Իրանում ներքին «պատերազմն» ակտիվորեն սրվում է
ՎերլուծությունԳլոբալիստական աղբյուրների մոտ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=343592&l=am) գնալով ակտիվանում են գնահատումները, որ իրանական պատերազմը դեռ շատ վաղ է ավարտված համարել: Ու անկախ այն բանից, որ Թեհրանն ու Վաշինգտոնն ունեն համաձայնագիր, սկսել են բանակցել, Իրանում եւս այդ կանխատեսումները, ընդ որում` հեղինակավոր աղբյուրներից, գնալով միայն ավելանում են:
Օրինակ, The Telegraph-ի գնահատմամբ, Թրամփը կարող է պահանջել Իրանի հետ նոր համաձայնագիր ընտրություններից հետո: Խոսքը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մասին է, նաեւ որի հետ կապված, հաշվի առնելով հանրապետականների դիրքերի անկումը եւ Կոնգրեսում մեծամասնությունը կորցնելու հնարավորությունը, Թրամփը ստիպված եղավ նկատելի զիջումներ անել Իրանին: Եվ ահա, բրիտանական լրատվամիջոցը, հղում անելով նոր տեղեկատվությանը, հաղորդում է, որ Թրամփի համար ընտրություններից հետո կփոխվի այդ ճնշման գործոնը, եւ նա կարող է հրաժարվել Իրանի հետ գործող համաձայնագրից հետո ու պահանջել նորը:
Բացի նման տարաբնույթ գնահատումներից, որոշակի փաստեր եւս խոսում են այն մասին, որ Իրան–ԱՄՆ համաձայնագիրն ունի անլուծելի կետեր եւ, դրանցով պայմանավորված, հազիվ թե այն երկար պահպանվի: Ամենահիմնական նման կետերից մեկը, իհարկե, մնում է Լիբանանի թեման: Այսինքն, որքան էլ ամերիկյան կողմը հաստատում է, որ Իսրայելը գործում է Լիբանանում պատերազմը դադարեցնելու եւ այնտեղից զորքերը հանելու տրամաբանության մեջ, սակայն պաշտոնական Թել Ավիվը խոսում է միայն հակառակի մասին: Ընդ որում, ակնհայտորեն խնդիրն արդեն միայն Իսրայելը չէ: Հիշեցնենք, Թրամփն անձամբ քանիցս հայտարարեց, թե Սիրիայի ներկայիս իշխանությունները շատ ավելի արագ կկարողանան լուծել «Հեզբոլլահի» հարցը: Ու թեեւ Ջուլանին քանիցս հավաստիացրեց, թե իրենց մտքով անգամ չի անցնում նման բախումը, սակայն վերջին օրերին փաստերը սկսել են այլ բան ցույց տալ: Մասնավորապես, որ սիրիական իշխանություններն ակտիվորեն ուժեր են կուտակում Լիբանանի սահմանի ողջ երկայնքով: Իսկ նման բաները, հասկանալի է, հենց այնպես չեն արվում:
Վերջապես, ԱՄՆ–ն այս փուլում շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում Պարսից ծոցի գոտու արաբական երկրների հետ, ինչը ցույց տվեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի երեկ մեկնարկած այցը տարածաշրջան: Եվ դատելով այդ քննարկումների մասնակիցների հռետորաբանությունից, նրանց մոտ ակտիվորեն հասունանում է Իրանի դեմ միասնական կոալիցիա ձեւավորելու գաղափարը, ինչը եւս հաստատ Մերձավոր Արեւելքի համար Թրամփի խոստացած «հավիտենական խաղաղության» օգտին չի խոսում:
Այս ամենից զատ, ԱՄՆ–ն արդեն իսկ սկսել է յուրովի մեկնաբանել Իրանի հետ համաձայնագրի հիմնական դրույթները: Օրինակ, որ իրանական սառեցված միջոցները կապասառեցվեն, բայց թե դրանք Իրանն ինչ ուղղություններով է ծախսելու, որոշելու են ամերիկացիները: Ընդ որում, փոխնախագահ Վենսի մակարդակով են պահանջում` գնել ամերիկյան գյուղմթերքներ եւ նման այլ բաներ:
Մի խոսքով, կրկնենք, գնալով ավելի ընդգծված է դառնում հավանականությունը, որ Իրանի եւ ԱՄՆ-ի համաձայնագիրը կավարտվի ձախողմամբ: Եվ դա, իհարկե, դեռ նախնական փուլում էին հասկանում նաեւ Թեհրանում: Համենայնդեպս այն, որ այդ համաձայնագրի հետ կապված, Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր ուղերձում խոսում էր դրան անձամբ դեմ լինելու մասին` պատասխանատվությունը թողնելով նախագահ Փեզեշքիանի վրա, արդեն իսկ շատ բանի մասին էր ակնարկում: Նաեւ մեկ այլ էական հանգամանք օրակարգ բերելով. իսկ ինչո՞ւ Գերագույն առաջնորդն այդ կարեւորագույն հարցով առաջնորդվեց ոչ թե սեփական, այլ` ավելի ցածր պաշտոնական լիազորություններ ունեցող նախագահի նախասիրություններով:
Ահա այդ ֆոնին, նաեւ դժվար չէ նկատել, որ ակնհայտորեն Իրանում գնալով սրվում են Փազեշքիանի գլխավորած ռեֆորմիստական եւ այաթոլաների պահպանողական թեւերի միջեւ հարաբերությունները: Ընդ որում, դրան նպաստում է նաեւ այն փաստը, որ Գերագույն առաջնորդի գործունեությունը շարունակում է մնալ առնվազն քիչ տեսանելի: Նա այդպես էլ դեռ հրապարակավ հանրությանը չի ներկայանում, ու թեեւ կան Խամենեիին վերագրվող տարբեր հայտարարություններ, շարունակվում են խոսակցությունները, թե իրականում նա ո՞ղջ է: Այն հիմքով, որ եթե անգամ Խամենեին հրապարակային դաշտ դուրս չի գալիս անվտանգության նկատառումներով, սակայն հնարավոր էր միանգամայն անհերքելի փաստեր ներկայացնել, որ նա իրոք ողջ է եւ կատարում է իր պարտականությունները: Առավել եւս, որ փոխարենը, նախագահ Փեզեշքիանը շարունակում է մնալ ԱՄՆ–ի հետ բանակցություններում առաջին պլանում` առաջ տանելով ռեֆորմիստական մոտեցումները:
Արդյունքում, իրանական երկու թեւերի միջեւ հակասություններն ակնհայտորեն հասնում են գագաթնակետին: Հաշվի առնելով նաեւ, որ պահպանողական թեւն արդեն բացահայտորեն է դավաճանություն որակում փաստը, որ Իրանի բանակցողները այդպես հանգիստ հրաժարվեցին Հորմուզի նեղուցի վերահսկողությունից, որը Թեհրանի ամենահզոր զենքն էր դարձել: Մինչդեռ այն ներքին մթնոլորտը, որը կարող է ձեւավորվել Իրանում` ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ժամանակահատվածում, իր հերթին միանգամայն նպաստավոր գործոն է սկսում դառնալ ԱՄՆ-Իսրայելի համար, որպեսզի մտածեն Իրանին կա´մ նոր կոշտ պայմաններ թելադրելու, կա´մ նոր հարված հասցնելու մասին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68952

