Սայթաքո՞ւմ էր, թե՞ գիտակցված դիրքորոշում․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄինչ օրեր առաջ Էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ աչքալուսանք էր տալիս, թե հունիսի 1-ից 17-ը Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ շուրջ 18 միլիոն հատ եւ 17 տոննա ծաղիկ, որի արտահանման աշխարհագրությունը բավական լայն է, թվերը գալիս են ապացուցելու ճիշտ հակառակ պատկերը։ Ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցման՝ պարզվում է՝ հունիսի 1-ից մինչեւ 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Այս մասին տեղեկացրել են պատգամավորին Էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։ Գրությամբ միաժամանակ հայտնել են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։ Կարո՞ղ է Պապոյանը պտուղ-բանջարեղենի արտահանում ասելով՝ նկատի ուներ այն 7 հատիկ ծիրանը, որը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նվիրել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին։
Իսկ արցախյան պատերազմի մասնակից, պատերազմում ծանր վիրավորում ստացած Վալերի Մեհրաբյանը բաց նամակով դիմել է UFC-ի թեթեւ քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ՝ պահանջելով հանրային պարզաբանում եւ ներողություն Արցախի հայությունից՝ Արցախի դրոշի վերաբերյալ հնչեցրած սկանդալային արտահայտության համար։ Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում Ծառուկյանը հրաժարվում է քաղաքացու ձեռքից վերցնել Արցախի դրոշը՝ ասելով. «Տուր հայկականը»։ Այս խոսքերը բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն են ստեղծել, թե նա Արցախի դրոշը չի համարում հայկական։ Վալերի Մեհրաբյանը Ծառուկյանին 24 ժամ ժամանակ է տվել՝ բացատրելու՝ արդյոք դա լեզվի սայթաքո՞ւմ էր, թե՞ գիտակցված դիրքորոշում։ «Եթե լեզվի սայթաքում է եղել, պարտավոր ես ներողություն խնդրել արցախահայերից»,- գրել է նա։ Հատկանշական է, որ վերջին օրերին Հայաստանում գտնվող Արման Ծառուկյանը պարբերաբար հայտնվում է քաղաքական ենթատեքստ ունեցող պատմությունների կենտրոնում։ Մի դեպքում նա գովազդում էր ՔՊ-ական պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսը, մյուս դեպքում՝ իր տեսանյութերից մեկում ցուցադրում Փաշինյանի քարոզչական քարտեզը։ Այնպես որ, եթե Արցախի դրոշի վերաբերյալ արտահայտությունը պատահականություն էր, ապա անհրաժեշտ է անհապաղ պարզաբանում։ Իսկ եթե դա գիտակցված մոտեցում է, ապա հարցն արդեն շատ ավելի լուրջ է. Արցախի դրոշը տասնամյակների պայքարի, զոհողությունների եւ ազգային հիշողության խորհրդանիշ է, որի համար հազարավոր հայորդիներ են կյանք տվել, եւ Ծառուկյանի այս քայլն առաջին հերթին անարգանք է մեր նահատակների հիշատակին:
Պակաս զարմանալի չէ այն, ինչ տեղի է ունեցել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ընտանիքում: Պարզվում է՝ նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ առ այն, որ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել։ Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբանը եւ մանրամասնել, որ դեպքը տեղի է ունեցել երկու ամիս առաջ: Իսկ դատական ակտերի որոնման համակարգից տեղեկանում ենք, որ Նատալյա Ռոտենբերգի հայցադիմումն ընդդեմ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին մեկ ամիս առաջ արդեն իսկ ընդունվել է վարույթ։ Մինչդեռ այս իրար սիրող զույգի մասին որքա՜ն գեղեցիկ ռեպորտաժներ էին ժամանակին նկարահանվել:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

