Միշուստինի հետ Փաշինյանի հանդիպումն ի՞նչ կփոխի հայ–ռուսական հարաբերություններում
ՎերլուծությունԱյսպիսով, Իրանից վերադարձած Նիկոլ Փաշինյանը վերջապես Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունեցավ։ Առիթը` Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն էր: Իրական իմաստը` ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հանդիպելը, ում հետ օրերս նաեւ հեռախոսազրույցի հնարավորություն էր ունեցել:
ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն
Փաշինյանի` Իրան կատարած այցն ինչ–որ արտասովոր դրվագով աչքի չընկավ: Միակ էական պահը նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպումն էր: Բայց, հաշվի առնելով Փեզեշքիանի ծայրահեղ զբաղվածությունը` կապված Ալի Խամենեիի հրաժեշտի մասշտաբային արարողությունների եւ այցելուների մեծ թվի հետ, այդ հանդիպումը հազիվ թե ինչ–որ խորքային իմաստ ունենար: Չնայած, Փաշինյանի այս այցի հետ կապված պետք է առանձնացնել նաեւ բուն այցի փաստը` նա մեկնեց Իրան: Մի վայր, որտեղ տասնյակ միլիոնավոր մարդիկ գոռում էին «մահ ԱՄՆ–ին» եւ «մահ Իսրայելին»: Այսինքն, Նիկոլի նման այցը հազիվ թե այդ նույն ԱՄՆ–ից եւ Իսրայելից, մեղմ ասած, բարյացակամ հայացքների արժանանա, եթե անգամ դա հրամցվի` «հարեւանի վշտի նկատմամբ հարգանք» բացատրությամբ: Նման «հարգանքը» կարող էր դրսեւորվել, եթե Նիկոլն անձամբ չգնար Թեհրան: Բայց եթե անձամբ է գնում, դա արդեն ընկալվում է` որպես աշխարհաքաղաքական դիրքորոշման ցուցիչ: Ընդ որում, Եվրոպայում դա, թերեւս, կանտեսեն: ԱՄՆ–ում պետք է որ հարցեր առաջանան, թե նման մոտեցումից հետո Նիկոլն իրականում մնո՞ւմ է «Թրամփի ուղու» ջատագով, թե՞ ամերիկացիներին այդ «կոմունիկացիոն վինտիլը» տալու խոստումների տակ, իրականում «տակից» կան նաեւ Իրանի համար ընդունելի կոմունիկացիոն այլ մեխանիզմների ծրագրեր:
Ու այդ կասկածները կարող են սրվել, հաշվի առնելով, որ Իրանից հազիվ վերադարձած, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան: Այստեղ, թերեւս, նախ նորից բուն այցի փաստը պետք է հաշվի առնել: Իրան Փաշինյանը պաշտոնապես, այսպես ասենք, հուղարկավորության արարողության էր գնացել, որը դժվար է համարել նրա առաջին պաշտոնական այցը վերընտրվելուց հետո: Ու այդ հաշվարկով ստացվում է, որ նա իր առաջին այցը, որը միշտ ընկալվում է խորհրդանշական իմաստով, կատարեց Ռուսաստան: Բայց այստեղ էլ կան հակասություններ. սովորաբար նման առաջին այցերը կատարվում են հյուրընկալվող երկրի ղեկավարին: Կոպիտ ասած, իմաստը «այց` մեծ եղբորը» սկզբունքն է: Այս դեպքում «մեծ եղբորից» անգամ շնորհավորանք չես ստացել ու պետք է հանդիպես ընդամենը նրա ներկայացուցչին: Ուրեմն, սա կարելի է ընկալել որպես առաջին պաշտոնական այց, այդ տերմինի բուն իմաստով. հարցեր այստեղ կան: Արդյունքում, այդ այցն ի սկզբանե տանում էր այս իմաստին: Կա՛մ Փաշինյանը դրանով փորձեց ցույց տալ, թե անկախ եղած խնդիրներից, մեկ է, Ռուսաստանին եմ համարում իմ թիվ 1 գործընկերը եւ հենց այդ երկիր էլ կատարում եմ առաջին այցը` անկախ նրանց վերաբերմունքից: Կա՛մ այդ այցի տակ կան ինչ–ինչ հարցերի շուրջ պայմանավորվելու անհրաժեշտություն, այսինքն, Միշուստինին ավելի վերեւներից հանձնարարվել է լսել Փաշինյանի առաջարկները, ըստ այդմ էլ կկայացվեն որոշումներ:
Կարճ ասած, թե կուլուարային ինչ քննարկումներ են եղել, դեռ շատ առաջ չընկնենք ենթադրություներում: Բայց նաեւ ֆիքսելով այն ընդհանրական տրամաբանությունը, որն այսօր առաջացել է հայ–ռուսական հարաբերություններում:
ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՏԵՍԼԱԿԱՆԻՆ
Մի կողմից, հասկանալի է, փաշինյանական «դեպի Եվրոպա» տեսլականն է: Իհարկե, մինչ Ռուսաստան մեկնելը, Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Փաշինյանին Ռուսաստանից առավելագույնս հետ քաշելու եւս մեկ վճռական քայլ արեց` մենք ձեր ապրանքները կգնենք, այս կանենք, այն կանենք իմաստով: Բայց այն փաստը, որ տիկին Ուրսուլան Հայաստանի հետ կապված տեսնում է մոլդովական կամ ուկրաինական սցենարների կիրառումը, պետք է որ Նիկոլի մոտ վատ կանխազգացումներ առաջացնեին եւ մի քանի իմաստներով: Ամենագլխավորը. Մոլդովան ներկայումս ընթանում է պետականությունից ինքնուրույն հրաժարվելու կուրսով եւ սկսել է Ռումինիային միանալու գործընթաց: Ուկրաինայի մասին ավելի լավ է չխոսել. դեպի Եվրոպա կուրսը երբեմնի 50 միլիոնանոց երկրից ուղիղ կեսն է թողել, եւ դեռ հարց է, թե վերջում ինչ կմնա: Ու այդքանից հետո անգամ Մոլդովան ԵՄ կազմում կարող է հայտնվել միայն որպես Ռումինիայի մասնիկ: Իսկ ահա Ուկրաինային բոլորն են պարզ ասում` առնվազն մոտակա մի 10 տարիներին այդ մասին մտածել անգամ չփորձի: Էլ չասած, որ, ինչպես Ուկրաինայի ազգայնամոլական շրջանակների ներկայացուցիչներն են սկսել խոստովանել, իրենց առնվազն արեւելաեվրոպական երկրները ԵՄ երբեւէ չեն թողնելու: Ու հաշվի առնելով այն թշնամությունը, որն այս պահին ստեղծվել է Կիեւի եւ Վարշավայի միջեւ, դա միանգամայն ռեալ գնահատում է:
Ու սա այն դեպքում, երբ Մոլդովան եւ Ուկրաինան Եվրոպայի հետ ունեն ուղիղ սահմաններ: Ի տարբերություն Հայաստանի, որը Եվրոպա կարող է հասնել միայն այնպիսի ճանապարհներով, որոնք ցանկացած պահի կարող են փակվել:
Վերջապես, այդքան ճոխ խոստումներ տված Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրոպայում բառացիորեն ատում են, մեղադրում հազար ու մի մախինացիաների, մասշտաբային կոռուպցիոն գործարքների մեջ: Նրան ամեն պահ կարող են հեռացնել ասպարեզից, եւ մեծ հարցականներ կան, թե այդ դեպքում Նիկոլին տված խոստումներից ի՞նչ է մնալու:
Մի խոսքով, որ Նիկոլը հասկանում է ռուսական շուկայից կտրվելու մահացու հետեւանքները, դա թերեւս միանշանակ է: Առավել եւս, որ հիմա վարչապետական աթոռին է նստել կիսալեգիտիմական կարգավիճակով, անկախ ընտրություններում «հաղթանակից», երկրում մի բան էլ սրվել է` ճգնաժամն ու պայթյունավտանգ մթնոլորտը: Ու թե ինչի կտանի, եթե դրան գումարվի նաեւ Ռուսաստանի հետ կապերը խզելու արդյունքում սպասվող պայթյունը, կարելի է կռահել:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ
Իսկ մյուս կողմից Նիկոլը նաեւ հասկանալու խնդիր ունի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով ինչ տարբերակներ ունի: Ու այստեղ, որոշակի կոնկրետ փաստեր արդեն սկսում են իրենց դերը խաղալ:
Նախ, Մոսկվայի համար հատկապես ՀՀ ՍԴ որոշումից հետո արդեն փաստ է, որ Փաշինյանը նորից նստած է վարչապետի աթոռին: Դա լավ է, թե` վատ, հարցի մի կողմն է: Իսկ պրակտիկ իմաստով այս պահին կա «ինչ անել» դասական հարցը: Ընդհանրական իմաստով երկու տարբերակ կա: Կա՛մ գնում են Հայաստանի հետ կապերի վերջնական խզման, որը կարող է արտահայտվել այս պահին առկա առեւտրային սահմանափակումները պահելու, միգուցե նաեւ պարբերաբար խորացնելու, Նիկոլին հետագայում էլ անտեսելու տեսքով: Կա՛մ պետք է փորձեն ներկա փաստացի իրողություններից ելնելով, որոշակի հարաբերություններ կառուցել, ինչ–ինչ պայմանավորվածությունների գալ` սպասելով իրավիճակային փոփոխության: Այսինքն, թե ուր են գնալու ուկրաինական պատերազմը եւ խորքային իմաստով` Եվրոպայի եւ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները:
Առաջին տարբերակը Նիկոլի համար կլիներ վատթարագույնը: Եթե անգամ նա ծրագրել է լիովին տեղափոխվել դեպի արեւմտյան աշխարհաքաղաքական դաշտ, մեկ է, այս պահին եւ շատ արագ դա իրականացնելու համար ռեալ տարբերակներ չկան: Առավել եւս, որ Եվրոպան էլ, բացի «ձեր ապրանքները կգնենք» հերթապահ խոստումներից եւ մի քանի եվրո նվիրելուց, այլ ռեալ առաջարկ կարծես թե այս պահին չունի: Բայց այս մեխանիզմը Մոսկվայի համար էլ ամենաձեռնտուն չէ: Թուրքիան օգտվելով առիթից` պարզապես կարող է տնտեսական ինտերվենցիայի ենթարկել Հայաստանը: Եվ եթե նաեւ այս ընթացքում ռուսական ռազմաբազան հանելու խնդիր առաջադրվի, ապա Հայաստանը պարզապես կվերածվի Սահակաշվիլու ժամանակների Վրաստանի:
Մի խոսքով այն, որ Մոսկվան որոշեց Միշուստինի միջոցով լսել Փաշինյանին, թերեւս իր որոշակի տրամաբանությունն ունի: Մնում է հասկանալ, թե դա որեւէ արդյունավետություն կողմերի համար կունենա՞:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69385

