ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅՍՕՐ ՏՐՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ՀասարակությունԱյսօր հունիսի 29-ին Գյումրիում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը։ Մարդաշատ էր քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու բակը։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկներին ճանապարհելու, իրենց սրտի խոսքը, բարեմաղթանքները հղելու էին եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, նրա տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ, ընկերներ։ Մարզպետը ծառայության մեկնող տղաներին մաղթեց բարի ու խաղաղ ծառայություն, նրանց հորդորեց երբեք չերկնչել խոչընդոտների առջև։ Շատ հուզիչ տեսարան էր տիրում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։ Հարազատների սրտում միախառնվել էին հուզմունքն ու հպարտության զգացողությունները։ Բոլորի ցանկությունը մեկն է, խաղաղություն լինի միշտ, բոլոր զինվորներն էլ բարով ծառայեն ու վերադառնան իրենց հայրական օջախներ։ Ծնողների համար շատ ուրախալի է, որ ծառայությունը 1,5 տարի է դարձել, նախկին 2 տարվա փոխարեն։ Նորակոչիկներին եկեղեցում օրհնեց քահանան, մաղթեց բարի, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ։ Եկավ ամենահուզիչ պահը, նորակոչիկները հրաժեշտ տվեցին հարազատներին ու նստեցին ավտոբուս։ Խաղաղ ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

