Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ 2018 թ․-ից
ՀրապարակախոսությունԻսկ հետո նաեւ՝ կեղծված ընտրությունների հիմքով…
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի իշխանությունը լեգիտիմ չէ 2018թ. իշխանությունը զավթելու առաջին իսկ օրվանից, իշխանազավթման փաստը վկա: Հետագայում եւս Նիկոլի իշխանությունը պահպանեց իր ոչ լեգիտիմ կարգավիճակն ընտրությունների արդյունքների կեղծմամբ: 2026թ. ընտրությունները բացառություն չէին, ինչպես 2021թ. ընտրությունների արդյունքները. 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները նույնպես կեղծվել են, զուգահեռաբար գործի են դրվել լայնամասշտաբ ընտրախախտումներ, որոնք նույնպես չէին կարող իրենց էական ազդեցությունը չունենալ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:
Միով բանիվ՝ Նիկոլի իշխանությունը մի քանի հիմքով զուրկ է լեգիտիմությունից, Հայաստանում իշխանությունը Նիկոլի եւ իր ոհմակի կողմից ուզուրպացված է, սահմանադրական կարգը` տապալված: Հետեւաբար ներկայիս ընդդիմության առաջնահերթ խնդիրն է գրեթե ցանկացած միջոցով տապալված սահմանադրական կարգի վերականգնումը (հասկացողը հասկացավ), իսկ դրա ցանկության բացակայության կամ անկարողության դեպքում ինքնալուծարումը՝ ընդդիմության կարգավիճակից հրաժարումը եւ այդ մասին համապատասխան քաղաքական հայտարարությամբ հանդես գալը:
Վերջին խորհրդարանական ընտրությունների հետ կապված` ընտրախախտումներն այնքան շատ ու բազմակողմանի են եղել, որ նույնիսկ ԵԱՀԿ-ի առաքելությունը, որպեսզի աշխարհում չխայտառակվի հօգուտ ՔՊ-ի իր աչառու դիրքորոշման համար, ստիպված է եղել հայտարարել, որ արձանագրվել են սպառնալիքներ, ընտրակաշառք, վարչական ճնշումներ եւ կողմնակալ մեդիա միջավայր:
ԵԱՀԿ-ի նախնական զեկույցի համաձայն՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել են ընդդիմադիր թեկնածուներին եւ օգտագործել վիրավորական արտահայտություններ։ Ինչպես նշել են դիտորդները, նման արտահայտություններ են հնչել նաեւ Արցախից տեղահանված հայ փախստականների հասցեին։
ԵԱՀԿ փաստաթղթում նշված է նաեւ, որ Նիկոլն առանձին դեպքերում հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին իրենց պատկանող ընկերությունների նկատմամբ հետաքննությամբ ու դրանց ազգայնացմամբ: Ընդ որում, ազգայնացման ընթացակարգերի մի մասը, ինչպես հետեւում է զեկույցից, սկսվել է դեռեւս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Զեկույցում նաեւ արձանագրվել է վարչական ճնշում պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ՝ իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակից դարձնելու նպատակով։
Ընտրությունների արդյունքները կեղծվել են, կեղծվել են տեխնիկապես, բոլոր հնարավոր եղանակներով, ներառյալ՝ քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներով: Ընտրությունների ներկայիս համաշխարհային պրակտիկային բավարար ծանոթ չեմ, բայց Հայաստանի պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, որ հաշվարկը գիշերը դադարեցնեն եւ առավոտը շարունակեն:
Համացանցում վերջին շրջանում շատ տարածվեց ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը, որ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց եւ մրցակցային: Ոմանք սրանով փորձ արեցին թիրախավորել Մոսկվան, թե Ռուսաստանի ղեկավարությունը, չնայած բազմաթիվ ընտրակեղծիքներին եւ այլ ընտրախախտումներին, տեսեք-տեսեք, Նիկոլի, Նիկոլենց կողմն է: Բայց իրականությունը բնավ դա չէ: Նախ՝ ԱՊՀ-ն Ռուսաստանը չէ, Ռուսաստանն ԱՊՀ անդամներից ընդամենը մեկն է, համագործակցության կազմում 9 մասնակից պետություն կա՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:
Երկրորդ. ընտրություններն իսկապես ընթացել են բազմակուսակցական հիմքով (մասնակցել են բազմաթիվ կուսակցություններ): Ինչ վերաբերվում է ընտրությունների բաց եւ մրցակցային լինելուն, ապա Ռուսաստանը՝ հանձին իր Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության, բոլորովին այլ հետեւություն ու դիրքորոշում ունի: Ահավասիկ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում հունիսի 8-ին ՌԴ ԱԳՆ կատարած հրապարակումը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովայի մեկնաբանությունը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ.
«Հունիսի 7-ին Հայաստանում ընդդիմության վրա աննախադեպ ճնշման եւ Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ:
ԿԸՀ-ի հայտարարած նախնական արդյունքները վկայում են, որ իր հաղթանակը հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհը: Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ նրա աջակցությունը նկատելիորեն նվազել է։
Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական կապերի առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու լայն պահանջը, որը շոշափելի մեծ բարիքներ է բերում հայ ժողովրդին:
Ամբողջ ընտրարշավը եւ բուն քվեարկության գործընթացն անցել են ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների, նրանց ակտիվիստների եւ համակիրների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից խիստ բռնաճնշումների մթնոլորտում: Հետապնդումների «կատոկի» տակ է հայտնվել նաեւ երկրում ավանդաբար խորապես հարգված Հայ Առաքելական եկեղեցին։ Այս ամենը Երեւանի կողմից ազատ ընտրությունների անցկացման ժողովրդավարական սկզբունքների եւ ընթացակարգերի կոպիտ ոտնահարում է։ Հատկանշական է նաեւ այն, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ձեւով հալածանքները թափվեցին բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք կողմ են հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ միության ամրապնդմանը, եվրասիական ինտեգրմանը Հայաստանի հետագա մասնակցությանը, ներառյալ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, մեր երկրի դեմ թշնամական գիծ վարող Եվրամիություն մտնելու փակուղային կուրսից հրաժարվելուն։
Մոսկվայում միշտ եղել են եւ կլինեն շահագրգռված ուժեղ եւ իրապես ինքնիշխան Հայաստանով։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է, մաղթում ենք խաղաղություն եւ բարգավաճում:
Միեւնույն ժամանակ, անցած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բեւեռացված է։ Նման պայմաններում Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնել՝ առանց հաշվի առնելու բնակչության բոլոր շերտերի կարծիքը, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում եւ սոցիալ-տնտեսական ցնցումներ։ Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, ապա մտադիր ենք մեր կուրսը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը»։
Վերոնշյալ մեկնաբանության առնչությամբ մնում է հավելել՝ կեցցե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը, կեցցե՛ Մարիա Զախարովան՝ իրականության ճիշտ արձանագրման ու ներկայացման համար:
«Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, որը Պետդումայի պատգամավոր է ընտրվել համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դաշնային ցուցակի կազմում:
Նրա խոսքով` արվել է ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ընդդիմության օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն։
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

