Եթե մի օր հանդիսատեսը դադարի ինձ լսել, ես կավարտեմ իմ կարիերան. Անետ Աղաբեկյան
Շոու բիզնեսԱՆԵՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ԳՈՐԻՍՅԱՆ «ԹՌԻՉՔԸ»
ԱՆԵՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ անունն այսօր ասոցացվում է աշխատասիրության եւ էներգիայի հետ։ Նա այն արտիստներից է, ով չի վախենում բեմում լինել անկեղծ, անմիջական եւ նույնիսկ հայտնվել էքստրեմալ իրավիճակներում։ Գորիսյան հայտնի միջադեպից մինչեւ 2026-ի մեծ պլանների մասին երգչուհին անկեղծացել է «Իրավունք»-ի հետ զրույցում։
— Անետ, դեկտեմբերին Գորիսում կայացած համերգին մի աննախադեպ դեպք տեղի ունեցավ. Դուք բեմից հայտնվեցիք հանդիսատեսի ձեռքերում։ Ի՞նչ էր դա իրականում։
— Իմ կյանքում առաջին անգամ էր նման բան պատահում։ Պարզապես ուզում էի անմիջական կապ ստեղծել հանդիսատեսի հետ, միկրոֆոնը պարզեցի նրանց կողմը եւ վայրկյանների ընթացքում չհասկացա՝ ինչպես հայտնվեցի նրանց ձեռքերում։ Հետո տեսագրությամբ տեսա, որ հանդիսատեսն ինձ պարզապես քաշեց դեպի իրեն։ Այդ պահին նույնիսկ մի փոքր զայրույթ ունեի՝ ինչո՞ւ հենց ինձ հետ դա պատահեց, ընդ որում՝ երկու անգամ՝ 10 րոպեի տարբերությամբ։ Բայց հետո հասկացա՝ դա նրանց սիրո բուռն արտահայտությունն էր։
— Այդ շրջանում նույնիսկ խոսակցություններ կային, թե դա նախապես պլանավորված էր։ Ի՞նչ կասեք այդ մասին։
— Այն ամենը, ինչ կապված է բեմի ու հանդիսատեսի հետ, ինձ մոտ բացարձակ անկեղծ է։ Ես երբեք նման բան չեմ պլանավորում։ Ինձ համար էլ էր անսպասելի։ Բայց գիտե՞ք, հաճելի էր. կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ կերազեր թեկուզ մի քանի վայրկյան լինել իր հանդիսատեսի ձեռքերի վրա։ Դրանից հետո Գորիսում իմ լսարանը կրկնապատկվեց. մարդիկ գրում էին, որ անմիջականությունս իրենց շատ է գրավել։
— Անետ, Դուք հաճախ եք լինում մարզերում։ Ո՞ր մարզի հանդիսատեսն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
— Չեմ առանձնացնի, բոլորին էլ շատ եմ սիրում։ Մարզային հանդիսատեսը կարոտ է նման միջոցառումների, նրանք ավելի ջերմ են, քանի որ հնարավորությունն ավելի քիչ է լինում դեմ առ դեմ շփվելու։ Իսկ այսօրվա հասանելիությունը սոցցանցերի միջոցով թե՛ լավ է, թե՛ վատ, բայց ինձ համար հարմարավետ է։ Հանդիսատեսն է ինձ ոգեշնչում. եթե մի օր նրանք դադարեն ինձ լսել, ես կավարտեմ իմ կարիերան։
— Ամիսներ առաջ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում համերգային մեծ շրջագայություն ունեցաք երգչուհիներ Անաստասիա Բրուխտիի, Նարե Գեւորգյանի եւ Զոյա Բարեղամյանի հետ։ Այդ համերգներից եւ հանդիսատեսից ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։
— Գիտեք, այդ շրջագայությունն ինձ համար դարձավ տարվա ամենահուզիչ իրադարձություններից մեկը: Մենք եղանք Ռուսաստանի 13 քաղաքներում, եւ ամենուր մեզ սպասում էին լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի ջերմություն: Արտիստի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնելը, թե ինչպես է քեզ հետ հավասար երգում հազարավոր մարդկանցից բաղկացած լսարանը: Օրինակ՝ Օմսկում մեզ դիմավորեց շուրջ հազար հանդիսատես, գրեթե նույնքան էլ Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում ու Սամարայում: Նույնիսկ ամենահեռավոր քաղաքներում մարդիկ գալիս էին մեր հայկական երգի ու մշակույթի հետ հաղորդակցվելու: Այդ վայրկյաններին, երբ տեսնում ես լեցուն դահլիճները, մոռանում ես ամեն տեսակ հոգնածության ու երկար ճանապարհների մասին: Այդ սերն ու էներգիան, որ ստացա հանդիսատեսից, ինձ համար ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումն է։
— Իսկ նման հաջողված շրջագայությունից հետո ի՞նչ նոր անակնկալներ պետք է սպասի հանդիսատեսը Ձեզանից՝ մոտ ապագայում։
— Այս համերգային շրջագայությունն ինձ մեծ լիցքեր տվեց` նոր գաղափարներ իրագործելու համար։ Այժմ աշխատում եմ նոր երգերի վրա, որոնք, հուսով եմ, նույնքան կսիրվեն հանրության կողմից։ Իմ նպատակն է շարունակել ներկայացնել որակյալ հայկական երաժշտություն եւ էլ ավելի հաճախ լինել բեմում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
— Անետ, շատերին զարմացնում է Ձեր աշխատասիրությունը. ինչպե՞ս է հաջողվում ամիսը մեկ նոր տեսահոլովակ թողարկել։
— Գուցե ես շատ տաղանդավոր չեմ, բայց շատ աշխատասեր եմ։ Յուրաքանչյուր մարդ աշխատասիրության դեպքում կարող է ամեն ինչի հասնել։ Իմ հաջողված երգերի գումարը հաճույքներիս վրա չեմ ծախսում, այլ ներդնում եմ նոր գործերի մեջ։ Իմ նպատակը առաջընթացն է. մեծ մենահամերգը, որտեղ կկարողանամ կենդանի հնչողությամբ փոխանցել այն սերը, որը ստացել եմ տարիների ընթացքում։ Ցանկանում եմ, որ ինձ ճանաչեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում։
— Քչերը գիտեն, որ Դուք ունեք ջազային կրթություն եւ տիրապետում եք երաժշտական գործիքների։
— Այո, ես ջազ երգչուհի եմ։ Բնատուր խռպոտ ձայնս միշտ համեմատել են սեւամորթ բլյուզ երգիչների հետ, եւ դա ինձ օգնել է տարբերվել։ Ինչ վերաբերում է երաժշտական գործիքներին՝ «Էլ ուր, էլ ուր» տեսահոլովակի համար երկու օրում սովորեցի կախոն նվագել՝ իմ տաղանդավոր երաժիշտ ընկեր Էֆոյի շնորհիվ։ Հիմա հարվածային գործիքներ եմ սովորում. խոստանում եմ մենահամերգիս ժամանակ անպայման ցույց տալ իմ այդ ունակությունները։
— Ի՞նչ նորություններ են սպասվում այս տարի։
— 2026-ին արդեն ունեմ երկու հաջողված տեսահոլովակ՝ մեկը ԱՄՆ-ի գործընկերներիս՝ ՀԱԿ-ի եւ Նարեկի հետ, մյուսը՝ տաղանդավոր ընկերոջս՝ Էռնեստ Հովհաննիսյանի հետ։ Գեղեցիկ զուգերգ ունեցա Արշավիր Մարտիրոսյանի հետ, որը նույնպես իմ լավ ընկերներից է: Ի դեպ, երգը Յութուբում երկու ամսում ունեցել է 14 միլիոն դիտում: Այն կարելի է ասել, դարձել է համաշխարհային հիթ եւ սիրվել է բոլորի կողմից, արժանացել մեծ գնահատականի: Դրանից անմիջապես 20 օր հետո ունեցել եմ եւս մի շատ գեղեցիկ նոր երգ, կոչվում է «Տարիներ առաջ»: Այն եւս ցնցել է համացանցը, շատ կարճ ժամանակում՝ 10 օրում հավաքելով ավելի քան 3 միլիոն դիտում: Մի քանի օրից նոր պրեմիերա ունեմ եւ զուգահեռ աշխատում եմ մյուս երգիս վրա, նաեւ նկարահանում ենք նոր տեսահոլովակ։ Առաջիկայում սպասվում են նոր զուգերգեր անվանի արտիստների հետ, բայց անունները դեռ թող մնան անակնկալ։ Նաեւ պլանավորում ենք փոքրիկ մենահամերգ ԱՄՆ-ում։ Մի խոսքով, այս տարի, կարծում եմ՝ իմ հանդիսատեսին շատ լավ նորություններով զարմացնելու եմ, ինչու ոչ, հաճելիորեն ուրախացնելու։ Շնորհակալ եմ, որ ինձ սիրում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

