Շրջադարձային կետ մեծ պատերազմում
ՎերլուծությունԱմեն դեպքում, ներկայումս մտել ենք մի այնպիսի գլոբալ զարգացումների փուլ, որ հետագա լուծումները եւս կարող են որոշիչ դառնալ ոչ միայն մեր տարածաշրջանի, այդ թվում` հայ–ռուսական հարաբերությունների համար, այլ` ամբողջ աշխարհի: Խոսքը նախ Թուրքիայում մեկնարկող ՆԱՏՕ–ի գագաթաժողովի մասին է, որտեղ, սպասվում է, որ կարող են մի շարք առանցքային լուծումներ լինել: Այդ թվում` Արեւմուտքի ներքին, ԱՄՆ–ՌԴ եւ Եվրոպա–ՌԴ հարաբերությունների հետ կապված: Կարճ ասած, ո՞ր կողմ է գնալու Թրամփը. այս հարցի շուրջ տեւական ժամանակ է, որ շատ բարդ խաղ է ծավալվում, եւ ՆԱՏՕ–ի գագաթաժողովը կարող է շատ հարցերի պատասխանը տալ:
Նախօրեին կայացած Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի հետ կապված պաշտոնական մեկնաբանություններում երկու առանցքային դետալ էր նշված, որոնք, սակայն, մի տեսակ աննկատ մնացին: Առաջինը. զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այսինքն Թրամփը, որը այդ օրը նշում է ԱՄՆ-ի հոբելյանական տարեդարձը, որի հետ կապված «քիթ սրբելու ժամանակ չուներ», հարկ համարեց այդ կարեւոր օրվա 1.5 ժամը հատկացնել Պուտինին: Սա նշանակում է, որ այդ զրույցը Թրամփի համար չափազանց կարեւոր էր:
Ի՞նչ ուներ Թրամփն այդպես շտապելու համար: Անկարայում հուլիսի 7-8-ին կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին Թրամփը պետք է ներկայանա իր մի շարք լուծումային փաթեթներով: Այդ թվում` ԱՄՆ-ի եւ Դաշինքի հարաբերությունների մասին: Այսինքն, դրա նախորդող օրերին Թրամփն արդեն պետք է երկար-բարակ քննարկումներ ունենար թիմի հետ, ու նման է, որ նա շատ է կարեւորել այդ որոշումների համար նաեւ Պուտինի հետ զրուցելը:
Բայց ինչո՞ւ վերջին պահին, ավելի շուտ չէ՞ր կարող խոսել` ԱՄՆ-ի Անկախության օրվան չթողնելով: Թերեւս այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ դրա նախորդ օրը, Թրամփի համար այլ ժամկետ չէր թողնում:
Ահա այստեղ գանք հեռախոսազրույցի երկրորդ կարեւոր մտքին: Ուշակովի խոսքով` «Պուտինը ներկայացրել է իրական իրավիճակը մարտադաշտում, որտեղ ռուսական ուժերը առաջ են շարժվում ամբողջ առաջնագծի երկայնքով»։ Ապա հաջորդել է ուկրաինական թեմայով քննարկումները եւ Թրամփի մի շարք առանցքային մտքերը:
Հիշեցնենք, հեռախոսազրույցից մեկ օր առաջ Պուտինը հայտարարեց Կոնստանտինովկայի գրավման մասին, ինչը հաստատում են նաեւ օբյեկտիվ հսկողության աղբյուրները: Իսկ Կոնստանտինովկան, ընդգծենք, մեծությանբ երկրորդ քաղաքն է Մարիուպոլից հետո, որը ռուսական ուժերը գրավեցին մարտերով, ընդ որում, համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Եվ այն, որ հենց այդ փաստը կարող էր Թրամփի համար պատճառ դառնալ` մինչ Անկարա մեկնելը շատ արագ Պուտինի հետ խոսելու եւ, միգուցե, շատ ծրագրեր վերանայելու համար, ենթադրելի է:
Ի՞նչ պատկեր էր մինչ այս:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին արեւմտյան եւ ուկրաինական լրատվամիջոցները լցված էին «ճակատում գրեթե արմատական բեկման» մասին նույնական պատմություններով: Այս քարոզչական արշավը, որի հիմքում դրված էին ռուսական տարածքներին ուղղված ուկրաինական մեկը` տաս ներկայացվող հարվածները, ակնհայտորեն ուղղված են որոշակի թիրախի՝ ԱՄՆ նախագահին: Ընդհանուր տեղեկատվական արշավը կառուցված է դասական քաղաքական լոբբինգի օրենքների համաձայն: Թրամփը, որը հայտնի է իր գործնական մոտեցմամբ, չի սիրում ներդրումներ կատարել այնպիսի նախագծերում, որոնք շահաբաժիններ չեն բերում: Եվ որպեսզի Վաշինգտոնը բացի նոր զենքի փաթեթներ, Կիեւը եւ նրա եվրոպական գործընկերները պետք է ցուցադրեն իրենց «ապրանքները»: Այսինքն՝ համոզեն Սպիտակ տանը, որ Ուկրաինայի զինված ուժերը բառացիորեն մեկ քայլ հեռու են ռազմավարական առաջընթացից, եւ որ վերջնական հարձակման համար անհրաժեշտ է միայն ավելի շատ ամերիկյան սարքավորումներ:
Նմանատիպ սցենար արդեն դիտարկվել է, օրինակ, վերջերս Եվրոպայում կայացած G7 գագաթաժողովից առաջ: Այնուհետեւ, գագաթաժողովի նախօրեին, Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում իրականացվեց: Որոշակի թիրախներ, իհարկե, խոցվեցին. այլ բան չէր կարող լինել: Բայց այդ ամենն այնպիսի ճոխությամբ հրամցվեց, որ դրա տակ մեկ միտք էր ընդգծված դառնում. Թրամփը պետք է հավատար, որ Ռուսաստանը խոցելի է, իսկ Կիեւը «ունակ է հակամարտությունը տեղափոխել օտար տարածք»: Արեւմտյան մամուլի վերնագրերը, ինչպես նաեւ Ռուսաստանում սրվող վառելիքաէներգետիկ ճգնաժամն իրենց գործն արեցին։ Վերջին շաբաթներին եվրոպական մայրաքաղաքներում գրեթե տոնական տրամադրություն է տիրել։ G7 գագաթաժողովից հետո քաղաքական գործիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել Թրամփի «դիրքորոշման փոփոխության» մասին։ Առավել եւս, երբ հաջորդեց պետքարտուղարի խոսքը, թե Ալյասկայում ոչ մի բան էլ չեն պայմանավորվել:
Վերջին մեխը պետք է խփվեր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Այսինքն, պետք էր Թրամփին վերջնականապես համոզել, որ առանց իրեն էլ Եվրոպան ի զորու է Ուկրաինային հասցնել պատերազմում հաղթական ավարտին, եւ եթե Թրամփն ուկրաինամետ, այն է` եվրոպայամետ եւ ՆԱՏՕ-ամետ դիրքերում չմնա, ապա կարող է զրկվել «արջի մորթու» հետպատերազմական բաժանումից:
Միայն թե մի «փոքր» խնդիր կա` «արջը դեռ սպանված չէ»: Ավելին, հաշվի առնելով ռազմաճակատային իրողությունները, իրականում լավ էլ մռնչում է: Ահա հենց այդ մռնչյունն էլ Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի նախօրեին մատուցեց ԱՄՆ–ին` Կոնստանտինովկայի գրավման տեսքով, որին զուգահեռ ռուսները գրավեցին տասնյակ կարեւոր այլ բնակավայրեր եւս: Այսինքն, Եվրոպայի հրամցրած պատմությունների փոխարեն, թե Թրամփ ջան, հիմա տես, թե ուկրաինական բանակն ինչեր է ԱՆԵԼՈՒ, Մոսկվան հրամցրեց այլ տարբերակ` տեսա՞ր, թե ինչ ԱՐԵՑԻՆՔ: Առավել եւս, որ այս օրերին նաեւ Կիեւին մի շարք միանգամայն ծանր հարվածներ եւս հասցվեցին: Կիեւն էլ իր հերթին շարունակեց իր հարվածաշարերը, բայց գոնե ամերիկյան փորձագետները կարող են գնահատել, թե իրավիճակն ում օգտին է զարգանում:
Այսպիսով, տեղեկատվական արշավի կազմակերպիչների համար գլխավորը «արագ հաղթանակի» պատրանքը պահպանելն էր մինչեւ Անկարայում վերջնական հռչակագրի ստորագրումը եւ Թրամփի կողմից նոր ռազմական պայմանագրերի հաստատումը։ Սակայն Կոնստանտինովկայի գրավումը հենց դա փոխեց: Արդյունքում, Թրամփը շատ լուրջ պատճառ ստացավ նորից իր հետագա ծրագրերի մասին մտածելու համար: Եվ դրա առաջին քայլը դարձավ Պուտինի հետ կապի դուրս գալն ու անձամբ նրանից լսելը, թե իրականում ռազմաճակատներում ինչ է կատարվում: Ու, երեւի այդ պատմությունն այնքան նրան հուզեց, որ ակամա հիշեց, թե ժամանակին ինչ հաճույքով էր Էրմիտաժ այցելում:
Հաջորդեց Մոսկվայի եւս մեկ քայլը. խոսքը Պեսկովի հայտարարության մասին է, որ Ռուսաստանն արդեն Ուկրաինայում տեսնում է ոչ թե հատուկ ռազմական օպերացիա, այլ` պատերազմ: Սրանք միանգամայն այլ տերմիններ են: Եթե ՀՌՕ, այդ դեպքում Ուկրաինային օգնողներն ընկալվում են այդ տրամաբանության մեջ: Եթե պատերազմ, ուրեմն ցանկացած օգնությունը Մոսկվան կարող է համարել օգնողի կողմից ՌԴ–ի դեմ պատերազմական քայլ:
Գումարած, եթե պատերազմ, ապա դրանով Մոսկվան առաջին հերթին Թրամփին այն մեսիջն է հղում, որ չի պատրաստվում կանգնել, եւ երկիրը կարող է տեղափոխել ռազմական օրենքների ժամանակաշրջան` սկսած մոբիլիզացիայից եւ երկրի ներսում «դեմոկրատական ազատությունները» արգելելուց, վերջացրած ռազմական դոկտրինի կիրառումով, որի բաղկացուցիչն է միջուկային դոկտրինը:
Պատերազմ արտահայտությունը նաեւ ցուցադրական մեսիջ է Արեւմուտքին եւ, առաջին հերթին` Թրամփին. ինքներդ որոշեք, թե դեպի ուր ենք գնալու: Այսպիսով, տեսնենք, թե հիմա ինչ ընթացք է ստանալու այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ընդ որում, երբ Թրամփը այս ամենից հետո ակնարկեց, որ պատրաստվում է հանդիպել Զելենսկուն եւ անմիջապես էլ զանգահարել է Պուտինին, արդեն հետաքրքիր մեսիջ էր:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69386

