Այս քննադատությունը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարեց Ազգային ժողով մտնելու որոշման մասին։ Դաշինքի ներկայացուցիչ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը փորձեց բացատրել, որ ընդդիմությունը պետք է պայքարի երկու հարթակներում՝ ե՛ւ փողոցում, ե՛ւ խորհրդարանում։ Նրա խոսքով՝ միայն այդ համադրությամբ հնարավոր կլինի ապագայում հասնել իշխանափոխության, իսկ խորհրդարանական ներկայությունը անհրաժեշտ գործիք է այդ պայքարը քաղաքական հարթությունում շարունակելու համար։ Թեեւ այս տրամաբանությունն ունի իր կողմնակիցները, այն չփարատեց ընդդիմադիր ընտրողների զգալի հատվածի կասկածները։
Քաղաքականության մեջ ոչ միայն գործողությունն է կարեւոր, այլեւ դրա ընկալումը։ Իսկ ընկալումը բավական պարզ է. եթե ամիսներ շարունակ հասարակությանը համոզում ես, որ ընտրությունները չեն կարող համարվել քաղաքական կամքի իրական արտահայտություն, հետո նույն ընտրությունների արդյունքում ստացած մանդատը վերցնում ես, առաջանում է բնական հարց՝ ի վերջո ո՞ր հայտարարությունն էր անկեղծ։
Սրան զուգահեռ նույն ճանապարհն ընտրեց նաեւ «Հայաստան» դաշինքը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը պաշտոն չէ, այլ քաղաքական եւ իրավական գործիք, որով հնարավոր կլինի ամենօրյա պայքար մղել իշխանության դեմ։
Տեսականորեն այս մոտեցումը նույնպես հասկանալի է։ Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական ընդդիմությունը, ունենալով մանդատներ, գործնականում չի կարողացել կանխել իշխանության որեւէ առանցքային որոշում։ Այդ պատճառով էլ այսօր հասարակության մի մասի մոտ առաջացել է բնական հարց՝ եթե նախորդ գումարման խորհրդարանում մանդատը չդարձավ արդյունավետ քաղաքական զենք, ինչո՞ւ պետք է այս անգամ նույն գործիքը տա այլ արդյունք։ Մի խոսքով՝ նույն լոլոները, ինչ 2021 թվականի ընտրություններից հետո ենք լսել։
ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՄԵՆԱԹԱՆԿ ՌԵՍՈՒՐՍԸ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Ավելին, եթե ընդդիմության առաջնորդներն իրենք հայտարարում են, որ իշխանությունն ունի կայուն մեծամասնություն, ապա խորհրդարանական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը գրեթե զրոյական է։ Այդ դեպքում կրկին առաջանում է հարց՝ ինչո՞ւ է մանդատը ներկայացվում որպես վճռորոշ գործիք։
Այս հակասությունն է, որ այսօր առավել շատ է քննարկվում ընդդիմադիր շրջանակներում։ Ընդդիմության ընտրազանգվածի մի զգալի հատվածը քարոզարշավի ընթացքում լսում էր առավել կտրուկ հայտարարություններ։ Հնչում էին հայրենասիրության, ազգային անվտանգության, պետականության պահպանման, «վերջնական պայքարի» մասին խոսքեր։ Սակայն քաղաքական գործընթացի ավարտին ստացվեց մի պատկեր, որտեղ նույն ուժերը պատրաստվում են աշխատել այն խորհրդարանում, որի ձեւավորման հիմքերը մինչեւ երեկ կասկածի տակ էին դնում։
Քաղաքականության մեջ սկզբունքայնությունը հաճախ ավելի կարեւոր է, քան մարտավարական հաշվարկները։ Երբ հասարակությունը լսում է առավելագույնս կոշտ հայտարարություններ, ակնկալում է նաեւ նույնքան կոշտ քաղաքական վարքագիծ։ Հակառակ դեպքում առաջանում է վստահության ճգնաժամ։
Այո՛, հնարավոր է հայտարարել, որ մանդատը պայքարի միջոց է։ Հնարավոր է պնդել, որ խորհրդարանն ընդդիմության համար լրացուցիչ հարթակ է։ Սակայն նույնքան ակնհայտ է նաեւ հակառակ տեսակետը. եթե ընտրությունների արդյունքներն անընդունելի են, ապա դրանց արդյունքում ստացած մանդատը նույնպես պետք է լինի անընդունելի։ Հակառակ պարագայում քաղաքական ուղերձը դառնում է, մեղմ ասած, աբսուրդային։
Սահմանադրության օրը, փաստորեն, ոչ միայն անցավ աննկատ, այլ դարձավ խորհրդանշական։ Մի կողմից՝ բոլորը խոսում էին Սահմանադրության, իրավունքի եւ ընտրական գործընթացների մասին, մյուս կողմից՝ քաղաքական պրակտիկան հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ պայքարում հաճախ հաղթում են ոչ թե սկզբունքները, այլ քաղաքական հաշվարկները։
Իսկ ամենամեծ վտանգը հենց այստեղ է։ Երբ ընդդիմությունը երկար ժամանակ հասարակությանը ներկայացնում է առավելագույնս կոշտ օրակարգ, սակայն վճռորոշ պահին ընտրում է առավել պրագմատիկ ճանապարհը, կորցնում է ամենաթանկ ռեսուրսը՝ վստահությունը։ Որովհետեւ քաղաքական պայքարը միայն մանդատների քանակով չի չափվում։ Այն չափվում է նաեւ խոսքի եւ գործողության միջեւ եղած համապատասխանությամբ։
Եթե այդ համապատասխանությունը կորչում է, ապա ամենաբարձր հայրենասիրական հայտարարություններն էլ սկսում են ընկալվել որպես հերթական քաղաքական հռետորաբանություն, իսկ ընտրողը սկսում է հարց տալ՝ արդյո՞ք այս ամենը սկզբունքների պայքար էր, թե ընդամենը հերթական ճանապարհը դեպի խորհրդարանական աթոռներ։ Եվ հենց այդ հարցի պատասխանն է, որ առաջիկա ամիսներին ստիպված կլինեն տալ մանդատները վերցրած ընդդիմադիր ուժերը։
Ի վերջո, ամենավտանգավոր երեւույթը ոչ թե մանդատ վերցնելն է կամ չվերցնելը, այլ քաղաքական կուրությունը։ Երբ իշխանության յուրաքանչյուր քայլ անվերապահ արդարացնողները հրաժարվում են տեսնել ակնհայտ ձախողումները, դա նույնքան վտանգավոր է, որքան ընդդիմության ցանկացած որոշում ինքնամոռաց պաշտպանելը։ Քաղաքական համակրանքը չպետք է վերածվի կռապաշտության։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

