Սա խափանման միջոց չէ, այլ պատիժ. փաստաբանները պնդում են՝ Չախալյանի նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում
ՆերքաղաքականՔաղաքական եւ հանրային մեծ հնչեղություն ստացած եւ «18 արդարների գործ» անվանված քրեական գործը, որը դեռեւս գտնվում է դատաքննության փուլում, ուշագրավ ընթացք է ստացել։ Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Բագրատ սրբազանի գլխավորությամբ իբրեւ գործել է կազմավորված վերոնշյալ խումբը, որը նախապատրաստում էր իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում՝ ծրագրելով բռնի գործողություններ։ Չնայած դատավարությունը շարունակվում է, հընթացս պարզ է դառնում այս գործի ուղնուծուծով փուչիկ լինելը, ավելին՝ գործով անցնող 18 մեղադրյալներից գրեթե բոլորն արդեն ազատության մեջ են կամ նրանց նկատմամբ կիրառվել են ավելի մեղմ խափանման միջոցներ։
Ներկայումս միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Իգոր Սարգսյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ շարունակում են գործել որոշակի սահմանափակումներ, մինչդեռ վերոնշյալ շարքում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը շարունակում է կրել ամենախիստ սահմանափակումները։ Հուլիսի 4-ին լրացավ շուրջ մեկ տարի, ինչ նա անազատության մեջ է՝ նախ կալանավայրում, այժմ՝ տնային կալանքի տակ: Ընդ որում՝ ի տարբերություն մյուս մեղադրյալների՝ նա մնում է ոչ միայն տնային կալանքի տակ, այլեւ զրկված է հրապարակային հայտարարություններով հանդես գալու, հարցազրույցներ տալու, հյուրեր ընդունելու կամ այցելությունների հնարավորությունից։
Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերակված մոտեցումը, երբ գործի քննության այս փուլում մեղադրանքի առանցքային դեմք համարվող անձինք ավելի լայն ազատություններ ունեն, քան Վահագն Չախալյանը։ Ի՞նչ իրավական հիմքերով են պայմանավորված խափանման միջոցների այս տարբերությունները, եւ արդյոք դրանք համահունչ են համաչափության սկզբունքին։ Այս հարցերի շուրջ պարզաբանումներ «Իրավունք»-ը փորձեց ստանալ գործով ներգրավված փաստաբաններից։
«ՇԱՏ ԱՆԱՐԴԱՐ, ԿՈՂՄՆԱՊԱՀ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏՐՎՈՒՄ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ»
Վահագն Չախալյանի պաշտպաններից ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ ենթադրյալ «հանցագործությունն» իրենք համարում են, որ հանցագործություն չէ, այլ՝ բեմականացում, իսկ գործով անցնող բոլոր 18-ն էլ, իսկապես, արդար են: Բայց, եթե անգամ այդ ենթադրյալ «հանցագործության» աստիճանավանդակին դնենք, ապա «18 արդարների» մեջ Վահագն Չախալյանը կարող է միայն հայտնվել ամենավերջին աստիճանի վրա։
— Այս գործով ընդամենը «Չախալյան» ազգանունն են հոլովել: Եվ եթե հաշվի առնենք, որ ենթադրյալ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց մեծամասնությունը գտնվում են ազատության մեջ՝ վարչական հսկողության տակ եւ, փառք Աստծո, որ այդպես է, ապա Վահագն Չախալյանի նկատմամբ այս պահի դրությամբ ընդհանրապես բացի բացակայելու արգելքից՝ որեւէ խափանման միջոց չպետք է կիրառվեր:
Սա իրավական առումով ակնհայտ անարդար մոտեցում է։ Կարելի է ասել, որ զուտ հաշվի առնելով Վահագն Չախալյանի հայրենասիրական մոտիվները, իր պայքարելու ձիրքը՝ վերեւից եղել է իջեցված համապատասխան կարգադրություն, որպեսզի անձին տնային կալանքի տակ պահեն եւ թույլ չտան ընտրությունների հետ կապված հարցերին մասնակցել, հրապարակային հայտարարություններ անել: Սա, որպես այդպիսին, պատժիչ նպատակ է կրում: Տնային կալանքը եւս 3 ամսով երկարացել էին, նորից միջնորդեցինք, նորից թողեցին անփոփոխ:
— Բայց ո՞րն է այստեղ իրավական տրամաբանությունը, երբ, օրինակ, իբրեւ թե ձեւավորված «հանցավոր խմբավորման» առաջնորդն այսօր կարող է հարցազրույցներ տալ, տեսակցություններ ունենալ, շփվել բոլորի հետ, իսկ Վահագն Չախալյանին արգելված է ամեն ինչ:
— Ավելին ասեմ՝ մենք դատավոր Ֆարխոյանին ասում ենք՝ հարգելիս, նույնիսկ չեք կարողանում ապացուցել, չունեք փաստական հանգամանքներ, որ գործով հնչած «Չախալյան» ազգանունը վերաբերում է հենց Վահագն Չախալյանին: Բայց նույնիսկ այս պարագայում անհիմն կերպով մերժվում է խափանման միջոցի փոփոխությունը: Հիմա վերաքննիչ դատարանը, որը երկու շաբաթ առաջ գործն ընդունել է վարույթ, հուլիսի 6-ին պետք է հրապարակի կայացված որոշումը՝ մեր միջնորդությունը բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը կգնահատի արժանվույնս այս հանգամանքը եւ տնային կալանքը կվերացնի, այլ խափանման միջոց կկիրառի:
Շատ անարդար, կողմնապահ մոտեցում է ցույց տրվում Վահագն Չախալյանին: Նրա արարքում, որպես այդպիսին, ընդհանրապես հանցակազմ չկա, էլ չեմ էլ ասում, որ գործով չկան որեւիցե մի փաստական հանգամանք, որ ինքն առնչություն ունի այդ գործի հետ: Էլի եմ շեշտում՝ ընդամենը մի ձայնագրության մեջ հնչում է երկու հոգու խոսակցություն, որտեղ, կարծես թե, հնչում է «Չախալյան» ազգանունը: Հիմա, եթե ապացույցներն ուսումնասիրելուց հետո նրա անմեղությունը հիմնավորվեց, մենք հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության վերաբերյալ, որ նախաքննական մարմինը միտումնավոր վերջինիս հանցակազմի հատկանիշներով մեղավոր է ներգրավել՝ առանց ունենալու հիմնավոր ապացույցներ:
— Պարոն Խաչիկյան, իսկ խափանման միջոցի փոփոխությունն ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է, օրինակ, գրավ կիրառվի:
— Տնային կալանքը պետք է փոխարինվի վարչական հսկողությանբ: Մենք ի սկզբանե ասել ենք եւ ապացույցներն էլ ներկայացրել ենք, որ պետք է հաշվի առնվի Վահագն Չախալյանի սոցիալական վիճակը: Նա երկար ամիսներ չի աշխատում, չունի որեւիցե մի հարստություն կողքի դրած, ընդհակառակը՝ տունն այսօր գրավադրված է, բանկին վարկ է վճարում: Ներկայացրել ենք նաեւ առողջական վիճակը, որ իր երիկամներում քար են հայտնաբերել եւ ամեն անգամ այդ քարը շարժվելու արդյունքում սուր ցավեր է ունենում, ինչի համար պետք է նորմալ, բնականոն կյանքով ապրի: Բայց բոլոր հանգամանքները դատարանն անտեսել է։ Հիմա մեր միակ նպատակն այն է, որ զուտ վարչական հսկողություն կիրառվի: Գրավ չենք միջնորդել՝ չունենալով այդ հնարավորությունը։ Հուսանք, որ Վերաքննիչ դատարանը միջնորդությունը կբավարարի:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԼՌԵԼ Է՝ ԿԱ՛Մ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է, ԿԱ՛Մ՝ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ»
Պաշտպաններից փաստաբան ԱԼԵՔՍԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ եւս գտնում է, որ այսօր «18 արդարներից» ամենախիստ պատիժը կրում է Վահագն Չախալյանը, որովհետեւ, երեւի, հենց նա է ամենից շատը բարձրաձայնում առկա անարդարությունների մասին: Փաստաբանի գնահատմամբ՝ հենց սրանով է պայմանավորված, որ նրան ուզում են պատժել ամենախիստ ձեւով, ուրիշ բացատրություն լինել չի կարող։
— Ես անձամբ առաջիկա նիստերից ընդհանրապես ոչ մի ակնկալիք չունեմ: Ի դեպ, եթե նկատել եք, վերջին նիստերին միայն Չախալյանն է մնացել, որ խոսում է քաղաքական թեմաներով: Դրա համար էլ չեն փոխում խափանման միջոցը, որ իրենց չխանգարի, իրենց մասին խոսացող չլինի: Ընդ որում՝ ոչ միայն այս գործով ոչ մեկ չի խոսում, այլ ընդհանրապես քաղաքական դաշտը լռել է։ Կա՛մ համակերպվել է, կա՛մ էլ ընդհանուր մի ճանապարհով են գնում բոլորն էլ։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել:
— Փաստորեն, մի մասը համակերպվել է, մի մասը վերադարձել է իր բնականոն կյանքի հունին, իսկ Չախալյանի նման մարդիկ շարունակում են մնալ ամենախիստ պատժի տակ՝ այն դեպքում, երբ դեռ մեծ հարցական է՝ նա որեւէ աղերս ուներ առհասարակ այս գործի հետ, գործով անցնող մարդկանց հետ, թե՝ ոչ:
— Այդպես է ստացվում: Այո՛, Չախալյանն ընդհանրապես այդ մարդկանց հետ կապ չուներ, բայց ամենախիստ պատիժն է այս պահին կրում: Փաստացի սա պատիժ է, խափան միջոց չէ: Բոլորից նվազ նշանակությունն այս գործով նա ունի, իր անունն ընդհանրապես գործում չկա, բայց ամենածանր խափան միջոցն ինքն է կրում։ Ոչ մի ձեւ դա բացատրություն չի կարող ունենալ: Սա հաշվեհարդար է: Ես երբ դատարանում այդ մասին հայտարարում էի, դատավորը վատ էր զգում, թե ինչու պետք է նրանից հաշվեհարդար տեսնի։ Ես էլ ասում եմ՝ ոչ մի տարբերություն չկա, վերեւից ասել են՝ դուք էլ կատարում եք: Այդ հաշվեհատարը դուք եք իրականացնում ու ոչինչով մյուսներից չեք տարբերվում: Սա ոչ մի արդարացում չունի։ Չգիտես ինչու, իմ հայտարարություններից վատ են զգում, բայց մնացածը, որոնք նույն դատարանում ավելի վատ բաներ էլ են ասում, դրանից վատ չեն զգում: Սա էլ է մի քիչ անհասկանալի:
Համենայնդեպս, ես անհամբեր սպասում եմ այդ ձայնագրությունների ուսումնասիրությանը դատարանում, տեսնենք՝ ընդհանրապես Չախալյանի մասին խոսու՞մ են, թե՞ չեն խոսում։
— Եվ ո՞ր Չախալյանի մասին են խոսում, որովհետեւ հայտնի է, որ ձայնագրության մեջ անուն չի հնչում:
— Ասեմ ավելին՝ դա էլ է հարցական՝ «Չախալյան» ազգանունն է հնչում, թե ուրիշ՝ էլի «Չ»-ով: Բայց, եթե անգամ «Չախալյան» ազգանունը հնչի, դա ընդհանրապես հիմք չի տալիս իրեն մեղադրանք առաջադրել: Եթե նույնիսկ այս մեղադրանքը հիմնավոր լինի մնացածի մասով, ու իրենք Չախալյան ինչ-որ մարդու կամ թեկուզ հենց Վահագն Չախալյանի մասին են խոսել, իրենք անգամ այդ պայմաններում չեն կարող նրան մեղավոր ճանաչել: Դա բավարար չէ։ Բոլորիս անուններն ու ազգանունները կարող են մարդիկ ինչ-որ տեղ խոսելիս հնչեցնել, ասել՝ այս մարդը մեր հետ է կամ գլուխ գովեն, թե՝ մեզ պետք է օգնի, սա անի, նա անի… Բայց ունե՞ք ապացույց, որ այս մարդը ինչ-որ գործողություն է արել այդ ուղղությամբ, կամ ինքն ընդհանրապես տեղյակ է, որ իր մասին դուք առհասարակ խոսում եք։ Սա անթույլատրելի է, այսպիսի մեղադրանք չի կարող լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

