Կարապետյանները դարձան «Սարոյան եղբայրնե՞ր»
ՆերքաղաքականՏեւական ժամանակ ներքաղաքական դաշտում քննարկվում ու քննադատվում էր այն, որ ճիշտ այն ժամանակ, երբ սեփական թիմակիցներին ձերբակալում ու բռնաճնշումների էին ենթարկում, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր Էգեյան ծով՝ հանգստի: Այո, պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Բայց խոսքն այս անգամ ամենեւին էլ ՀՀ երկրորդ նախագահի մասին չէ, թեպետ ընտրություններից հետո՝ նա կրկին պատրաստվում էր մեկնել, պարզապես, այս անգամ օդանավակայանում չթողեցին դուրս գալ երկրից:
Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր տրամադրված հանրությունը հիասթափված Քոչարյանից՝ այս անգամ ընտրություններին տված իր քվեով ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժ կարգեց «Ուժեղ Հայաստան»-ին, որի առաջնորդը դե ֆակտո գործարար Սամվել Կարապետյանն է, դե յուրե՝ նրա եղբայր Կարեն Կարապետյանի որդի Նարեկը: Բայց ի՞նչ փոխվեց. պայքարը շարունակում է մնալ շարքային ընդդիմադիրների գործը՝ այս օրերին Կրկեսից դեպի Սահմանադրական դատարան՝ «մարշ-բրասոկ» տրամաբանությամբ, իսկ հանգիստն էլի, ինչպես միշտ, ընտրյալներինն է:
Արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում են լուսանկարներ, որ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանին նկատել են ծովափերից մեկում հանգստանալիս: Կարապետյաններին ձայն տվածները հոգու խորքում մի փոքրիկ հույս էին փափագում, թե իշխանական քարոզչություն է, ֆեյք լուր է, ֆոտոմոնտաժ է: Բայց՝ արի ու տես, որ լավ էլ ճիշտ է: Դե հո Կարեն Կարապետյանը հետ չէր մնա Ռոբերտ Քոչարյանից, բա ինքն էդ տղե՞ն է:
Օրերս Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եղբոր՝ Կարեն Կարապետյանի հանգստից հրապարակված հայտնի լուսանկարներին՝ ո՛չ ավել, ոչ պակաս նշել է. «Այո, իմ եղբայրը հիմա հանգստանում է, դա այդպես է։ Նախ իմ եղբայրը քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից։ Ու ինքը կարող է հանգստանալ, կարող է նաեւ անհանգստացնել։ Ինքն է որոշում»:
Նախ սկսենք նրանից, որ եթե Կարեն Կարապետյանը «քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից», բա ո՞վ էր հենց առաջին օրից Կարապետյանների սկսած «Մեր ձեւով» շարժման առաջին շարքերում քայլողն ու քայլերթերին, հանրահավաքներին ու ակցիաներին «սեռիյ կարդինալի» ինքնավստահությամբ «դիրիժորություն» անողը: Կարո՞ղ է քաղաքում պտտվում էր Կարեն Կարապետյանի ուրվականը, որը որեւէ աղերս չունի իր հետ, թե՞ «դվայնիկն» էր:
Բայց, լավ, սա էլ թողնենք մի կողմ՝ եթե Կարեն Կարապետյանը որոշել է այս փուլում հանգստանալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Կարապետյան եղբայրների «գետերը սկսել են մի առվով չհոսել» կամ ավելին՝ վերածվել են «Սարոյան եղբայրների»: Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն իբր պայքարում է հանուն եկեղեցու եւ դեպի Հայաստան 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» դեմ, ՍԴ-ից պահանջում է արդարություն, պնդում, որ երկիրն օրհասական վիճակում է եւ միայն իրենք կարող են փրկել, իսկ նույն ժամանակ եղբայրը «զագառ» է ընդունում ծովի ափին: Թեպետ համաձայնեք, որ վաստակած հանգիստ է՝ Կարեն Կարապետյանի որդին առնվազն կլինի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, իսկ ի՞նչ շահեց Սամվել Կարապետյանը՝ փողերը մսխելուց, հեղինակությունը «խուրդելուց» անդին:
Եվ ամենակարեւորը՝ երկիրն էլ օրհասական վիճակում չէ՞, եկեղեցին այլեւս պաշտպանվա՞ծ է, նախընտրական ընդդիմադիր խոսույթն էլ պաթո՞ս էր, որ Կարապետյան ընտանիքում հանգստի ռեժիմն են միացրել: Ի վերջո, այսպիսի ընդդիմությանը ձայն տված քաղաքացին պետք է իմանա՝ «կպնի իր գործերին», թե՞.... Չնայած՝ ի՞նչ թե, մի քիչ դժվար է վերադառնալ իրենց բնականոն կյանքի գոնե նրանց համար, ովքեր ընտրակաշառքների վերաբերյալ հարուցված քրեական գործերով ունեն մեղադրյալի կարգավիճակ: Հիշեցնենք՝ կա 258 մեղադրյալ, որոնցից 182-ը կապվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ եւ նրանք հաստատ այս ամառ ծովային հանգիստ չեն ունենա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

