Բաքուն գործի է անցել, հիմի է՞լ լռել

Վերլուծություն

Ադրբեջանում հերթական անգամ անցկացվել է «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը։ Առաջին հայացքից մշակութային բնույթի միջոցառում թվացող այս նախաձեռնությունը, սակայն, վաղուց արդեն դուրս է եկել մշակութային կամ, այսպես ասած, պատմական հիշողության պահպանման շրջանակներից եւ վերածվել քաղաքական ծրագրի, որի հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է։

Ընդամենը մի քանի օր առաջ Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում անցկացվեց «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-համաժողովը, որտեղ կրկին հնչեցվեց այն թեզը, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Այս հայտարարություններն այլեւս մեկանգամյա քարոզչական ակցիաներ չեն։ Դրանք համակարգված քաղաքականության տարրեր են, որոնք վերջին տարիներին հետեւողականորեն առաջ են մղվում Ադրբեջանի պետական, կիսապետական եւ հանրային հարթակներում։

Հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը. եթե Հայաստանի իշխանությունները պնդում են, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեման գոյություն չունի բանակցային օրակարգում եւ ընդամենը ներքաղաքական շահարկում է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը տարեցտարի ընդլայնում այդ գաղափարի միջազգային, քաղաքական եւ տեղեկատվական ներկայացվածությունը։

Ադրբեջանական պաշտոնական եւ պետականամետ լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կառույցն արդեն դարձել է Բաքվի արտաքին քաղաքականության կարեւոր գործիքներից մեկը։ Միջոցառումների ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքները որպես «Արեւմտյան Ադրբեջան», խոսվում է «վերադարձի իրավունքի» մասին, կազմակերպվում են մշակութային եւ սպորտային միջոցառումներ, ստեղծվում է պատմական հիշողության ու «կորցրած հայրենիքի» մասին նարատիվ։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է։ Նախ ձեւավորվում է գաղափարական հիմքը, այնուհետեւ՝ հասարակական պահանջարկի պատրանքը, ապա միջազգային հարթակներում սկսվում է իրավաքաղաքական հիմնավորումների շրջանառությունը։ Նույն մեխանիզմը նախկինում կիրառվել է տարբեր հակամարտությունների ժամանակ աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում։

Պատահական չէ, որ ադրբեջանցի պաշտոնյաները շարունակաբար հղում են անում Իլհամ Ալիեւի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթին՝ այն ներկայացնելով որպես քաղաքական ուղենիշ։ Այդ ելույթը մինչ օրս դիտարկվում է որպես «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարախոսության հիմնարար փաստաթղթերից մեկը։

Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԲԱՔՈՒՆ

Այս հարցի շուրջ Հայաստանում ձեւավորվել են երկու հիմնական մոտեցումներ։ Առաջին մոտեցման համաձայն՝ Ադրբեջանը պարզապես տեղեկատվական ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ՝ փորձելով լրացուցիչ լծակներ ստանալ խաղաղության գործընթացում եւ սահմանազատման հարցերում։

Երկրորդ մոտեցումը, որն առավել տարածված է ընդդիմադիր շրջանակներում, ենթադրում է, որ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը երկարաժամկետ ռազմավարություն է, որի նպատակը Հայաստանի նկատմամբ քաղաքական, ժողովրդագրական եւ իրավական պահանջների ձեւավորումն է։

Եթե դիտարկենք վերջին երեք-չորս տարիների զարգացումները, ապա դժվար է չնկատել, որ Ադրբեջանը հետեւողականորեն ընդլայնում է այս օրակարգի աշխարհագրությունն ու ազդեցությունը։ Եթե սկզբում թեման շրջանառվում էր հիմնականում ներքին քարոզչության մակարդակում, ապա այժմ այն ներկայացվում է միջազգային համաժողովներում, արտասահմանյան հարթակներում, փորձագիտական քննարկումներում եւ նույնիսկ արեւմտյան քաղաքական շրջանակներին ուղղված միջոցառումներում։

Սա նշանակում է, որ Բաքուն խնդիր է դրել ոչ միայն սեփական հասարակությանը ներկայացնել «վերադարձի» գաղափարը, այլ նաեւ այն դարձնել միջազգային քննարկման առարկա։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԽՈՒՄԸ

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին խոսակցությունները կեղծ են, իսկ նման պնդումները՝ քաղաքական մանիպուլյացիա։ Սակայն այստեղ առաջանում է տրամաբանական հակասություն։ Եթե թեման իսկապես գոյություն չունի, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը պետական ռեսուրսներ ծախսում դրա քարոզչության վրա։ Ինչո՞ւ են անցկացվում տասնյակ միջոցառումներ, ստեղծվում կառույցներ, հրապարակվում հայտարարություններ, ընդունվում քաղաքական փաստաթղթեր։

Իշխանությունները կարող են պնդել, որ դա ընդամենը քարոզչություն է, սակայն նույնիսկ քարոզչությունն ինքնին քաղաքական նպատակ ունի։ Որեւէ պետություն տարիներով չի ֆինանսավորում մի գաղափար, որի նկատմամբ չունի ռազմավարական հետաքրքրություն։ Հետեւաբար, նույնիսկ եթե այսօր որեւէ կոնկրետ մեխանիզմ կամ պայմանավորվածություն գոյություն չունի, Հայաստանի համար անվտանգության տեսանկյունից վտանգավոր է անտեսել այս գործընթացը։

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության եւ հաղորդակցությունների բացման տեսլականը։ Սակայն նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել իր առավելապաշտական հռետորաբանությունից, այլ հաճախ ավելի է կոշտացրել այն։

Այս ֆոնին Հայաստանի հասարակության մի զգալի հատվածի մոտ ձեւավորվում է անվստահություն։ Մարդիկ տեսնում են մի կողմից խաղաղության մասին հայտարարություններ, մյուս կողմից՝ «Արեւմտյան Ադրբեջանի» փառատոներ, «վերադարձի» պահանջներ, Հայաստանի տարածքների նկատմամբ ակնարկներ եւ հակասական քաղաքական ուղերձներ։ Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ Երեւանն ու Բաքուն խոսում են տարբեր իրականությունների մասին։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը պահանջում է պետական արձագանք։ Առաջին հերթին անհրաժեշտ է հստակ եւ հետեւողական դիվանագիտական աշխատանք՝ միջազգային հարթակներում ներկայացնելու, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային կամ ժողովրդագրական պահանջները հակասում են տարածաշրջանային կայունության տրամաբանությանը։

Երկրորդ՝ անհրաժեշտ է տեղեկատվական հակաքարոզչություն։ Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ ներդրումներ է անում սեփական նարատիվի տարածման մեջ, ապա Հայաստանի լռությունը չի կարող արդյունավետ պատասխան համարվել։

Երրորդ՝ հասարակությունը պետք է ստանա ամբողջական տեղեկատվություն։ Անորոշությունն ու հակասական մեկնաբանությունները միայն խորացնում են անվստահությունը։

«Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով հերթական փառատոնը մեկ առանձին մշակութային միջոցառում չէ։ Այն ավելի լայն գործընթացի մասն է, որը Բաքուն հետեւողականորեն կառուցում է վերջին տարիներին։ Հարցն այլեւս այն չէ, թե գոյություն ունի՞ արդյոք այդ օրակարգը։ Այն գոյություն ունի, որովհետեւ դրա մասին ամեն օր խոսում են Ադրբեջանում, դրա համար ստեղծվում են կառույցներ, անցկացվում են համաժողովներ եւ ձեւավորվում են քաղաքական ուղերձներ։ Հարցն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել այդ գործընթացին, եւ արդյոք հասարակությունը ժամանակին կստանա այն պատասխանները, որոնք այսօր դեռեւս մնում են օդում կախված։

Իսկ եթե ոչ իշխանությունը, ապա ի՞նչ է անելու ընդդիմությունը՝ բացի այս մասին ահազանգելուց ու թեման թմբկահարելուց։ Օրինակ, ի՞նչ եղավ գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացը։ Մի բան ասելու համար՝ ասա՞ց, թե՞ էլի մի քանի նորաթուխ կուսակցության հետ միավորման իմիտացիա ստեղծելով՝ համարելու են գործը գլուխ բերած, իսկ իրականում չեն անելու ոչինչ։ Ի վերջո, մանդատ վերցնելով եւ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդարանական ընդդիմություն լինելո՞վ են պայքարելու 300 հազար ադրբեջանցիների չգալու դեմ, թե՞ խոստացված ընդդիմադիր հանրահավաքով, որի մասին մի շարք իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր արդեն իսկ ասում են, որ ո՛չ հրավեր են ստացել, ո՛չ էլ իրենց հետ եղել է քննարկում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում