«ՍԱ ԻՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇԱՐՆ ԷՐ». ՍԻՐՈՂԱԿԱՆ MMA -Ի ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԻՇԱ ԴԻԼԱՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանում կայացել է Գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի խառը մենամարտերի Եվրոպայի առաջնությունը։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել սիրողական MMA -ի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ նվաճած, Աշխարհի չեմպիոն ՄԻՇԱ ԴԻԼԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց. - 100 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկում հաղթեցի ուկրաինացի մրցակցիս, հետո մյուս ուկրաինացի մարզիկը հրաժարվեց մասնակցել, ինձ շնորհվեց հաղթանակը։ Հաջորդ գոտեմարտում մրցակիցս Դաղստանի ներկայացուցիչն էր։ Ձեռքի վնասվածք ունեի, հենց այդ պատճառով էլ, ափսոս, զիջեցի ու այդպես արժանացա արծաթե մեդալի։ Դաղստանցին շատ ուժեղ մրցակից էր։ Ասեմ, որ սա իմ մասնակցությամբ վերջին մրցաշարն էր, քանի որ ունեմ 200-ից ավելի սաներ ու ժամանակ չեմ ունենա էլ մասնակցել մրցաշարերի, արդեն մարզիկներիս հաջողություններով կհպարտանամ։ Առավել ևս, որ շատ հնարավոր է, որ այս մարզաձևերը Գրեփլինգը, պանկրատիոնը և MMA - ն ընդգրկվեն Օլիմպիական խաղերի կազմի մեջ։ Իմ սաներից Էրիկ Տերտերյանը 15 տարեկանների կազմում 77 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ Մեր Արմավիրի մարզի թիմը ընդհանուր նվաճեց 4 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալ։ Նշեմ, որ 2018֊ին Վրաստանի Ռուսթավելի քաղաքում կայացած MMA -ի Աշխարհի առաջնությանը 70 կգ քաշային կարգում հանդես գալով հաղթող եմ ճանաչվել։ - Շնորհակալություն, Միշա, հաճելի զրույցի համար։ - Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

