Ընդդիմափոխություն անենք, որ կարողանանք իշխանափոխություն անել. Աբրահամյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում հեռահար կապով զրուցել ենք քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
«ԻՐԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՆ ԼՍՈՒՄ, ԼՍՈՒՄ ԵՆ ԴՐՍԻՑ ԵԿՈՂ ԻՆՉ-ՈՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՈՐԴՈՐՆԵՐԻ»
— Գործարար Սամվել Կարապետյանը միասնության եւ համախմբման կոչ էր անում, սակայն մինչ այս պահն ասում են՝ անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել, չնայած նրան, որ երկուսի ղեկավարած քաղաքական ուժերն են անցել խորհրդարան՝ իբրեւ ընդդիմություն: Հետեւապես, հարց է ծագում՝ ի՞նչ միասնության կոչի մասին է խոսքը, եւ արդյոք այսքանից հետո այն տարօրինակ չի հնչում:
— Իհարկե տարօրինակ է: Կարծեմ, ԲՀԿ-ի հետ էլ չի եղել հանդիպում: Առավել քան տարօրինակ է, քանի որ նման կերպ միաբանվածություն չի կարող լինել: Չգիտեմ` ինչու է ինքը քաղաքացիներին «էմոցիոնալ» անվանում: Ես ուզում եմ ռացիոնալիզմը այստեղ տեսնել, երբ մենք գետնի վրա ունենք իրար հետ չմիաբանվող ընդդիմության գործոն: Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ շուտով կունենանք ԵԱՏՄ սանկցիոն համակարգ, որը որոշակի սոցիալական բարդացումներ կպատճառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում, հետո գնալով իրավիճակը կսաստկանա, եւ կլինի ինչ-որ սոցիալական բունտ: Այն աստիճան, որ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ ինչ-որ մի բան կանի:
Առաջին՝ եթե ընդդիմությունը միաբանված չէ, չի կարողանում առաջնորդել, որովհետեւ եթե ընդդիմության միջի մարդիկ զբաղված են` ամեն մեկն իր իշխանության գալու ինչ-որ խնդիրները լուծելով, հետեւապես իրենք իրար չեն լսում: Երկրորդ՝ իրենք ժողովրդին չեն լսում, եւ երրորդ՝ ցավոք սրտի, իրենք լսում են դրսից եկող ինչ-որ տարօրինակ հորդորների: Առհասարակ, տարածաշրջանում բոլոր գեոքաղաքական շահ ունեցող երկրները, ուղղակի, իրենց շահերից ելնելով, տարբեր ուժերի հետ իրենց առեւտուրն են անում: Այդպիսին է այդ պետությունների բնույթը: Այդ երկրները պարտավոր չեն բարի գտնվել Հայաստանի Հանրապետության կամ ընդդիմադիր առաջնորդների հանդեպ: Իրենց բոլորին էլ օգտագործելու են:
Չկա ժողովրդի հետ զրույց, դիալոգ: Սամվել Կարապետյանը ժողովրդի վրա «մուննաթ» է գալիս ու մեզ արդեն բաժանել է խմբերի: Նիկոլի բաժանելը մեզ հերիք չէր: Հիմա էլ մյուս կողմն է բաժանել ու ասում է՝ 60 տոկոսը, ովքեր ուզում են մանդատ վերցնենք, ապրեք, ինչ պուպուշ եք, եկեք շոյեմ ձեր գլուխը, իսկ այն մյուս 40 տոկոսը չեն ուզում մենք մանդատ վերցնենք, շատ վատն եք, դուք էմոցիաների տակ եք: Դա կեղծ վիճակագրություն է, ինչպես Նիկոլն ասում է, որ ինքը հաղթել է ընտրություններում։
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ, ԱՅԼԵՎՍ ՍՈՒՏԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
— Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին համարում է կաշառք բաժանող: Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին իր հերթին մեղադրում է իշխանական լծակներն օգտագործելու մեջ։ Այսինքն, ստացվում է, որ երկու կողմն էլ ոչ լեգիտիմ են համարում այս ընտրությունները, բայց պատրաստվում են ձեւավորել խորհրդարան ու միասին աշխատե՞լ:
— Նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ասել է, որ ոչ լեգիտիմ է այս իշխանությունը, բայց մենք մանդատները կվերցնենք։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ ոչ լեգիտիմ պայմաններում Հայաստանը շարունակենք հանձնել թուրքի՞ն։ Իսկ շատերս, ովքեր հարց ենք բարձրացնում այդ մասին, դառնում ենք էմոցիոնա՞լ: Չէ՛, դուք խաբեբաներ եք: Առհասարակ, խաբեբաները, երբ ճշմարտությունը ջրի երես ես հանում, իրենց առջեւ ես դնում, քեզ ասում են՝ դու էմոցիոնալ ես: Իրենք փորձում են մեղմացնել իրենց սուտը:
Հասարակությունը շատ լավ է անում, որ ի տարբերություն նախորդ հինգ տարիների՝ այլեւս սուտը չի հանդուրժում, որովհետեւ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, ով կոնկրետ քայլեր է ձեռնարկում ՄԱԿ-ի մակարդակով՝ «Արեւմտյան Ադրբեջանի» գործոնը լեգիտիմացնելու։ Եվ այս ամբողջ պրոցեսում, որտեղ թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը, իրար վիրավորելով, բայց ոչ լեգիտիմ պայմաններում մանդատները գրկած նստելու են, Ադրբեջանն իր գործը շարունակելու է համակարգված ձեւով առաջ տանել։ Եվ շատ հետաքրքիր է, որ լրագրողների հարցերին, թե ինչն ինչպես եք անելու, Սամվել Կարապետյանն ասում է՝ իսկ դուք ուզում եք, որ 300 հազար ադրբեջանցիներ գա՞ն Հայաստան: Մեր վրա է շուռ տալիս: ժողովուրդը կամ լրագրողներն են ուզո՞ւմ, որ 300 հազար ադրբեջանցի գա:
Մոլդովական սցենարը դա էր, անկախ նրանից ո՞վ է հաղթել, դու դուրս արի պայքարի: Լավագույն պաշտպանության միջոցը հարձակումն է: Նիկոլ Փաշինյանը նախահարձակ արեց, ասաց՝ ոչ թե ես եմ ձայն գողացել, այլ դուք եք ընտրակաշառքներ բաժանել: Ուզում եմ հասկանալ՝ Սամվել Կարապետյանն ինչո՞ւ է մուննաթ գալիս ժողովրդի վրա, ով իրեն ձայն է տվել, փոխանակ կատարի իր նախընտրական խոստումը, որ կանխելու է այս ադրբեջանցիների գալը, դե թող կատարի՝ հավուր պատշաճի։ Ես չեմ տեսնում պայքար։ Ես զգացել եմ, մի այսպիսի բան. իրենք չեն ուզում պատասխանատվություն վերցնել, իրենք վախենում են։ Ժողովուրդը եկել իր ձայնը տվել է ընդդիմությանը, եւ հիմա չեն կարող ասել, որ չի մասնակցել ընտրություններին: Գումարած դրան, այս անգամ ժողովուրդն իր ձայնին տեր է, ասում է՝ ես իմ ձայնը քեզ եմ տվել՝ Նիկոլին հեռացնելու համար: Ցանկացած ուրիշ բան, որ կանես, ես դա չեմ ընդունելու, ով ուզում է լինես՝ մեծ, թե փոքր բարերար։
«ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՌԴ-Ն ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՏԱ ԱՅՆՊԻՍԻ ՈՒԺԵՐԻ, ՈՐՈՆՔ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՇՈՒՌ ԵՆ ԳԱԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ԴԵՄ ԱՇԽԱՏԵՆ»
—Մինչ այս պահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում՝ ի վերջո, կոմպրոմիսի կգա՞ն, Սահմանադրական դատարանի որոշումից հետո կլինի՞ Հյուսիսից շնորհավորանք, թե՞ սպասենք ավելի կտրուկ քայլերի, քան այն է, որ ամեն շաբաթյա ռեժիմով նոր պատժամիջոցներ են ավելանում՝ ձկնեղեն, ծաղիկ եւ այլն։
— Ի տարբերություն նախորդ հինգ տարիների` մենք այսօր ունենք ավելի կտրական տրամադրված Ռուսաստանի Դաշնություն: Բանակցային գործընթացները՝ ԱՄՆ վարչակազմի հետ, այսպես կոչված, «Անքորիջի ոգին» կամ փորձերը, որ ինչ-ինչ եվրոպական երկրների հետ որոշակի կոնտակտներ լինեին, դրական չեն դիտարկվել ՌԴ-ի կողմից:
Վերջերս Էրդողանը Մոսկվա կատարած այցի եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թուրքիան կարող է վայր հանդիսանալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցային կապ հաստատելու համար: Ռուսաստանի Դաշնությունը մերժել է նաեւ այդ տարբերակը: Այսինքն, ոչ միայն բուն Հայաստանի վերաբերյալ է Ռուսաստանի Դաշնության ներկայիս հապաղումը՝ ընտրությունների արդյունքները ճանաչելու հետ կապված, այլ ընդհանուր իր արտաքին քաղաքական գծում ավելի կտրուկ է հանդես գալիս:
Մենք տեսնում ենք, որ ռուսական հանրությունը պահանջում է, որպեսզի իրենց իշխանություններն ավելի կտրուկ քայլեր կատարեն Ուկրաինայի դեմ, որ որեւէ բանակցություններ տեղի չունենան։ Ռուսաստանի Դաշնությունն էլ ուզում է ցույց տալ, որ ինքն իր ժողովրդի վրա ապավինելով՝ գնալու է որոշակի ավելի կտրուկ քայլերի։ Այս կտրուկ քայլերից է նաեւ Հայաստանի հանդեպ դրսեւորվող բավականին կոշտ վերաբերմունքը: Այդ կոշտ վերաբերմունքին արժանանում են նաեւ տարածաշրջանային այլ երկրներ: Առջեւում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Դումայի ընտրությունները: Այսինքն, իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակության վստահությունը ստանան, որովհետեւ հասարակությունն այս կիսափափուկ, ոչ վերջնական գործընթացներից հոգնել է:
Այս դեպքում անդրադառնալով մեր ընդդիմությանը՝ նշեմ, որ եթե նրանք դրսեւորեին նախաձեռնողականություն, վճռական կամք՝ մարդկանց փողոց հանելու, ես չեմ կարծում, որ մենք կունենայինք ինչ-որ սատարման պակաս: Նաեւ հիշեցնեմ, որ Չինաստանը եւս չի ճանաչել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ կարող եմ ասել, որ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի համար, շատ կարեւոր է, որ ոչ մի «ԹՐԻՓՓ» էլ այս տարածաշրջանում գոյություն չունենա: Իրենց համար, դա անընդունելի է։ Ես դեռ որոշակի անորոշություն եմ տեսնում, թե որքանով են ընդդիմադիր ուժերն իսկապես հակված ընդդեմ այդ «ԹՐԻՓՓ»-ի: Ո՞ւմ հետ են իրենք, ի վերջո, առեւտուր անում: Որովհետեւ Մոսկվայի առումով կրկին մենք գործ ունենք, ինչպես 2018-2021 թթ., որոշակի աշտարակների միջամտության հետ, որոնք Հայաստանում կուզենային պրոարեւմտյան հենքի վրա բերել որոշակի գործընթացներ: Սակայն ներկայիս Ռուսաստանի վարչակազմը չեմ կարծում, որ որոշակի տոնայնություն կտա այդ ուղղվածությանը: Մեծ հույս ունեմ, որ մեր հանրությունը, իսկապես, նախաձեռնողականությամբ հանդես կգա իր անվտանգության խնդիրների, ազգային միասնականության առումով:
Գուցե, այսպիսի անորոշության վակուում անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդն առանց վարանելու իր դժգոհությունն արտահայտի ընդդիմադիր առաջնորդների հանդեպ: Նախ եւ առաջ ընդդիմափոխություն անենք, որ կարողանանք իշխանափոխություն անել: Մի տեսակ երկիմաստություն եմ տեսնում, նաեւ ընդդիմադիր առաջնորդների, իրենց արտաքին քաղաքական գծի, գեոքաղաքական ռազմավարության մեջ: Այդ երկիմաստությունը անհանդուրժելի է մեր բնական գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի որոշակի օժանդակությունն այս պրոցեսներում ստանալու համար: Ինչո՞ւ նրանք պետք է առաջխաղացում տան այնպիսի ուժերի, որոնք, ի վերջո, միեւնույնն է, շուռ են գալու եւ իրենց դեմ աշխատեն: Այս դեպքում իրենք կընտրեն նաեւ այն կողմին, ով իրենց ավելի ենթարկվող է, ավելի կառավարելի իրենց տեսանկյունից։ Դրա համար բավականին մեծ հիասթափություն եմ տածում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ոչ պրոֆեսիոնալիզմի, իրենց անընդունակության հանդեպ՝ ռազմավարական ոչ ճիշտ գնահատականներ տալու, պահի լրջությունը չընկալելու առումով:
Որքան էլ, որ իրենք փորձում են գեղեցիկ կոչեր անել, միեւնույնն է, ես Սամվել Կարապետյանի կոչերը գեղեցիկ չեմ համարում: Այն բազմապատկում է բոլորիս անորոշությունը՝ կոնկրետ գործողություններ չանելով, կոնկրետ պատասխաններ չտալով: Չի ասում, թե ինչպիսի ժամանակում ինչեր են ուզում անել, ուղղակի, ակնարկում է, որ իրենք ունեն գաղտնի պլան եւ դրա մասին ոչինչ չեն ասելու: Դա անհասկանալի է: Այսինքն՝ բոլորս հիմա պետք է հույս ունենանք, որ այդ գաղտնի պլանով ինչ-որ կարճ ժամանակում, ինչ-որ բան պետք է լինի՞։ Այդ իսկ պատճառով, ինչպիսի որոշումներ էլ, որ կայացնեն հայտնի մայրաքաղաքները, դրանք պայմանավորված են լինելու մեր ներսի անորոշությամբ: Մեզ մոտ կա կոնկրետ ընդդիմադիր առաջնորդների կամքի դրսեւորման խորքային խնդիր: Իրենք անգամ չեն փորձում, ներողություն խնդրելով, իրենց վրա աշխատելով , ուղղումներ կատարել եւ ժողովրդի առաջ հայտ ներկայացնել ավելի արժանապատիվ կերպով։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

