Հայկական թենիսը բարձունքի վրա է
ՍպորտԱզգային հավաքականները հաջողության են հասել աշխարհի գավաթի
խաղարկություններում
Հունիսին Հայաստանի թենիսի ազգային հավաքական թիմերը մասնակցեցին տարվա թիմային գլխավոր մրցումներին: Դևիսի գավաթի խաղարկությունում առաջինը մասնակցեցին տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչները, որոնք այս տարի պայքարում էին համաշխարհային դասակարգման աղյուսակի 4-րդ խմբից 3-րդ խումբ դուրս գալու համար:
Ուշագրավ է, որ մրցաշարը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց՝ Ծաղկաձորի թենիսի կենտրոնի դաշտերում: Վեց երկրների հավաքականների մրցախաղերին հետևում էին մեծ թվով հայ երկրպագուներ, որոնք շատ ջերմորեն աջակցում էին մեր ազգային հավաքական թիմին: Այս տարի Հայաստանի հավաքականն ամբողջությամբ թարմացվեց. մեծահասակներին փոխարինելու եկան տասնութամյա երիտասարդ թենիսիստներ Միքայել Ավանեսյանը, Ավետիք Ղազարյանը, Դավիթ Պողոսյանը և Սամվել Աղայանը։ Թիմի գլխավոր մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայ մարզիկները ուրախացրին երկրպագուներին փայլուն խաղով, ցուցաբերեցին կամք և հասան անհրաժեշտ արդյունքի: Հայաստանի հավաքականը հաղթեց անցկացված հինգ մրցախաղերից չորսում, զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչը թույլ տվեց բարձրանալ ևս մեկ աստիճան: Հաջորդ տարվանից սկսած՝ հայ մարզիկները հանդես կգան Դևիսի գավաթի երրորդ խմբում, որտեղ մեզ սպասում են ավելի հայտնի մրցակիցներ: Հայ թենիսիստները դեռ երիտասարդ են, մենք անհամբեր կսպասենք նոր հաղթանակների ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում:
Սան Մարինոյի թենիսի հրապարակներում (կորտ) զուգահեռաբար մեկնարկեց տարվա գլխավոր մրցաշարը կանանց թիմային մրցումներում՝ Բիլի Ջին Քինգի գավաթի (Billie Jean King Cup) խաղարկությունը։ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հավաքվեց հետևյալ կազմով. Անի Ամիրաղյան՝ թիմի ամենափորձառու խաղացողը, հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից, ռեկորդակիր է ազգային հավաքականի կազմում անցկացված խաղերի քանակով, Ալինա Սողոմոնյան՝ երրորդ անգամ է ներկայացնում Հայաստանի հավաքականը, խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականում, բայց 2021 թվականին փոխել է իր մարզական քաղաքացիությունը և արդեն հինգ տարուց ավել հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Մարիա Ազիզյան՝ թիմի ամենաերիտասարդ մասնակիցը, օգոստոսին կդառնա ընդամենը 15 տարեկան։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մարիան արդեն հաղթել է եվրոպական մի քանի հեղինակավոր մրցաշարերում և վաստակել է իր առաջին միավորները WTA-ում (Women’s Tennis Assotiation – Թենիսի կանանց ասոցիացիա)։ Եվ, վերջապես, Էլինա Ավանեսյան՝ անվանի մարզուհի, որին ներկայացնելու կարիք չկա, մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանի հավաքական թիմի կազմում։
Էլինան ժամանեց մի փոքր ուշացումով, քանի որ նախորդ օրը խաղում էր եզրափակչում և Զագրեբում դարձավ ITF W100 (International Tennis Federation – Թենիսի միջազգային ֆեդերացիա) մրցաշարի հաղթողը։ Հայաստանի հավաքականի մասնակիցները կազմակերպեցին ջերմ ընդունելություն և շնորհավորեցին Էլինային հերթական տիտղոսի առթիվ։ Չնայած մարզուհիների տարբեր տարիքներին՝ թիմում առաջին իսկ օրվանից տիրել է բարեկամության և վստահության մթնոլորտ, մեծ մասամբ շնորհիվ հավաքականի մարզիչ Գայանե Մովսիսյանի։ Մեր աղջիկները ջերմորեն աջակցում էին մեկը մյուսին, քաջալերում միմյանց դժվար պահերին և միասին ուրախանում ձեռք բերած յուրաքանչյուր միավորի համար։
Վիճակահանությամբ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի, Անդորրայի և Չեռնոգորիայի հետ նույն խմբում։ Առաջին իսկ մրցախաղում մեզ վիճակվեց խաղալ Ադրբեջանի հետ, դա առանձնակի պատասխանատվություն դրեց թիմի վրա և անհանգստություն առաջացրեց մրցաշարի բոլոր մասնակիցների մեջ։ Մեր մարզուհիները հրաշալի կերպով հաղթահարեցին իրենց հույզերը և մրցակիցներին ոչ մի հնարավորություն չթողեցին։ Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը մենախաղում հաղթեցին համապատասխանաբար 6:0, 6:0 և 6:3, 6:2 հաշվով։ Ալինա Սողոմոնյանը և Մարիա Ազիզյանը ևս մեկ միավոր ավելացրին հավաքականի հաշվին՝ զուգախաղերում հաղթելով մրցակիցներին 6:2, 6:1 հաշվով։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին՝ չզիջելով ոչ մի սեթ։
Երկրորդ օրը մեր հավաքականը բարձունքի վրա էր։ Այդ նույն կազմով և այդ նույն հաշվով Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։
Երրորդ օրը շատ լարված եղավ, քանի որ երկու մրցակիցներն էլ՝ Հայաստանը և Չեռնոգորիան, հասան վճռորոշ մրցախաղին առանց կորստի, և առերես հանդիպմանը որոշվելու էր խմբի հաղթողը, որն իրավունք էր ստանալու խաղալ մրցաշարի եզրափակչում: Բոլոր երեք մենամարտերում էլ ընթանում էր անզիջում պայքար, բոլոր մասնակիցներն ունեին WTA-ի վարկանիշ և մեծ փորձ միջազգային մրցաշարերում: Երեք խաղերից յուրաքանչյուրում հաշիվը հավասար էր՝ 1։1, և հարկ է նշել, որ մեր աղջիկները կամք ցուցաբերեցին և համառ պայքարում հաղթեցին իրենց բոլոր վճռորոշ սեթերը: Ի վերջո, Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի հավաքականին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
Եզրափակչում մեզ սպասում էին էստոնացի թենիսիստուհիները, որոնք նույնպես հաղթել էին իրենց բոլոր մրցախաղերում։ Դեռևս անցյալ տարի նրանք ելույթ ունեցան Բիլի Ջին Քինգի համաշխարհային երկրորդ խմբում և փափագում էին այնտեղ վերադառնալ։ Էստոնիայի հավաքականի կազմում խաղում էին երկու թենիսիստուհիներ, որոնք աշխարհի լավագույն 100-ի մեջ էին։ Այս մենամարտը դժվար սկսվեց հայ թենիսիստուհիների համար. Անի Ամիրաղյանը զիջեց առաջին սեթում 4։6 հաշվով, թեև ցուցադրեց հիասքանչ խաղ։ Մրցախաղն ավելի դժվարացավ 40 աստիճան շոգի պատճառով, Անին ստիպված եղավ մի քանի անգամ դիմել բժշկի և բժշկական ընդմիջումներ անել։ Հավաքականի անդամները աջակցեցին Անիին, ինչպես որ կարողացան։ Մեր մարզուհիները կրկին ցուցաբերեցին համառություն ու երկաթե կամք. սկզբում Անի Ամիրաղյանը, իսկ հետո Էլինա Ավանեսյանը հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը և սահմանեցին վերջնական հաշիվ՝ 2։0։ Զույգախաղ անցկացնելն անիմաստ էր, քանի որ հաշվի տարբերությունը արդեն ոչ մի դեր չէր խաղում։
Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 17 տարի անց վերադարձավ համաշխարհային թենիսի ընտրանի և մյուս տարի հանդես կգա երկրորդ խմբում՝ Եվրոպայի և Աֆրիկայի առաջատարների հետ միասին: Մենք ուշադիր կհետևենք մեր մարզուհիների ելույթներին: Ի դեպ, Էլինա Ավանեսյանն ընդգրկվել է ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) Մեծ սաղավարտի (Grand Slam) մրցաշարի մասնակիցների ցուցակում: Մաղթում ենք նրան հաջողություն և, իհարկե, մեր թերթում կշարունակենք լուսաբանել այն մարզիկների հաջողությունները, որոնք արժանապատվորեն են ներկայացնում Հայաստանը միջազգային մակարդակով:
Արթուր Սողոմոնյան
Լուսանկարում՝
Հայաստանի թենիսի ազգային հավաքականը։ Ձախից աջ՝ Ալինա Սողոմոնյան, Մարիա Ազիզյան, Էլինա Ավանեսյան և Անի Ամիրաղյան
Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքական
Հայաստան-Չեռնոգորիա խաղի մեկնարկը
Հայկական թիմի անդամները ջերմորեն ողջունեցին Էլինային և շնորհավորեցին նրան հերթական տիտղոսի կապակցությամբ

