Միակ երկիրն ենք, որտեղ առյուծը դատապարտվեց. Քրիստինա Վարդանյան
ՀասարակությունԵրեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրել է.
«Երևի միակ երկիրն ենք, որտեղ առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…
Առավոտյան պաշտոնական նամակով կդիմեմ Երևանի քաղաքապետին։
Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Որպես Երևանի ավագանու անդամ և Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ՝ պահանջում եմ նշանակել ամբողջական, անկախ, թափանցիկ և մասնագիտական ծառայողական քննություն՝ տեղափոխված առյուծի մահվան բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Պահանջում եմ.
հրապարակել անզգայացման ամբողջական արձանագրությունը՝ կիրառված դեղամիջոցները, դեղաչափերը, անզգայացման ընթացքի հսկողության տվյալները,
ներկայացնել կենդանու տեղափոխման կազմակերպման և իրականացման ամբողջ ընթացակարգը,
իրականացնել և հրապարակել դիահերձման պաշտոնական եզրակացությունը՝ մահվան պատճառի վերաբերյալ,
պարզել՝ պահպանվել են արդյոք կենդանու անզգայացման, տեղափոխման, հետանզգայացման հսկողության և պահպանության նկատմամբ գործող մասնագիտական և իրավական բոլոր պահանջները,
ծառայողական քննության արդյունքները ներկայացնել նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին։
Կենդանու մահը չափազանց լուրջ դեպք է և չի կարող մնալ առանց լիարժեք մասնագիտական գնահատականի և պատասխանատվության։
Հասարակությունն իրավունք ունի ստանալու ամբողջական և հիմնավորված պատասխաններ, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։
Հարգանքով՝
Քրիստինա Վարդանյան, բ.գ.թ., դոցենտ
Երևանի ավագանու անդամ
Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ»:

