Ավինյանը եւ 40 ավագանիները
ՎերլուծությունԱյն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, վաղուց արդեն առանձին դեպքերի շարք չէ։ Դա համակարգ է։ Համակարգ, որտեղ իշխանությունը համոզված է, որ հաղթանակը տալիս է ամեն ինչի իրավունք, իսկ ընդդիմությունը դեռ չի հասկացել, թե ինչու է հասարակությունը շարունակում իրեն վստահել այնքան, որքան վստահում է։
Երբ Երեւանի ավագանու նիստում հնչում են սպառնալիքներ, վիրավորանքներ, երբ քաղաքական հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը հիշեցնում է ոչ թե ժողովրդավարական բանավեճ, այլ ուժեղի ու թույլի հարաբերություն, դա միայն ավագանու խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքական դաշտի հայելին է։ Բայց ինչու ընդդիմությունը դարձավ, ինչպես իշխանական ավագանիներն են անվանում՝ «բոքսի տանձիկ»։
Հայաստանում վաղուց ձեւավորվել է մի վտանգավոր տրամաբանություն. ով իշխանություն ունի, իրեն թվում է, թե ունի նաեւ վերջին խոսքի, վերջին ճշմարտության եւ վերջին որոշման մենաշնորհը։ Իսկ ընդդիմությունն էլ իր հերթին շարունակում է ապրել նույն սխալների մեջ, որոնց պատճառով ութ տարի շարունակ պարտվում է։
Ընդդիմադիր դաշտի գլխավոր ողբերգությունն այն է, որ այնտեղ դեռ չեն հասկացել՝ հասարակությունը հոգնել է առաջնորդակենտրոն քաղաքականությունից։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ շարունակում է համոզված լինել, որ հենց ինքն է լինելու ապագա միավորման առանցքը, հենց իր առաջնորդն է լինելու հաջորդ վարչապետը, հաջորդ փրկիչը, հաջորդ հաղթողը։ Արդյունքում ստացվում է այն, ինչ տեսել ենք վերջին ընտրություններում՝ տասնյակ ընդդիմադիր կենտրոններ, տասնյակ առաջնորդներ, բայց ոչ մի միասնական քաղաքական ուժ։
Երբ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է ամրապնդել դիրքերը, ընդդիմությունը հաճախ զբաղված է ոչ թե սեփական սխալները վերլուծելով, այլ` հերթական մեղավորին փնտրելով։ Մեկը մեղադրում է մյուսին, մյուսը՝ երրորդին, իսկ հասարակությունը հերթական անգամ համոզվում է, որ այս մարդիկ նույնիսկ իրար հետ չեն կարող համաձայնության գալ, ուր մնաց` երկիր կառավարեն։
ԹՈՒՅԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԾՆՈՒՄ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ այդ իշխանությունը գործում է շատ ավելի պարզ տրամաբանությամբ։ Այն օգտվում է ընդդիմության մասնատվածությունից եւ ամեն պարտությունից հետո ավելի ինքնավստահ է դառնում։ Որքան թույլ է ընդդիմությունը, այնքան ավելի կոշտ է դառնում իշխանության վարքագիծը։ Սա քաղաքականության հին օրենք է. թույլ ընդդիմությունը միշտ ծնում է ինքնավստահ իշխանություն։
Այս ֆոնին առանձնապես զարմանալի չէ, որ պետական կառավարման տարբեր մակարդակներում ավելի ու ավելի հաճախ են հնչում արտահայտություններ, որոնք մի քանի տարի առաջ քաղաքական սկանդալ կդառնային։ Որովհետեւ քաղաքական պատասխանատվության մեխանիզմները թուլացել են։ Իշխանությունը վստահ է իր դիրքերում, ընդդիմությունը զբաղված է իր ներքին խնդիրներով, իսկ հանրությունը մեծ մասամբ դիտորդի դերում է։
Ամենավտանգավորն այն է, որ քաղաքական մշակույթը շարունակում է անկում ապրել։ Քաղաքական մրցակցությունը փոխարինվում է անձնական հակամարտություններով, գաղափարական պայքարը՝ փոխադարձ վիրավորանքներով, ծրագրային քննարկումները՝ սոցցանցային աղմուկով։
Օրինակ, եթե Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդիմությանն ասում է՝ «շատ եք լոճվում ու լոճվել, կնեղացնենք…», ապա երեկ ՔՊ-ի ընտրած ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը դեռ նախընտրական շրջանում քաղաքական հակառակորդներին հաթաթա էր տալիս. «Սարքելու ենք բոմժ, կզցնելու ենք մինչեւ վերջին խազը»։
Երկիրը կանգնած է մի իրավիճակի առաջ, երբ իշխանությունը չի զգում բավարար հակակշիռ, իսկ ընդդիմությունը չի կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսպիսի պայմաններում տուժողը միշտ հասարակությունն է։
Բայց, ի վերջո, խնդիրը ոչ թե այս կամ այն պաշտոնյան է, ոչ էլ այս կամ այն ընդդիմադիր գործիչը։ Խնդիրն այն է, որ քաղաքական համակարգը շարունակում է վերարտադրել նույն սխալները։ Մի կողմը համոզված է, որ հաղթանակը հավերժ է, մյուս կողմը՝ որ պարտությունը ժամանակավոր թյուրիմացություն է։
ԻՍԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ…
Բայց քաղաքականության պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, ինչպես նաեւ ոչ մի ընդդիմություն դատապարտված չէ հավերժ պարտությունների։ Հարցն այն է, թե ով առաջինը կհասկանա ժամանակի պահանջը՝ իշխանությունը, թե ընդդիմությունը։
Օրինակ, այսօր փոխանակ հայ ժողովրդին ընտրություններով հաղթանակ խոստացած ընդդիմությունը գոնե ներողություն խնդրի ու իրեն համեստ պահի՝ իր իսկ ձախողման համար, դեռ խոսում է հետագա պայքարի ղեկն իրենց ձեռքից բաց չթողելու մասին։ Լրիվ օլիգարխիկ մտածելակերպ. մարդիկ փող են դրել ընտրություններին, պիտի հախը հանեն՝ լինի մանդատ վերցնելով, թե իրավիճակից մի բան քերելով։
Բայց այսօրվա Հայաստանի գլխավոր քաղաքական հարցը սա չէ, թե ով ում կվիրավորի հերթական նիստում, ոչ թե ով ում կսպառնա, կամ ում վրա կբարկանա։ Այլ այն, թե արդյոք քաղաքական դասը կկարողանա վերադառնալ քաղաքականության բուն իմաստին՝ գաղափարների, ծրագրերի եւ պատասխանատվության մրցակցությանը։
Մինչ այդ, Հայաստանի քաղաքական կյանքը շարունակում է ապրել մեկ պարզ կանոնով. ուժեղը խոսում է բարձր, թույլը բողոքում է բարձր, իսկ հասարակությունը շարունակում է սպասել, թե երբ այդ աղմուկից վերջապես քաղաքականություն կծնվի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

