Հայկական կինոժառանգությունը օտարների ձեռքում. ո՞վ է պատասխան տալու
ՄշակութայինՀայաստանի մշակութային ոլորտում հերթական աղմկահարույց պատմությունն է հասունանում, որի հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան առաջին հայացքից է թվում։ Խոսքը հայկական անիմացիոն կինոյի արժեքավոր ժառանգության մասին է, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, փաստացի դուրս է եկել Հայաստանի վերահսկողությունից։
Կինոգետ եւ ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի բարձրացրած ահազանգից հետո պարզ դարձավ, որ միջազգային հեղինակավոր Անսիի անիմացիոն կինոփառատոնում նախատեսված հայկական ֆիլմերի հատուկ ծրագիրը չի կայացել։ Պատճառը, ինչպես ներկայացվում է, այն է, որ հայկական անիմացիոն ֆիլմերի զգալի մասի նկատմամբ իրավունքների հարցում առաջացել են լուրջ խնդիրներ, եւ հայկական կողմը չի կարողացել ապահովել դրանց ցուցադրման իրավական հիմքերը։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու ֆիլմի, այլ հայկական կինոժառանգության հարյուրավոր նմուշների մասին է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆրանսիական ընկերությունը հավակնություններ է ներկայացրել մոտ 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքների նկատմամբ՝ հղում կատարելով դեռեւս անցած դարի 90-ականներին կնքված պայմանավորվածություններին։
Ստացվում է՝ անկախությունից ավելի քան երեք տասնամյակ անց պետությունը հայտնվում է մի իրավիճակում, երբ չի կարող վստահորեն հայտարարել, որ ազգային մշակութային ժառանգության զգալի հատվածի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունի։ Սա արդեն ոչ միայն մշակութային, այլեւ պետական կառավարման խնդիր է։
Հասարակության համար կարեւոր հարցերը շարունակում են մնալ անպատասխան. ո՞վ եւ ի՞նչ պայմաններով է տարիներ առաջ տնօրինել այդ իրավունքները, ինչո՞ւ պետությունը միայն հիմա է բախվում խնդրին, եւ արդյոք հնարավոր կլինի վերադարձնել հայկական ֆիլմերի նկատմամբ լիարժեք իրավասությունները։
Փաստացի, մինչ պաշտոնյաները խոսում են ուսումնասիրություններից, միջազգային հարթակներում Հայաստանը արդեն կորցրել է իր մշակութային ներկայության կարեւոր հնարավորություններից մեկը։ Իսկ եթե հաստատվի, որ հայկական կինոյի արժեքավոր ժառանգության նկատմամբ վերահսկողությունը տարիներ շարունակ եղել է օտար կառույցների ձեռքում, ապա հանրությունը լիարժեք իրավունք կունենա պահանջելու ոչ միայն պարզաբանումներ, այլեւ` պատասխանատվություն։
Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող են դառնալ ազգային արժեքները, երբ տարիներով չեն ենթարկվում պատշաճ իրավական եւ պետական վերահսկողության։ Այժմ մնում է սպասել, թե ուսումնասիրության արդյունքներն ինչ պատկեր կբացահայտեն, եւ արդյո՞ք պետությունը կկարողանա վերականգնել իր իրավունքները հայկական կինոյի պատմության կարեւոր էջերի նկատմամբ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

