Պաշտոնական. Սպերցյանը` «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլիի» ֆուտբոլային ակումբ։
Նոր ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ(4+1):
«Կրասնոդարը» շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։
«2024/25 մրցաշրջանում Էդուարդը՝ որպես ավագ, «ցուլերին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 ասիստ)։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավա՛գ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշված է «Կրասնոդարի» պաշտոնական հայտարարության մեջ։
Սպերցյանը ռուսական թիմի կազմում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

