Սա՞ է Հայաստանի սուվերենության «խորհրդանիշը»
ԹեմաՀայաստանի ճանապարհներին այսօր շրջում են պարեկային ծառայության «Շկոդա Կոդիակ» ծառայողական մեքենաները։ Բայց քաղաքացիների ուշադրությունը գրավում է ոչ միայն դրանց նոր տեսքը, այլեւ դրանց վրա առկա Եվրամիության դրոշը։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ուժային կառույցի ծառայողական մեքենայի վրա պետական դրոշի փոխարեն հայտնվի մի կազմակերպության դրոշ, որի անդամ էլ չէ Հայաստանը։
Երբ շտապօգնության, հրշեջ կամ փրկարարական ծառայությունների մեքենաների վրա կարելի է տեսնել որեւէ երկրի կամ միջազգային գործընկերոջ խորհրդանիշ, դա սովորաբար հասկանալի բացատրություն ունի. մեքենան կամ սարքավորումը տրամադրվել է որպես հումանիտար օգնություն, դրամաշնորհ կամ զարգացման ծրագրի շրջանակում։ Այդ դեպքում նշանը խոսում է ֆինանսավորման աղբյուրի մասին, ոչ թե` պետական ենթակայության։
Սակայն բոլորովին այլ ընկալում է առաջանում, երբ նույն մոտեցումը կիրառվում է ուժային համակարգի նկատմամբ։ Պարեկային ծառայությունը պարզապես հերթական պետական հիմնարկ չէ. այն պետության ինքնիշխանության եւ իշխանության ամենատեսանելի խորհրդանիշներից մեկն է։ Այդ պատճառով էլ քաղաքացին բնական հարց է տալիս՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ հենց այդ ծառայության մեքենաների վրա ընդգծված լինի արտաքին կառույցի խորհրդանիշը։
Եթե սա ընդամենը ֆինանսավորման նշում է, ապա իշխանությունները պարտավոր են հանրությանը պարզաբանել՝ ինչ իրավական եւ քաղաքական հիմքով է այն տեղադրվել, որքան ժամանակով եւ ինչ նպատակով։ Կարո՞ղ է Երեւան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աչքն են շոյում։ Իսկ եթե դա պարզապես դիզայներական լուծում է, ապա եւս մեկ հարց է ծագում՝ արդյո՞ք պետական խորհրդանիշներն այսօր այլեւս բավարար չեն պետական ինստիտուտը ներկայացնելու համար։
Ի վերջո, ինքնիշխանությունը ոչ միայն Սահմանադրության տողերում է, այլեւ խորհրդանիշների մեջ։ Եվ երբ ուժային կառույցի մեքենայի վրա քաղաքացին առաջին հերթին տեսնում է ոչ թե բացառապես Հայաստանի պետական խորհրդանիշները, այլ արտաքին կառույցի դրոշը, առնվազն երկրի սուվերեն լինելու վերաբերյալ մտահոգություններ են ծագում։
Իշխանությունները կարող են պնդել, որ սա միջազգային համագործակցության սովորական դրսևորում է։ Սակայն ընդդիմախոսները նույնքան հիմնավոր կարող են հակադարձել, որ ուժային կառույցների խորհրդանշական ներկայացվածության հարցում պետությունը պետք է լինի առավել զգույշ, քանի որ հենց այդ խորհրդանիշներն են ձևավորում հանրային ընկալումը պետական ինքնիշխանության մասին։
Սեփ․ լրատվություն

