Ինչ է ուզում ԱԺ-ից հեռացող Հայկ Սարգսյանը
ՆերքաղաքականԱԺ ՔՊ խմբակցության դեռեւս պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր լիազորություններն ավարտող խորհրդարանում մտադիր է օրինագիծ անցկացնել, որը վերաբերում է բանակից խուսափած, այնուհետ պատիժ կրած անձանց: Ըստ Սարգսյանի նախագծի` առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, ովքեր թեկուզ 27 տարեկանում ինքնակամ կներկայանան եւ կցանկանան ծառայել:
«Ուզում են դիմել ԱԺ բոլոր պատգամավորներին ու նաեւ սրա մասին տեղեկացնել մեր հանրությանը. ունենք ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի տղա, ով 27 տարին լրանալուց հետո 2025 թվականին վերադարձել է Հայաստան, որ վճարի 8 միլիոն դրամ եւ ծառայի մեկ ամիս, սակայն, օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, ու նա հիմա կալանքի տակ է։ Նույն տարիքի այլ տղաները, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը ու չդատապարտվել, բայց այս տղան եւ նրա նման եւս 16-ը չեն ունեցել հնարավորություն` ծառայությունով մարելու իրենց պարտավորությունը, ու այսօր գտնվում են կալանքի մեջ»,-ասաց Սարգսյանը, ում գնահատմամբ սա կարեւորագույն օրենք է, որի համար ինքը ստորագրահավաք է սկսել եւ խնդրում է ԱԺ պատգամավորներին միանալ, որպեսզի հնարավոր լինի արտահերթ նստաշրջան հրավիրել այդ հարցով եւ հնարավորություն տալ 16 տղաներին ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաեւ բխում է արդարության վերականգնման սկզբունքից։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

