ՔՊ-ն օրենքով սահմանափակում է Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքը
Քաղաքացիական պայմանագիրը», ի վերջո, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, որոնցով ՔՊ-ականներն առաջարկում են նոր պայման սահմանել Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար։
Նմանօրինակ նախագիծ դաշտ բերելու մոտիվները պարզ են։ Առաջանահերթ պետք էր ինչ-որ կերպ ամրագրել հերթական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո ՔՊ-ականների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն խոսույթը, թե իբր ընդդիմության որոշ ուժերի կողմից Հայաստան ստիպողաբար բերվել են մարդիկ՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Երկրորդը, սեփական քաղաքական օրակարգից բխող հանրաքվե անցկացնելու ժամանակ առավել կառավարելի ու հաշվելի էլեկտորատ ունենալն է, քանի որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ ծավալով է իշխող ուժը դիմում վարչական ռեսուրսի «աջակցությանը»։
Այսպիսով՝ ներկայացված նախագծերով ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում այդ հանգամանքը հաշվարկվելու է ընտրության օրվան նախորդող 48-րդ օրվա, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ։
Նախագծերով նախատեսվում են միայն սահմանափակ բացառություններ՝ միայն այն դեպքերի համար, երբ քաղաքացու բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայությամբ կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությամբ։ Մնացած դեպքերում առաջարկվող կարգավորումը կարող է ընտրելու իրավունքից զրկել արտերկրում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող, ինչպես նաև աշխատանքի, առողջական, ընտանեկան, գործարար կամ այլ անձնական պատճառներով Հայաստանից բացակայող քաղաքացիներին։ Ոչ մի կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, եթե, օրինակ, ՀՀ քաղաքացին արտերկրում է գտնվում երկարատև բուժման նպատակով կամ մարզական պարապմունքների ու մրցաշարերի մասնակցության։
https://168.am/2026/07/02/2441733.html

