Եթե շարունակենք կոպիտ սխալների շարքը, կհայտնվենք ծայրահեղ ծանր վիճակում. Արա Մարջանյան
ՀանդիպումՆախորդ շաբաթ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի։ մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ՄԱԿ-ի էներգետիկ անվտանգության ազգային փորձագետ, ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ:
— Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում՝ որպես օրինակ բերելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Այդ օրինակները որքանո՞վ են վստահություն ներշնչում։
— Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ դրական է, որ Եվրամիությունը եւ նրա ղեկավարն այդպես բարյացկամ են տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Ուղղակի, ո՛չ Մոլդովայի, ո՛չ Ուկրաինայի օրինակն առանձնապես ոգեւորող չէ: Նույնիսկ կարող է վախ առաջացնել, որ ուկրաինական մոդելն է առաջարկվում Հայաստանին:
Հիշեցնեմ, որ Ուկրաինան կորցրեց իր բնակչության 1/3-րդից ավելին։ Ենթակառուցվածքը, կարելի է ասել, փլուզվեց, եւ դա այն ծաղկուն հանրապետությունն էր, որը գոնե Արեւելյան Եվրոպայում համարվում էր տրանսպորտային ենթակառուցվածքներով զարգացած երկիր։ Այնպես որ, էլի եմ շեշտում՝ չեմ կարծում, որ օրինակները շատ ոգեւորող են:
Եվրոպան կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ, օրինակ, փոխանցել Հայաստանին որոշակի տեխնոլոգիաներ՝ միջուկային աշխատած վառելիքի թափոնների պահպանման գործում որոշակի հետազոտությունների առնչությամբ։ Բայց, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքականացնել իրավիճակը շատ վտանգավոր է։ Դիտարկել Հայաստանին, որպես գործիք, Ռուսաստանին ցավեցնելու համար, վերին աստիճանի վտանգավոր է հենց առաջին հերթին Հայաստանի համար։ Այստեղ ես կոչ կանեմ ավելի հանգիստ եւ սթափ ընկալել տիկին Ֆոն դեր Լայենի հայտարարությունները։
— Հայաստանի իշխանությունները գազի հնարավոր այլընտրանքների համատեքստում հաճախ հիշատակում են Ադրբեջանն ու Իրանը։ Եթե հարցը հասնի ռուսական գազին փոխարինելուն, այս երկրներից որեւէ մեկը կարո՞ղ է իրական եւ լիարժեք այլընտրանք դառնալ Հայաստանի համար։
— Այստեղ մի քանի փաստ պետք է ֆիքսել՝ Ադրբեջանը Հայաստանին գազ չունի մատակարարելու։ Ադրբեջանի ամբողջ գազը դեռեւս 10 տարի առաջ արդեն վաճառված է Եվրոպային։ Հիմա Ադրբեջանում որոշակի աշխատանքներ են տարվում կապված Շահ Դենիզի խորքային բնական գազի պաշարների ուղղությամբ (Ադրբեջանի ամենամեծ բնական գազի եւ կոնդենսատի հանքավայրն է, որը գտնվում է Կասպյան ծովի հատակին, Բաքվից մոտ 70 կմ հարավ-արեւելք, - հեղինակ), բայց մինչեւ դրա ավարտը տարիներ կտեւի։ Կարճ ասած՝ Ադրբեջան Հայաստանին գազ չունի տալու, միակ հնարավորությունը թուրքմենական գազի ներկրումն է Ադրբեջանից Հայաստան, բայց դա էլ առանձին մեծ խնդիր է։
Նույնը Եվրոպան գազ չունի Հայաստանին տալու, Հայաստանին գազ կարող է տալ միայն Ռուսաստանը՝ Վրաստանով եւ Իրանն՝ անմիջականորեն։ Այստեղից, կարծում եմ, գազի առումով ակնհայտ են Հայաստանի ռազմավարական գործընկերները։ Դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է, երկրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։
— Փաստորեն, Հայաստանը փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք այս քաղաքականությունը մեզ իրական անկախության է տանում, թե՞ պարզապես ստեղծում է նոր կախվածություններ եւ ավելի մեծ ռիսկեր։
— Այստեղ թույլ տվեք զգուշավոր պատասխանեմ՝ Հայաստանը կգնա այն ուղղությամբ, որ ուղղությամբ կթելադրի խելքը։ Եթե մենք շարունակենք կոպիտ սխալների շարքը, ապա կհայտնվենք ծայրահեղ ծանր վիճակում։ Իսկ եթե մենք ճիշտ հաշվարկենք իրավիճակը, ընդունենք համարժեք որոշումներ, կունենանք ծաղկուն, բարգավաճ եւ զարգացող Հայաստանի Հանրապետություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

