Ամեն անգամ անշնչացած մարմնի դիպչելիս կյանքի ու մահվան խաչմերուկն եմ հատում․Ջրասուզակ Վահե Մելքոնյանի կյանքն ու կռիվը
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 եւ 13 տարեկան քույրեր։ 7 տարեկան Նարե Մարտիրոսյանի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 17-ին, նրա քրոջ` 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի մարմինը՝ հունիսի 22-ին։ Երկուսին էլ հայտնաբերել և գետից դուրս է բերել ջրասուզակ Վահե Մելքոնյանը։ Պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վահե Մելքոնյանին պարգեվատրել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը, ով 22 տարվա պրոֆեսիոնալ ջրասուզակ է ու հարյուրավոր անշնչացած մարմիններ է հանել ջրի հատակից «Իրավունքի» հետ զրույցում ասում է, որ առանց ջրի իր կյանքը չի պատկերացնում․
-Ջրի հատակը գաղտնիքների շտեմարան է, այստեղ անհուն ջրի հատակում անհետք մնացած ճակատագրեր են, որոնց խորտակել է ջրի կախարդանքը։ Բայց ջուրն իր բնավորությամբ չի կարող ինձ վախեցնել։ Ալիքը մեծ լինի, քամի թե փոթորիկ, սուզվում եմ՝ իմ գործն անելու եմ: Ինձ համար կապ չունի, որ վերեւն ալիք ա, ես ներքեւում ինձ լավ եմ զգում։ Ջրի տակ է լավ, խոսացող չկա, թագավորն էլ ես եմ։ Իմ թագավորությունն է՝ ինչ ուզում, անում եմ։ Աշխարհից կտրվում եմ, գնում ուրիշ աշխարհ: Համեմատելու ոչ մի բան չկա էստեղի հետ:
Վահեն, ում հումորը, պարզությունը ու ջերմությունն են բնորոշ՝ մանուկ հասակից կապված է եղել ջրի հետ, բայց չի մտածել, որ մի օր սիիրողական ջրասուզակից կդառնա հայտնի պրոֆեսիոնալ ջրասուզակ, ում մասին այլեւս խոսում են ոչ միայն հայրենիքում, այլ հայրենիքից դուրս․
-7-8 տարեկան էի, երբ հակագազ էի ձեռք բերել, սուզման ինքնաշեն ապարատ պատրաստելու համար։ 12 տարեկանում մեքենայի անիվ փչելու պոմպով սուզման սարքավորումներ էի պատրաստում որոնցով սուզվում էի։ Այն ժամանակ սուզվում էի մինչեւ 2 մետր, ուսումնասիրում մանր ձկներին ու խեցգետիններին։ Ավելի ուշ՝ 17–19 տարեկանում, խորհրդային արտադրության ջրասուզակային սարքավորումներ էի ձեռք բերել։ 7-8 տարեկանում չէի պատկերացնի, որ մի օր կդառնամ պրոֆեսիոնալ ջրասուզակ, ով այսօր տարբեր ջրամբարներից, լճերից ու գետերից ջրախեղդ եղած մարդկանց մարմիններ է դուրս բերում։ Երբեմն որոնումները տեւում են մի քանի օր։ Ջրասուզակի աշխատանքը պահանջում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բարձր պատրաստվածություն։ Շատ դաժան, ծանր, անբացատրելի ապրումներ եմ ունենում՝ ամեն անգամ ջրի հատակին անշնչացած մարմնի դիպչելիս կյանքի ու մահվան խաչմերուկն եմ հատում։ Հատկապես դաժան է, երբ ջրի հատակից դուրս եմ բերում երեխաների, անբացատրելի զգացողություններ եմ ապրել Մարմարիկից 2-ամյա Տիգրանի մարմինը հանելիս, մեկ այլ դաժանություն եմ ապրել ջրախեղդ քույրերի մարմիններին դիպչելիս։
Վահեն, ով 22 տարվա ընթացքում հարյուրավոր ջրախեղդ մարդկանց է դուրս բերել առանձնահատուկ հիշում է երկու դեպք՝ մեկը տեղի է ունեցել իր ծննդյան տարեդարձին, մյուսը՝ երեխաների պաշտպանության օրը․
-Ծննդիս օրը գնացել եմ Գյումրուց խեղդվածի հանել: Արարողությունը թողեցի, գնացի: Չեմ կարա հիշեմ, թե որ թվականին, բայց հունիսի 1-ին 24 ժամվա մեջ երեք խեղդվածի հանեցի, որոնցից, ցավոք, երկուսը փոքր երեխաներ էին: Հունիսի 1-ն էլ երեխաների պաշտպանության օրն է: Նրանցից մեկին հանեցի Ապարանի ջրամբարից, մյուսին՝ Սեւջուր գետից:

