Այնպես չէ, որ այսօր դուրս գանք ԵԱՏՄ-ից, վաղը դառնալու ենք ԵՄ անդամ․ Արման Ղուկասյան
ՀանդիպումՀայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի, ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ։
«ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՔ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԵՄ ԱՆԴԱՄ»
— ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձեւավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետեւանքների։ Սա զգուշացո՞ւմ է, թե՞ սպառնալիք՝ այն բանից հետո, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները վերածվեց հիբրիդային պատերազմի Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ, ու արդյունքում, կարծես թե, Արեւմուտքն իր ազդեցությունը Հարավային Կովկասում էլ ավելի է ամրապնդում:
— Ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր իր ոչ ամենալավ ժամանակաշրջանն է ապրում՝ հաշվի առնելով այն արտաքին ճնշումները, որոնք կան: Պատկերացրեք, ամբողջ կոլեկտիվ Արեւմուտքը բացահայտ պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ, ֆինանսավորում է Ուկրաինային: Եվ հիմա Ռուսաստանի թե՛ ղեկավարը, թե՛ մնացած այլ պաշտոնյաներ, թե՛ փորձագիտական շրջանակներն ասում են, որ խնդիրներ կան: Մարտահրավերները շատ են, ուշադրությունն ու ռեսուրսները` սահմանափակ: Հարավային Կովկասում Ռուսաստանն այլեւս ֆավորիտ համարվող միակ առաջնորդը չէ, ինչպիսին 10-15 տարի առաջ էր: Շատ ու շատ տարբեր խաղացողներ են հայտնվել, եւ այստեղ տեղի է ունենում կատաղի պայքար նրանց միջեւ։
Իհարկե, մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը լրիվ արդեն բացակայում է տարածաշրջանից կամ ամբողջությամբ զիջել է իր դիրքերը, բայց Հարավային Կովկասը տրանսֆորմացիայի փուլի մեջ է: Առհասարակ աշխարհն է տրանսֆորմացիայի փուլի մեջ, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները: Ավելին՝ ե՛ւ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են, ե՛ւ ՀՀ-ում ՌԴ դեսպանն է դա փաստել: Բնական է, որ Ռուսաստանն ուզում է պահել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ Հայաստանում։ Իսկ Արեւմուտքն ուզում է ձեռք բերել նոր հնարավորություններ, հաստատել իր ազդեցությունն ավելի ուժեղ կերպով Հարավային Կովկասում: Իհարկե, ակներեւ է, որ կան տարաձայնություններ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ: Բայց նաեւ եկեք արձանագրենք, որ Հայաստանի իշխանություններն ունեն կոմունիկացիայի խնդիր ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում: Տրանսֆորմացիայի փուլում են հարաբերությունները նաեւ այլ խաղացողների հետ: Օրինակ` ո՞վ կմտածեր 5 տարի առաջ, որ Սյունիքում կլինի «Թրամփի ուղի», բայց հիմա այն իրողություն է՝ գոնե թղթի վրա:
Ակնհայտ է, որ մեզ պետք է Ռուսաստանի հետ ծագած բոլոր խնդիրների լուծում: Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն այդ բանաձեւը, ընդ որում, ես հիմա չեմ սեւեռում իմ ուշադրությունը, թե Նիկոլ Փաշինյանը կլինի ղեկավար, ով կլինի, ես խոսում եմ Հայաստանի շահի տեսանկյունից, թե ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ իս, հնարավոր է գտնել խնդիրների լուծման բանաձեւը, որով կարող ենք նորմալ հարաբերություն կառուցել թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Եվրոպական միության հետ: Որովհետեւ եթե մենք ասում ենք, որ կան ռիսկեր Ռուսաստանի Դաշնությունից, վստահեցնում եմ ձեզ, որ հակառակ դեպքում նաեւ կան շատ մեծ ռիսկեր Արեւմուտքից։ Այսինքն՝ այնպես չէ, որ, օրինակ, Ռուսաստանը կարող է մեր դեմ պատժամիջոցներ կիրառել, Արեւմուտքը չի կարող:
— Բայց այլեւս փաստ է, որ երկար երկու լարի վրա խաղալ չի ստացվելու: «RTVI» հեռուստաալիքին տված հատուկ հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պնդել է, որ ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է այն իրավիճակը», երբ Հայաստանն իր օրենսդրությամբ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ «միեւնույն ժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր բարիքներից ու առավելություններից»։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում «այնքան էլ չեն հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այս միավորումներին անդամակցելու հարցով։
— Երբ ես ասում եմ գտնել լուծման բանաձեւ, ամենեւին սա չի նշանակում, որ լինենք ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ-ում: Սա անհնար է: Այս կառույցներն իրար հակասող, երկու տարբեր մաքսային միություններ են, որոնք գտնվում են ոչ թե մրցակցային պայմաններում, այլ` կատաղի հակառակորդների: Ավելին՝ եթե նույնիսկ քաղաքական ասպեկտը թողնենք մի կողմ, մեր ապրանքը չի կարող երկու տարբեր չափանիշներով գործող մաքսային միություններին բավարարել, որտեղ, օրինակ, տարբեր ֆիտոսանիտարական նորմեր, տարբեր հավաստագրումներ են գործում՝ տարբեր տրամաբանությամբ:
Ես, օրինակ, պատկերացնում եմ, որ նախ պետք է նայենք քարտեզին, մեր աշխարհագրական դիրքին, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Վաղը կբացվի հայ-թուրքական սահմանը կամ հայ-ադրբեջանական սահմանը թողնենք մի կողմ եւ խոսենք այսօրվա մասին: Երբ կլինեն նոր իրողություններ, կնստենք, կխոսենք դրանց մասին: Հիմա մենք չենք կարող պատկերացումներով կամ երազանքներով ապրել։ Այսօր ունենք փակ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմաններ, ունենք հարեւան Վրաստան, որը չի գնում դեպի Եվրոպական միություն, որտեղ իր եվրաինտեգրման ուղին սառեցրել է հենց ԵՄ-ն: Շեշտում եմ՝ ոչ թե Վրաստանը չի ուզում գնալ, այլ Եվրոպական միությունը սառեցրել է: Եվ եթե Վրաստանը չի գնում այս պահին ԵՄ, մենք ինչպե՞ս ենք մեր ապրանքները ինտեգրելու Եվրոպական միությանը:
Երկրորդ՝ մեր շուկան սերտորեն կապված է ռուսական շուկայի հետ: Եվ ոչ միայն արտահանումը, նաեւ ներկրումը։ Վերցրեք գազային ոլորտը կամ էլեկտրաէներգիան, ատոմակայանը եւ այլն, մենք չենք կարող մի տարում որոշել, որ ամեն ինչ փոխում ենք: Դա տասնամյակների հարց է: Ու բացի այն, որ տասնամյակների հարց է, միլիարդավոր դոլարների ներդրում պահանջող փոփոխություններ են։ Հետեւապես, ես ասում եմ՝ ժողովո՛ւրդ, եկեք հասկանանք, թե ինչպես կարող ենք պահպանել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ի ներքո, բայց նաեւ ինչ-որ բանաձեւ գտնենք, որպեսզի այդ պայմաններում հարաբերություններ ունենանք Եվրոպական միության հետ: Ինձ թվում է՝ այդ բանաձեւը կլինի մեր շահերից բխող, եթե չենք ուզում գնալ ցնցումների ճանապարհով: Ես վստահ եմ, որ Հայաստանը 10-15 տարի հետո էլ չի դառնալու Եվրոպական միության անդամ: Ավելի հետաքրքիր բան ասեմ՝ օրերս Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հրապարակային հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է Հայաստանին տեղյակ պահի, որ երբեք չի կարող դառնալ ԵՄ անդամ: Այո՛, Եվրոպական միությունն ինքն է ասում, որ պետք է ունենալ Հայաստանի հետ հարաբերություն, բայց պետք է ի սկզբանե ներկայացնել իրական պատկերը, որպեսզի ակնկալիքները չլինեն մեծ։ Այսինքն, այնպես չէ, որ Եվրոպական միությունում բոլորը նստած սպասում են Հայաստանին: Որովհետեւ մինչեւ Հայաստանը, տարիներով ԵՄ անդամ դառնալու մեծ հերթերի մեջ են Մոլդովան, Ուկրաինան, Թուրքիան, որն արդեն հույսը կորցրել է, թեպետ այդ ճանապարհն էր որդեգրել դեռ 1997 թ.-ից, Վրաստանը, որի եվրաինտեգրման ճանապարհը սառեցվել է այժմ: Այն իրողությունները, որոնց մասին ասացի, շատ իրական են ու լուրջ խոչընդոտներ են։
Հիմա մեզ պետք է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել, Եվրոպական միություն դառնալու նպատակը մի քիչ իրականությանը մոտ բերել: Այնպես չէ, որ վաղը դառնալու ենք Եվրոպական միության անդամ, որ այսօր էլ դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Օրինակ, որպես քաղաքացի, կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում մնալը մեզ ավելի ձեռնտու է, քան դուրս գանք ու նստենք, սպասենք, թե մեզ երբ կընդունեն Եվրոպական միությունում։ Դա նորմալ չէ:
«Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԱՎԵԼ ԼԱՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԳԻՏԻ»
— Ամեն դեպքում, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայ ժողովրդի աչքն է մտցնում այն, որ բառացիորեն 7 հատիկ ծիրան է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տարել իրեն նվեր։ Նա մեծ ոգեւորությամբ հայտնում է, թե հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրոպական միություն։ Կոսը վստահեցնում է, որ այս գործընթացը կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը եւ մուտք գործել նոր շուկաներ։
— Դե, դա սիմվոլիկ, փիառ քայլ է: Դուք ինքներդ էլ շատ լավ հասկանում եք: Եթե նայենք նույն տնտեսական ցուցանիշներին, մենք 2025 թվականի արդյունքում մոտ 1.5 տոկոսի անկում ունենք Եվրոպական միության հետ մեր տնտեսական հարաբերություններում։ Դեպի ԵՄ մոտավոր 600 միլիոն դոլարից մի փոքր ավելի է մեր արտահանումը եղել 2025 թ․-ին: Իսկ դեպի ԵԱՏՄ, մասնավորապես՝ ռուսական շուկա, 3 միլիարդ դոլարից ավել: Համաձայնեք, որ թվերը խոսուն են։ Այս առումով պետք է նայել տնտեսական ցուցանիշներին։ Ինչքան էլ Եվրոպական միությունը, ինչ-որ քաղաքական իրավիճակից ելնելով մեզ ասի, որ դուք կարող եք բերել ձեր ապրանքներն այստեղ, մենք մաքսատուրքերը կհանենք եւ այլն, այն կրելու է 1-2 անգամյա բնույթ։ 3-րդ անգամ, եթե դու քո ապրանքը իրենց չափանիշներին չհամապատասխանեցնես, այդ ապրանքը չեն գնելու, սպառողը չի օգտագործելու: Հիմա ինչքա՞ն ժամանակ է պետք, որ մենք մեր ամբողջ շուկայի տրամաբանությունը լրիվ փոխենք, չափանիշները սկսենք համապատասխանեցնել եվրոպականին՝ ասելով` դե լավ, ռուսական շուկան մեզ պետք չէ: Էլի եմ հիշեցնում՝ Եվրոպական միության անդամ մենք մոտակա ժամանակ չենք դառնալու: Ու դա ես չեմ ասում, Եվրոպական միության ներկայացուցիչներն են ասում։
— Պատժամիջոցները, որոնք այս օրերին Ռուսաստանը կիրառում է ձկնեղենի, պտուղ-բանջարեղենի, ծաղիկների եւ այլնի հետ կապված, որքանո՞վ են նպաստում, որ շարքային քաղաքացին ընդունի, որ ԵԱՏՄ-ում լինելը մեզ ավելի ձեռնտու է: Չե՞ք կարծում, որ սա դեռ մի բան էլ ավելի հակազդեցություն է առաջացնում, էլ չասենք, որ հակառուսական տրամադրություններ է գեներացնում:
— Չեմ կարծում, թե մեր քաղաքացիները չեն հասկանում, որ մեզ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը պետք են։ Ավելին՝ կարծում եմ, որ ռուսական կողմն էլ պետք է ընդունի, որ իրենց ձեռք չի տալիս խզել մեզ հետ կապերը։ Ամեն դեպքում, առնվազն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է գնալ Մոսկվա, պատրաստ է պահպանել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ում, չի պատրաստվում ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից: Բայց ռուսական կողմն էլ ասում է՝ դուք մի հատ կողմնորոշվեք, որովհետեւ ոչ թե բանավոր ինչ-որ խոսք եք ասել, այլ օրենք եք ընդունել` Եվրոպական միություն գնալու, ո՞րն է ձեզ համար կարեւոր՝ ԵԱՏՄ-ն, այսինքն՝ ռուսական շուկան, թե՞ ուղղակի մի ընդունված օրենք, որը որեւէ ազդեցություն չունի, Եվրոպական միության համար որեւէ նշանակություն չունի, էլ չասենք, որ հայտ չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը` Եվրոպական միությանն անդամակցելու։ Հետեւապես, պետք է ռուսական կողմի հետ փորձել գալ ընդհանուր հայտարարի։
Շատ պարզ եմ ուզում ասել՝ ընդհանուր հայտարարի գալը չի նշանակում զիջել մեր ինքնիշխանությունը, ինչպես փորձում են ոմանք ներկայացնել: Իրականում ի՞նչ է ուզում ռուսական կողմը մեզնից, պետք է հասկանանք: Իհարկե, ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը, դա որեւէ մեկը մեր երկրում չգիտի։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ես էլ չգիտեմ` ռուսական կողմը մեզնից ինչ է ակնկալում կամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Բայց կռահում եմ, որ, ըստ տրամաբանության, ռուսական կողմը ուզում է, որպեսզի իր շահերը նույնպես հաշվի առնվի Հարավային Կովկասում եւ Հայաստանում։ Դրա համար շեշտում եմ՝ պետք է գալ ընդհանուր հայտարարի: Հասկանում եմ, որ շատ բարդ գործընթաց է, որ կարողանաս ե՛ւ ռուսական կողմի հետ պահպանել քո հարաբերությունները, ե՛ւ Եվրոպական միության հետ, բայց անհնար չէ: ԵԱՏՄ անդամ Ղազախստանը, օրինակ, կարողանում է դա անել կամ, օրինակ, ԵՄ անդամ Սերբիան: Հունգարիան կարողանում է էներգետիկ ոլորտում ունենալ Ռուսաստանի հետ հարաբերություններ, որովհետեւ այն բխում է իր շահերից: Հիմա բոլոր կողմերը պետք է իմանան, որ մենք ունենք շահեր, եւ այդ շահերից ելնելով պետք է վարենք մեր քաղաքականությունը։ Այո՛, կան բարդություններ, դժվարություններ, այս աշխարհը դժվար է ու տուրբուլենտ, բայց մեր հիմնաքարը պետք է լինի մեր երկրի շահը։ Մենք չենք կարող պարփակվել ու ասել՝ պետք է կախված լինենք մի կետից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

