Իրո՞ք Ուրսուլան կարծում էր, որ հերթական կուտը հայերս ուտելու ենք․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որը ՔՊ վարչության կողմից չի ընտրվել որպես հաջորդ ԱԺ նախագահի թեկնածու, ասում է, որ նեղվածություն, որպես այդպիսին, չունի։ «Ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, վարչության հետ խոսել եմ, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»,- ասել է Սիմոնյանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան վատն է լինելու նոր գումարվող խորհրդարանը, որ անգամ Ալենին «պալոժ» չէ մանդատ վերցնել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ է անդրադարձել «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ զավեշտալի է, երբ 2018-ի իշխանազավթումից հետո Փաշինյանի կաբինետներով անցած, նույն պատասխանատվությունը կիսած ու վերջում «թռած» նիկոլական պաշտոնյաները դիրքավորվել են որպես «ընդդիմություն», ու ավելի շատ սկսել են քննադատել ոչ թե իշխանականներին, այլ մնացյալին: «Ընտրություններն էլ ավարտվեցին, ու էլի նմանատիպ զանգվածը փորձում է բոլորիս գցել էդ ձանձրալի ու զզվելի շրջապտույտի մեջ։ Չե՞ք հասկանում՝ մարդիկ հոգնել են էս անիմաստ դիսկուրսներից։ Հիմի ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել: 2018-ի սկզբից Նիկոլի խորհրդական, հետո՝ ՊՆ նախարարը, ով հավասարաչափ կիսում է Նիկոլի հետ պատասխանատվությունը՝ պատերազմը տանուլ տանելու ու բազմաթիվ բացթողումների համար, ում օրոք հանձնվեցին Հայաստանի սուվերեն տարածքները, եւ ով դեռ քառօրյայի ժամանակ ձախողել էր իր պատասխանատվության տակ գտնվող կառույցը, սկսել է քննադատել շատ- շատերին, այդ թվում Սերժ Սարգսյանին: Գնացել, օտար երկրներից ի՞նչ խնդիր են լուծում, ո՞ւմ վրա են հոխորտում՝ անհասկանալի է։ Ասա, հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ, ո՛չ էդքան հետաքրքիր եք, ո՛չ էլ ` առավել եւս լուրջ...», - նշել է նա: Ի դեպ, լրջության մասին, տեսնես ի՞նչ եղավ Արշակ Կարապետյանի «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը: Թե բա՝ «պատժելու էր Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ Երեւանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում եւ Ուկրաինայում։ «Վատ շարք չէ, ինչ խոսք։ Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։ Ուկրաինա՝ երկարատեւ պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային եւ տնտեսական հսկայական կորուստներով։ Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։ Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ հռետորական հարց՝ որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը», - զգուշացնում է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Հետաքրքիր է՝ Լայենն իրո՞ք կարծում էր, որ հերթական կուտը հայերս ուտելու ենք։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

