Պետք է իրական կոնսոլիդացիա՝ միավորված իսկական ընդդիմադիր բեւեռ. Արման Ղուկասյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի զրուցակիցն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։
— Ի՞նչ կասեք խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, արդյոք սպասելի էր Ձեզ համար նման ելքը, որ Ձեր կուսակցությունը չմասնակցեց։
— Այո, կանխատեսում էինք, որ նման ձեւաչափով ընտրություններին մասնակցելը բերելու է նմանատիպ արդյունքի։ Ընտրություններից առաջ բազմիցս ասել եմ՝ պետք է իրական կոնսոլիդացիա քաղաքական դաշտում, իսկապես միավորված ընդդիմադիր բեւեռ։ Ու դրա մասին, կարծես թե, ոչ միայն ես էի խոսում, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժեր, հասարակական, քաղաքական գործիչներ։ Բնական է, որ եթե այդ կոնսոլիդացիան տեղի չունեցավ, արդյունքը պետք է սա լիներ։ Ստացվեց այնպես, որ ընդդիմությունը պայքարում էր մեկը մյուսի դեմ, որովհետեւ ունեին նույն էլեկտորատը։ Այսինքն՝ պայքարն ավելի շատ գնում էր ընդդիմադիր ուժերի միջեւ։ Որոշ քաղաքական ուժեր էլ փոշիացրին ձայները, ինչն ավելի շատ բխում էր իշխանության շահերից։ Ի վերջո, այս ամենը հօգուտ տվեց իշխանություններին։
— Սամվել Կարապետյանը հիմա է ասում, թե՝ եկեք կոնսոլիդացվենք, կոչ է արել քաղաքական ընդդիմադիր ուժերին միավորվել, միասնական խորհուրդ ստեղծել, հանրահավաք անել։ Ուշացած չէ՞։
— Չգիտեմ՝ գուցե Սամվել Կարապետյանն ունի իր ճանապարհային քարտեզը, բայց իմ կարծիքով՝ դա պետք էր անել ընտրություններից առաջ։ Հիմա ընտրություններն ավարտվել են, եւ ունենք այն արդյունքը, որ ունենք։ Համարում եմ, որ այս փուլում ընդդիմությունը պարտություն է կրել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե համարում եմ, այլ հստակ արդյունքը դա է՝ իշխանությունները մնացին նույնը։ Ասում են՝ լեգիտիմ է, լեգիտիմ չէ, կեղծված է, կեղծված չէ, այս ամենը թողնում եմ մի կողմ, խոսում եմ հստակ արդյունքի մասին։ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է որպես վարչապետ։ Չեմ ուզում առաջ ընկնել եւ ինչ-որ տպավորություն թողնել, թե բացասական տրամադրություններ եմ տարածում, բայց որեւէ ակնկալիք չկա, որ ընդհանուր պատկերը կարող է փոխվել եւ լուրջ, խորքային փոփոխություն կտեսնենք։
— Բայց առնվազն Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ եթե լինեն ընտրակեղծիքներ, լինելու է հեղափոխություն, չէր ասում, որ դիմելու են Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն է որոշելու ինչ անել։ Ի՞նչ փոխվեց ընդդիմադիր ուժերի օրակարգում։
— Իրենք ասում են, որ բոլոր օրինական, իրավական ճանապարհներով, պրոցեդուրաներով կանցնեն, իսկ հետո կասեն՝ ինչ են անելու։ Սա իրենց տակտիկան է, ես, օրինակ, որպես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, «այս ամենի միջով անցնենք, հետո նոր մտածենք փողոցի մասին» տարբերակը չեմ ընդունում։ Երկու պրոցեսն իրար ինչո՞վ են հակասում, հակառակը՝ եթե լիներ փողոցային պայքար՝ զուգահեռ իրավական պրոցեդուրաների հետ, կլիներ ավելի մեկը մյուսին ուժեղացնող գործընթաց։ Չեմ տեսնում դրանց միջև հակասություն։ Ընտրություններից հետո՝ հունիսի 7-ի գիշերը կամ 8-ի առավոտը, եթե կար այդ գնահատականը, որ ընտրությունները տոտալ կեղծվել են, պետք էր դուրս գալ փողոց։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

