Ռուսաստանի եվ Արեւմուտքի հակամարտությունը մտնում է կրիտիկական փուլ
ՎերլուծությունԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հարավկովկասյան շրջայցը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344043&l=am) մեկ բան եւս հուշեց: Եվրոպայի եւ Ռուսաստանի հակամարտությունը շարունակում է աչքի առաջ սրվել, եւ գլոբալիստները շարունակում են հակառուսական նոր ճակատների ձեւավորումը: Այն, որ դրանցից մեկն էլ դառնում է Հայաստանը, մեզ, իհարկե, լավ բան չի խոստանում:
Մյուս կողմից, իհարկե, ռուս–եվրոպական հակամարտության հիմնական թատերաբեմը մնում է Ուկրաինան, որտեղ եւս բարդ ժամանակներ են սկսվել: Մի կողմից տեսանելի է, որ Եվրոպայի աջակցությամբ ուկրաինական կողմը կարողացավ զանգվածային հարվածներով բավականին սուր ներքին ճգնաժամ առաջացնել Ռուսաստանում: Տեսանելի է նաեւ հիմնական իմաստը` աշնանը կայանալիք Պետդումայի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանում ստեղծել «հեղափոխական իրավիճակ»: Որքանով կստացվի, իհարկե, բազում գործոններից է կախված: Սակայն որոշակի հանգամանքներ կարելի է նկատել:
Նախ, այսպես ասած, «բենզինային ճգնաժամը» այն խորքային գործոնը չէ, որը կարողանա «հեղափոխություն» առաջացնել: Առավել եւս, որ ուկրաինական այդ օդային հարձակումները նաեւ հակառակ էֆեկտին կարող են տանել. ռուսներն արտաքին թշնամու դեմ միավորվելու հատկություն ամեն դեպքում ունեն: Եվ ամենեւին էլ այս գործոնները չեն, որ այսօր անհանգստացնում է ռուսական հանրությանը: Շատ ավելի էական է հարցադրումը, թե հանուն ինչի՞ են զրկվում թեկուզեւ բենզինից: Այսինքն, ինչո՞ւ են պատերազմական հարթակում նկատվում երեւույթներ, որոնք կարող են միայն տարակուսանքներ առաջացնել: Օրինակ, ինչո՞ւ մինչ այս ընթացող ընդամենը «սողացող հարձակման» համար կրում են զգալի կորուստներ, ինչո՞ւ մինչ հիմա, օրինակ, Դնեպրի կամուրջները, Ուկրաինա Եվրոպայից մտնող հիմնական ուղիները եւ նման այլ բաներ մնացել են անձեռնմխելի: Ավելի ծայրահեղական զանգվածների մոտ այլ հարցեր էլ կան. ինչո՞ւ պատերազմական վիճակ չի հայտարարվում այն երկրների հետ, որոնք Ուկրաինային, օրինակ, անօդաչուներ են մատակարարում (համեմատությունն Իրանի հետ է, որը հարվածում էր ցանկացած մեկին, ով իր դեմ ինչ–որ քայլ էր անում): Վերջապես, ինչո՞ւ է ռուսական բանակը խուսափում, գոնե օրինակի տեսքով, տակտիկական միջուկային զենքի դիմել, որը Արեւմուտքի համար կարող է սթափեցնող գործոն դառնալ:
Միգուցե այս եւ շատ այլ հարցերի բավարարող պատասխանները Կրեմլն ունի: Սակայն դա հանրությունը չի տեսնում, ինչը սրում է ներքին մթնոլորտը: Առավել եւս, երբ արդեն որերորդ անգամ բացատրության փոխարեն լսվում է «մեզ խաբեցին» արտահայտությունը:
Կարճ ասած, շատ բան այս պահին մնացել է կախված ռուսական բանակից: Կլինեն ցայտուն հաջողություններ, դա հանրային տրամադրությունների վրա կարող է արմատական փոփոխություն առաջացնել` Արեւմուտքին ստիպելով մոռանալ ամեն մի «հեղափոխության» մասին: Չի լինի, ներքին վիճակը դեռ սրվելու է:
Ռազմաճակատներում որոշակի փոփոխություններ վերջին ժամանակներս նկատվում են: Մի կողմից, ռուսական ուժերն արդեն հարվածում են որոշակի օբյեկտների, որոնք մինչ այդ «տաբուների» դաշտում էին: Դրա օրինակներց մեկն էլ նախորդ գիշեր Կիեւի վրա հարձակումն էր: Նաեւ, օդային հարձակումների որոշակի տրամաբանական փոփոխություններ կան. դրանք դարձել են ավելի թիրախային` ուղղված կոնկրետ բնակավայրեր «արդուկելուն»` Կիեւից սկսած, հիմնական մարզային կենտրոններով վերջացրած:
Բուն ռազմաճակատներում եւս դինամիկայի որոշակի ակտիվություն է նկատվում: Ընդ որում, գործնականում բոլոր ուղղություններով` սկսած Զապորոժիեից, որտեղ մի շարք ռեալ հաջողություններից հետո ռուսական ուժերը սպառնում են դուրս գալ օպերատիվ տիրույթ` մարզկենտրոններ Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի ուղղությամբ, վերջացրած Խարկովի եւ Սումիի ուղղություններով, եւ ուկրաինական աղբյուրներն էլ անհանգստացած են նաեւ Կիեւի ուղղությամբ հարձակման հեռանկարից: Կենտրոնական գոտում էլ ռուսները բավականին արագ տեմպեր են վերցրել այս պատերազմի խորհրդանիշ դարձած Սլավյանսկ–Կրամատորսկի ուղղությամբ` գործնականում արդեն դուրս գալով այդ քաղաքների մերձակա մատույցներ: Նաեւ այսօր–վաղը կհայտարարվի երկու համեմատաբար խոշոր քաղաքների` Կոնստանտինովկայի եւ Լիմանի գրավման մասին:
Կկարողանա՞ ռուսական բանակն այս տեմպերը պահպանել, թեեւ ակնկալվում է դրանց էլ ավելի ակտիվացում եւ շատ ավելի ծանր հարվածներ: Այդ դեպքում պատերազմը եւ դրանից ածանցվող մյուս թեմաները եւս, այդ թվում` Արեւմուտքի հետ հնարավոր բանակցային լուծումները կարող են տեղափոխվել որակական նոր փուլ: Այլապես նույն Արեւմուտքը շարունակելու է մեծացնել ճնշումային տեմպերը` ոչ միայն հետխորհրդային տիրույթը վերածելով հակառուսական տրամպլինի, այլ նաեւ Ռուսաստանում ներքին ցնցումներ առաջացնելով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69213

