Եղել է դեպք, ասել եմ ասեք՝ «հորս արեւ», ասել են՝ պարոն Ծառուկյանի արեւ, բա հիմա ինչո՞ւ կողքին չեն. Իսրայել Հակոբկոխյան
ՍպորտԻրավապահների լայնածավալ գործողությունների կենտրոնում հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խուզարկություններ են իրականացվել նրան առնչվող բազմաթիվ հասցեներում, կապարակնքվել են գրասենյակներ, առգրավվել են փաստաթղթեր եւ համակարգչային տեխնիկա։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան մեղսագրվում է, մասնավորապես, կազմակերպված խմբի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման կազմակերպում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրան-Հայաստան առեւտրային համագործակցության շրջանակում իրականացված ենթադրյալ հանցավոր սխեմաներին, որոնց հետեւանքով, ըստ նախաքննության, հափշտակվել է շուրջ 8,1 մլրդ դրամի գույք։
Մինչ իրավապահները պնդում են, որ գործողությունները հիմնված են ձեռք բերված ապացույցների վրա, քաղաքական դաշտում եւ հանրային քննարկումներում արդեն հնչում են տեսակետներ, թե տեղի ունեցողը բացառապես ունի քաղաքական ենթատեքստ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է սպորտի վաստակավոր վարպետ, Աշխարհի, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպարտակիադաների կրկնակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԻ հետ։
«ԱՅՍՕՐ ԻՐԵՆՔ ԱՅԴ ԱԹՈՌԻՆ ԵՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՔԵՖԻ ՏՎԱԾՈՎ ԵՆ ԱՆՈՒՄ»
— Որպես վաստակավոր սպորտսմեն, պարոն Հակոբկոխյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս քաղաքական իրավիճակը։
— Մի բառով ասեմ՝ ահավոր վատ, խոսք չեմ գտնում ասելու՝ ո՞նց կարելի է։ Ո՞նց կարելի է գնահատել, ո՞նց կարելի է բան անել։ Ուղղակի, կան մարդիկ, ովքեր կյանքում չեն հասկանում այդ աթոռի կարեւորությունը: Այսօր իրենք այդ աթոռին են ու իրենց քեֆի տվածով են անում: Իսկ ինչ վերաբերում է իշխանության կողքի կատարածումներին, օրինակ՝ Ազգային անվտանգությանը, ոստիկանությանը, հիմար հրամաններ են կատարում, չեն մտածում, որ այդ հրաման տվողները վաղը փախնելու են, իրենք փախնելու տեղ չեն ունենալու: Հետո ո՞նց են նայելու մարդկանց աչքերին: Այսինքն, հասկանո՞ւմ եք, այսօրվա հրաման տվողը, ինքը գնալու տեղ ունի, բա դուք ո՞ւր եք գնալու: Երբ հացադուլ էի անում այն ժամանակ էլ էի ասում: Երբ փորձում են արդարանալ, թե բա՝ հրաման ենք կատարում, ասում եմ՝ վաղն էլ ուրիշի հրամանն ես կատարելու:
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՐԴՈՒՄՆԵՐ ԷԻՆ ՈՒՏՈՒՄ»
— Վարպետ, Գագիկ Ծառուկյանի տան եւ նրան առնչվող մի շարք ընկերությունների ու տարածքների նկատմամբ իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են իրականացրել։ Թե որքանով է այն օրինական, ժամանակը ցույց կտա, սակայն ինչպես տեսանք, նրա կողքին էին կանգնել միայն կուսակցականներն ու իրավաբանները: Ո՞ւր էին այն մարզիկներն ու մարզիչները, ովքեր Ծառուկյանից ստանում էին մեծ նվերներ, կոչումներ եւ ամեն տեսակի աջակցություն:
— Գիտեք, ինչո՞ւմն է ցավս, երբ հացադուլ էի անում, դա ուներ նպատակ՝ մարդիկ հավաքվեն իրար գլուխ: Կարծում էի՝ հանրաճանաչ մարզիկները կմիանային: Գագիկ Ծառուկյանի անունով մարդիկ երդումներ էին ուտում, երբ պարգեւավճարներ էին ստանում: Անգամ եղել է դեպք, երբ ասել եմ՝ ասեք «հորս արեւ», ասել են՝ պարոն Ծառուկյանի արեւ, հասկանո՞ւմ եք։ Այսօր այդ համաշխարհային դեմքեր դարձած մարզիկները՝ լռած, պոչները կախած, վախենում են ծպուտ հանեն: Ես արդեն գործող չեմպիոն չեմ, բայց այն հռչակավոր մարզիկներն ու իրենց մարզիչներն ո՞ւր են: Ո՞նց թե, սենց հա՞... Բա հիմա ինչո՞ւ Ծառուկյանի կողքը կանգնած չեք: Նմանների պատճառով, ես ինքս եմ արդեն ամաչում, որ ես նախկինում մարզիկ եմ եղել: Սովետի ժամանակ, մարզիկը իր տեղն է ունեցել, նախորդ իշխանությունների ժամանակ էլ:
«ԱՅ ԱԽՊԵՐ ՋԱՆ, ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻՆԸ ՉԷ, ՄԵՐՆ ԷԼ Է»
— Կարո՞ղ ենք փաստել, որ ընտրություններից հետո՝ Նիկոլ Փաշինյանի պայքարի մեթոդները քաղաքական մրցակիցների դեմ էլ ավելի են խստացել՝ ճնշումներ, վարկաբեկում, ազատազրկում։
— Ախր, նախ սկսենք նրանից, թե Նիկոլն ո՞վ է եղել իր կյանքում։ Ով անցյալ չի ունեցել, ապագա էլ չի ունենա: Ախր չեմ հասանում՝ ո՞նց մարզաշխարհի մարդիկ չեն հավաքվում իրար գլուխ: Մի լավ ժողովրդական ասացվածք կա. «Մի ծաղկով գարուն չի գա»: Ես հացադուլ արեցի ու իմ առողջության հաշվին փորձեցի մարզիկներին հավաքել իրար գլուխ, որ ասեմ՝ այ ախպեր ջան, այս երկիրը միայն Նիկոլինը չէ, մերն էլ է: Մենք ենք այս երկրի դրոշը բարձրացրել։ Մի՞թե մենք մեր խոսքը պիտի չունենանք։ Բայց տեսա՞ք ինչ արդյունք եղավ: Ու այսօր, որ Գագիկ Ծառուկյանի ձեռքից պարգեւատրումներ են ստացել ու պատրաստ էին ոտքերի առաջ խոնարհվեին, այդ մարդկանցից ոչ մեկը ո՛չ եկավ, ո՛չ էլ տեսա։
Է՛հ, աղջիկ ջան, այս ի՞նչ ժամանակներ ենք ապրում, նապաստակի մորթի են հագել։ Երբ խոսացնում ես, այնպես են խոսում, ոնց որ իրենք են որ կան: Բա հիմա ո՞ւր են:
Հատկապես այն գործող մարզիկները, որ Փաշինյանի ձեռքից մի բան են ստանում, այնպես են խոնարհվում նրա առջեւ, որ ասելու չի: Բա նամուսն ո՞ւր մնաց:
Ծնողներս մի լավ խոսք էին միշտ ասում, երբ մրցումների էին ճանապարհում: Ասում էին՝ «տղա ջան, ինչ կանես, նամուսով կանես։ Իմացի՝ նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել։ Աննամուս բան, չանես հանկարծակի, մեռնելուց էլ ըլնես, չհանձնվես»։
Այսօր ի՞նչ են դարձել մարդիկ։ Չգիտեմ...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

