Այն ամենն, ինչ պետք է իմանալ մեր օրերում ընդդիմադիր մանդատ վերցնելու մասին
ՆերքաղաքականՔաղաքականության մեջ, ասում են, ամեն ինչ հնարավոր է։ Բայց կան տեսարաններ, որոնք նույնիսկ այդ «ամեն ինչի» սահմաններն են ընդարձակում։ Այդպիսի մի տեսարան էլ Ազգային ժողովում էր. Նիկոլ Փաշինյանին իր որդու մահվան գլխավոր մեղավոր հռչակած, վերջինիս ամենածանր քաղաքական ու բարոյական մեղադրանքները հնչեցրած պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որը խորհրդարան էր մտել «Հայաստան» դաշինքի ցուցակով եւ մանդատն էլ չվերադարձրեց, իր լիազորություններն ավարտող խորհրդարանում հերթ է կանգնել՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրաժեշտ տալու համար։
Իսկ չէ՞ որ դեռ երեկ հանրությանը համոզում էին, թե այս իշխանության հետ ոչ միայն ձեռք չեն սեղմի, այլ նույնիսկ նույն օդը չեն շնչի։ Այսօր, սակայն, պարզվում է՝ կարելի է հերթ կանգնել, ժպտալ, հրաժեշտ տալ, քաղաքավարի գլուխ խոնարհել։ Քաղաքականությունն, իհարկե, էմոցիաներով չի առաջնորդվում։ Բայց եթե մարդը հրապարակավ հայտարարում է, որ երկրի ղեկավարն իր անձնական ողբերգության պատասխանատուն է, ապա նվազագույնը հասարակությունն իրավունք ունի ակնկալելու, որ այդ հայտարարությունները չեն ավարտվի հերթ կանգնելով ու բարեկամական հրաժեշտներով։
Սա հերթական հիշեցումն է, թե որքան զգուշությամբ պետք է վերաբերվել որոշ ընդդիմադիրների բարձրագոչ, հայրենասիրական ու սկզբունքային հայտարարություններին։ Երբ խոսքն ու վարքագիծը իրար հետ ընդհանրապես չեն համընկնում, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ո՞րն էր իրականը՝ ամբիոնի՞ց ասվածը, թե՞ հրաժեշտի հերթում ցուցադրվածը։ Երբ քաղաքական «անհաշտությունը» ավարտվում է հերթ կանգնելով, մնում է միայն ընդունել, որ գեղամնազարյանությունն այլեւս քաղաքական կատեգորիա է, որից երաշխավորված չէ, ո՛չ լիազորություններն ավարտող, ո՛չ նոր ձեւավորվող խորհրդարանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

