Սամվել Կարապետյանի կոչերը բազմապատկեց անորոշությունը. Աբրահամյան. տեսանյութ
ՆերքաղաքականԸնտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին: Մինչեւ այս պահը խորհրդարան անցած ընդդիմությունը չի բացում փակագծերը, թե ՍԴ որոշումից հետո ինչ են անելու: Արդյո՞ք սա ազնիվ է այն ընտրազանգվածի հանդեպ, որը սպասում էր այս ընդդիմությունից, որ կգան եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից կհեռացնեն, «Իրավունք TV»-ի տաղավարում հեռահար կապով զրուցել եւ պարզել ենք քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեսակետը։
— Կարճ պատասխանը կլինի՝ ոչ, ազնիվ չէ: Ոչ մի փակագծեր չեն բացվում: Առհասարակ Սահմանադրական դատարան դիմելն այն դեպքում, երբ գիտենք, ամբողջապես ոչ լեգիտիմ իշխանության հետ գործ ունենք, ինքնին տարօրինակ է: Նաեւ բավականին անընդունելի է ընդդիմադիր առաջնորդող ուժի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ այն առումով, որ իրենք պնդում են` իբր մարդիկ պետք է լուռ մնան, պետք է համբերեն։ Մեզ, այսպես ասած, զսպվածության ինչ-որ կոչեր են անում: Ամբողջ նախընտրական արշավի ընթացքում իրենք անընդհատ շեշտում էին, որ ունեն մեկ պլան, եւ այն հաղթանակն է: Ցանկացած հարց նախընտրական քարոզարշավի ընթացքում, որ տալիս էին, իսկ այդ հարցերը շատ էին եւ բավականին տրամաբանական, որոնք վերաբերում էին հետընտրական պրոցեսների, ընդդիմադիր առաջնորդող ուժը կտրականապես բացառում էր այլ տարբերակ, ըստ որի` իրենք պետք է ինչ-որ պլան B-ի մասին մտածեն։
Իսկ հետո ստացվեց, որ ընտրողների վախերը իսկապես տեղի ունեցան, եւ ընտրողը ավելի պրագմատիկ հողի վրա էր եւ ավելի իրատեսական: Այսինքն՝ ընտրողի կողմից բարձրացված այդ խնդիրները, որոնք ժամանակին նախազգուշացնում էին՝ ինչո՞ւ պատրաստված չէիք, ի՞նչ եք հիմա անելու, եթե ձեր իսկ ասելով, նախընտրականի ընթացքում դուք չէիք պատրաստվում առհասարակ որեւէ կերպ, որեւէ սցենարի, պատասխան չի տրվում: Մի տեսակ սկսվում է նմանվել թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմադիր առաջնորդող ուժերի պահվածքները։ Մի կողմը կարող է դուրս գալ` դեռեւս ձայների 10 տոկոսը հազիվ հաշված, հայտարարել ընտրությունների գիշերը, որ ինքը հաղթել է եւ պատերազմ է հայտարարում ընդդիմադիր ուժին, եւ ըստ այդմ, ընդդիմադիր հայացք ունեցող բոլոր քաղաքացիներին, որոնք մեծամասնություն են կազմում, մյուսը՝ փոխարենը փակագծեր բացի՝ ազնիվ, ուղիղ կերպով ապավինելով ժողովրդի վրա, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը, չի տալիս կոնկրետ պատասխան:
Ընդդիմությունը հայտարարելով այս իշխանությանը ոչ լեգիտիմ, նրա Սահմանադրական դատարանին անվանելով ոչ լեգիտիմ` շարունակում է դիմել այդ կառույցներին եւ տալիս է արդեն ոչ թե երկիմաստ, եռիմաստ պատասխան, այլ` քառիմաստ: Սամվել Կարապետյանը, օրինակ, ճեպազրույցներ էր տալիս, եւ կարող ենք ասել՝ քառիմաստ ինչ-որ խոսքեր էր ասում, որոնց հիմնական մեսիջն այն էր, որ դե ձեր ձայները տվել եք, հիմա հանգիստ «վեր ընկեք տեղներդ», մենք գիտենք` ինչ ենք որոշում։ Բայց իր խոսքերից մենք այդպես էլ չհասկացանք՝ իրենք ի՞նչ գիտեն եւ ի՞նչ են որոշում անել: Ստացվեց, որ Սամվել Կարապետյանի կոչերը բազմապատկեց անորոշությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

