Փաշինյանը վախենում է եւ ամեն ստոր տարբերակով պայքարում է հայրենասերների դեմ. Մամիջանյան
ՆերքաղաքականՀայաստանի ներքաղաքական կյանքում հերթական լարվածությունն է արձանագրվել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաեւ նրան պատկանող մի շարք գույքային եւ գործարար օբյեկտներում։ Խուզարկությունների շրջանակում, ըստ հրապարակված տեղեկությունների, առգրավվել են փաստաթղթեր եւ համակարգչային տեխնիկա, իսկ որոշ գրասենյակներ կապարակնքվել են։ Տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել քաղաքական դաշտում՝ դառնալով իշխանություն-ընդդիմություն հերթական սուր հակասության առարկա։
Ի պատասխան տեղի ունեցածի՝ 9 ընդդիմադիր քաղաքական ուժ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ խիստ քննադատելով իշխանությունների գործողությունները եւ դրանք որակելով որպես քաղաքական բնույթի բռնաճնշումներ։ Հայտարարության հեղինակները պնդում են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ընդդիմադիր եւ հասարակական բոլոր ուժերի համախմբումը՝ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի, ժողովրդավարական սկզբունքների եւ քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանք նաեւ դիմել են Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ կոչ անելով հրապարակայնորեն գնահատական տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ արձագանքել, իրենց գնահատմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումներին։
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ, իրենց համոզմամբ, երկրին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական հետապնդումներ, այլ իրավունքի գերակայություն, անկախ դատական համակարգ, քաղաքական բազմակարծություն եւ ազգային համախմբում՝ ընդգծելով, որ շարունակելու են իրենց պայքարը բացառապես օրինական եւ քաղաքական մեթոդներով։ Ստեղծված իրավիճակի, ընդդիմության համատեղ հայտարարության, դրա քաղաքական ուղերձների եւ հնարավոր զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ։
«ԱՅՍ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԼԵԳԻՏԻՄ ԱՆՎԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
— Պարոն Մամիջանյան, ինչպես տեսանք, ընդդիմադիր երկու քաղաքական ուժերը, այնուհանդերձ, վերցրին մանդատները: Ձեւավորվելու է նոր Ազգային ժողովը, սակայն մինչ այդ, նույն այդ ուժերը միաբերան կրկնում էին, որ այս ընտրությունները եղել են ոչ օրինական։ Ի՞նչ է ստացվում, մենք ունենալու ենք ոչ լեգիտիմ Ազգային ժողով, որը լեգիտիմացնելո՞ւ են մանդատ վերցնողնե՞րը:
— Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների կազմակերպման եւ առավել եւս ձայների հաշվարկի փուլում, անընդունելի է։ Ես երկար կարող եմ խոսել այն բոլոր խախտումների մասին, որոնք արձանագրվել են ընտրությունների կազմակերպման, դրա նախորդող շրջանում՝ ընդդիմադիր հիմնական դերակատարների ձերբակալությունների, այդ թվում նաեւ ոչ թեկնածու, օրինակ, Աշոտյան Արմենի եւ մյուս Հանրապետական կարկառուն դերակատարների ձերբակալությունների մասին: Բայց ընտրությունների հաշվարկի հետ կապված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրականացրած խայտառակությունը, որն այլ կերպ, քան օրինական իրավական «բեսպրեդել» անվանել, հնարավոր չէ, ստվերում է մնացած ամեն ինչ:
Ասածս այն է, որ երկար խոսել խախտումների մասին, բայց ուղղակի գրչի մեկ հպումով, մեկ անձի որոշմամբ մի ամբողջ կուսակցություն պառլամենտ թույլ չտալը, օրենքի իմպերատիվ պահանջը չկատարելը, այն է՝ վերընտրությունների կազմակերպումը կամ այդ երեք,կամ ամբողջ բոլոր ընտրատարածքներում, դրանից հետո ուրիշ ասելիքներ շատ քիչ են մնում։ Այնպես որ, այս ընտրական գործընթացը խայտառակություն է եւ լեգիտիմ անվանել հնարավոր չէ, ինչի մասին եւ Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել։
— Արդյո՞ք ազնիվ քայլ էր ընտրողների հանդեպ, որ «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքները մանդատները վերցնում են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի պայքարը շարունակել փողոցով կամ մեկ այլ կերպ, բայց մանդատները չվերցնել, չլեգիտիմացնել այս խորհրդարանը:
— Ես իմ ընդդիմադիր գործընկերների որոշումները կամ գործողությունները հրապարակային, մամուլի միջոցով չեմ մեկնաբանում։ Ես, երբ որեւէ բան եմ ունենում ասելու իմ ընդդիմադիր գործընկերներից որեւէ մեկին, հեռախոսը վերցնում ու զանգում եմ։ Ուստի, ես չեմ մեկնաբանի, միայն կասեմ, որ փողոցային պայքարը եւ պառլամենտական գործունեությունն իրար բացառող երեւույթներ չեն։
«ՍԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԱՅՍ ԱՊՕՐԻՆԻ ՃՆՇՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՅՈԹ ՏԱՐԻ»
— Ի՞նչ կասեք այն մասին, որ ՔՊ-ի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն դարձավ Ռուբեն Ռուբինյանը։ Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ մեկ էլ հանկարծ Փաշինյանի մտերիմ Ալեն Սիմոնյանն այլեւս Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Կա՞ ենթատեքստ դրանում:
— Ճիշտն ասած, ինձ դա չի հետաքրքրում: Ես համարում եմ, որ մեր երկրում այնքան պրոբլեմներ կան, որ դրա մասին չեմ էլ մտածում: Ինձ համար մեկ է` իրանցից ով կլինի ոչ լեգիտիմ, կեղծիքով ստեղծված Ազգային ժողովի նախագահի պաշտոնին։
— Ինչպես տեսանք, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսվել է տոտալ ճնշում, նույնիսկ կենդանիներին չեն խնայել: Ի՞նչ մեկնաբանություն կտաք սրան։
— Այն, ինչ իրականացվում է պարոն Ծառուկյանի եւ «Բարավաճ Հայաստանի» նկատմամբ, պարզապես անընդունելի։ Մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից տարածվել է հայտարարություն, որին, բնականաբար, միացել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Սա նորություն չէ, Հանրապետականն այս ապօրինի ճնշումներով անցնում է արդեն յոթ տարի՝ սկսած կուսակցության նախագահից, շարունակած գործադիր մարմնի անդամներով, վերջացրած կուսակցության շարքային անդամներով։ Ինձ համար ոչ մի նորություն, ոչ մի զարմանալի բան չկա։ Սա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է։ Ինքը վաղուց արդեն դարձել է բռնապետ եւ անդադար վերահաստատում է դա։
«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ, ԹԵ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ»
— Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բանից վախենո՞ւմ է, որ հենց այս փուլում սկսեց գործողություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի, Հանրապետական կուսակցության նախագահի դեմ: Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ եւ ավտոկայանատեղի:
— Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենասերներից։ Ես այս մեկ նախադասությամբ կմեկնաբանեմ այդ ամենը: Ու նրա համար կապ չունի, թե այդ հայրենասեր մարդն ունի կուսակցության ղեկավարի, կուսակցության փոխնախագահի, պատգամավորի, կարգավոր հոգեւորականի, թե՛ քաղաքացու կարգավիճակ։ Նիկոլ Փաշինյանը վախենում է եւ ամեն ստոր տարբերակով պայքարում է հայրենասերների դեմ։
— Դուք ասացիք` հայտարարությամբ եք հանդես եկել մի քանի քաղաքական ուժերի հետ միասին, ի՞նչ եք կարծում՝ դա որեւիցե բան կփոխի՞:
— Իհարկե, ոչ մի բան էլ չի փոխի, բայց դե չանել չենք կարող։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

