Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն առաջխաղացում տա այնպիսի ուժերի, որոնք, միեւնույն է, շուռ են գալու եւ իրենց դեմ աշխատեն. Աննա Աբրահամյան
ՆերքաղաքականՄինչ այս պահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, կոմպրոմիսի կգա՞ն, Սահմանադրական դատարանի որոշումից հետո սպասե՞լ Հյուսիսից շնորհավորանք, թե՞ սպասել ավելի կտրուկ քայլերի, քան այն է, որ ամենշաբաթյա ռեժիմով նոր պատժամիջոցներ են ավելանում՝ պտուղ-բանջարեղեն, ձկնեղեն, ծաղիկ եւ այլն։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք միջազգայնագետ-քաղաքագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
— Ի տարբերություն նախորդ հինգ տարիների, մենք այսօր ունենք ավելի կտրական տրամադրված Ռուսաստանի Դաշնություն: Բանակցային գործընթացները՝ ԱՄՆ վարչակազմի հետ, այսպես կոչված, «Անքորիջի ոգին» կամ փորձերը, որ ինչ-ինչ եվրոպական երկրների հետ որոշակի կոնտակտներ լինեին, դրական չեն դիտարկվել ՌԴ-ի կողմից:
Վերջերս, Էրդողանը Մոսկվա կատարած այցի եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թուրքիան կարող է վայր հանդիսանալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցային կապ հաստատելու համար: Ռուսաստանի Դաշնությունը մերժել է նաեւ այդ տարբերակը: Այսինքն, ոչ միայն բուն Հայաստանի վերաբերյալ է Ռուսաստանի Դաշնության ներկայիս հապաղումը՝ ընտրությունների արդյունքները ճանաչելու հետ կապված, այլ ընդհանուր իր արտաքին քաղաքական գծում ավելի կտրուկ է հանդես գալիս:
Մենք տեսնում ենք, որ ռուսական հանրությունը պահանջում է, որպեսզի իրենց իշխանություններն ավելի կտրուկ քայլեր կատարեն Ուկրաինայի դեմ, որ որեւէ բանակցություններ տեղի չունենան։ Ռուսաստանի Դաշնությունն էլ ուզում է ցույց տալ, որ ինքն իր ժողովրդի վրա ապավինելով՝ գնալու է որոշակի ավելի կտրուկ քայլերի։ Այս կտրուկ քայլերից է նաեւ Հայաստանի հանդեպ դրսեւորվող բավականին կոշտ վերաբերմունքը: Այդ կոշտ վերաբերմունքին արժանանում են նաեւ տարածաշրջանային այլ երկրներ: Առջեւում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Դումայի ընտրությունները: Այսինքն, իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակության վստահությունը ստանան, որովհետեւ հասարակությունն այս կիսափափուկ, ոչ վերջնական գործընթացներից հոգնել է:
Այս դեպքում անդրադառնալով մեր ընդդությանը՝ նշեմ, որ եթե նրանք դրսեւորեին նախաձեռնողականություն, վճռական կամք՝ մարդկանց փողոց հանելու, ես չեմ կարծում, որ մենք կունենայինք ինչ-որ սատարման պակաս: Նաեւ հիշեցնեմ, որ Չինաստանը եւս չի ճանաչել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ կարող եմ ասել, որ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի համար, շատ կարեւոր է, որ ոչ մի «ԹՐԻՓՓ» էլ այս տարածաշրջանում գոյություն չունենա: Իրենց համար, դա անընդունելի է։ Ես դեռ որոշակի անորոշություն եմ տեսնում, թե որքանով են ընդդիմադիր ուժերն իսկապես հակված ընդդեմ այդ «ԹՐԻՓՓ»-ի: Ո՞ւմ հետ են իրենք, ի վերջո, առեւտուր անում: Որովհետեւ Մոսկվայի առումով կրկին մենք գործ ունենք, ինչպես 2018-2021 թթ.-երին, որոշակի աշտարակների միջամտության հետ, որոնք Հայաստանում կուզենային պրոարեւմտյան հենքի վրա բերել որոշակի գործընթացներ: Սակայն ներկայիս Ռուսաստանի վարչակազմը չեմ կարծում, որ որոշակի տոնայնություն կտա այդ ուղղվածությանը: Մեծ հույս ունեմ, որ մեր հանրությունն, իսկապես, նախաձեռնողականությամբ հանդես կգա իր անվտանգության խնդիրների, ազգային միասնականության առումով:
Գուցե այսպիսի անորոշության վակում անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդն առանց վարանելու իր դժգոհությունը արտահայտի ընդդիմադիր առաջնորդների հանդեպ: Նախ եւ առաջ ընդդիմափոխություն անենք, որ կարողանանք իշխանափոխություն անել: Մի տեսակ երկիմաստություն եմ տեսնում, նաեւ ընդդիմադիր առաջնորդների, իրենց արտաքին քաղաքական գծի, գեոքաղաքական ռազմավարության մեջ: Այդ երկիմաստությունը անհանդուրժելի է մեր բնական գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի որոշակի օժանդակությունն այս պրոցեսներում ստանալու համար: Ինչո՞ւ նրանք պետք է առաջխաղացում տան այնպիսի ուժերի, որոնք, ի վերջո, միեւնույն է, շուռ են գալու եւ իրենց դեմ աշխատեն: Այս դեպքում իրենք կընտրեն նաեւ այն կողմին, ով իրենց ավելի ենթարկվող է, ավելի կառավարելի իրենց տեսանկյունից։ Դրա համար բավականին մեծ հիասթափություն եմ տածում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ոչ պրոֆեսիոնալիզմի, իրենց անընդունակության հանդեպ՝ ռազմավարական ոչ ճիշտ գնահատականներ տալու, պահի լրջությունը չընկալելու առումով:
Որքան էլ, որ իրենք փորձում են գեղեցիկ կոչեր անել, միեւնույնն է, ես Սամվել Կարապետյանի կոչերը գեղեցիկ չեմ համարում: Այն բազմապատկում է բոլորիս անորոշությունը՝ կոնկրետ գործողություններ չանելով, կոնկրետ պատասխաններ չտալով: Չի ասում, թե ինչպիսի՞ ժամանակում ինչեր են ուզում անել, ուղղակի, ակնարկում է, որ իրենք ունեն գաղտնի պլան եւ դրա մասին ոչինչ չեն ասելու: Դա անհասկանալի է: Այսինքն՝ բոլորս հիմա պետք է հույս ունենանք, որ այդ գաղտնի պլանով ինչ-որ կարճ ժամանակում, ինչ-որ բան պետք է լինի՞։ Այդ իսկ պատճառով, ինչպիսի որոշումներ էլ, որ կայացնեն հայտնի մայրաքաղաքները, դրանք պայմանավորված են լինելու մեր ներսի անորոշությամբ: Մեր մոտ կա կոնկրետ ընդդիմադիր առաջնորդների կամքի դրսեւորման խորքային խնդիր: Իրենք անգամ չեն փորձում ներողություն խնդրելով, իրենց վրա աշխատելով ՝ ուղղումներ կատարել եւ ժողովրդի առաջ հայտ ներկայացնել ավելի արժանապատիվ կերպով։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

