Շատ վատ է այդ տեմպով շարունակելը. Տիգրան Ավինյան
Ներքաղաքական
Կիեւյան կամրջի հիմնանորոգման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել երթեւեկելի ու հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎՈՍՅԱՆԸ:
Սակայն, ինչպես նկատել են երեւանցիները, կիրակի օրով Կիեւյան կամուրջի վրա ոչ մի աշխատող եւ աշխատանք կատարող մարդ ու մեքենա չի եղել: Ստացվում է, որ քաղաքապետը որքան էլ փորձում է արագացնել կամրջի աշխատանքները, այնուհանդերձ, աշխատողներն ու իրենց վերադասերը նախընտրում են հանգստյան օրերն օգտագործել հօգուտ իրենց: Մնում է հուսալ, որ քաղաքապետը հետեւողական կլինի, որպեսզի ծավալուն աշխատանքները ավարտվեն ժամանակին։
Ի դեպ, նույն նիստի ժամանակ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ իր դժգոհությունն է հայտնել Ազատության պողոտայի ոռոգման համակարգի աշխատանքների տեմպից:
«Շատ վատ է այդ տեմպով շարունակելը, ու ամենավատը այ հենց այս նախադասությունն է, որովհետեւ այդ տեմպը բավարար տեմպ չէ»,- արձագանքելով Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի տված պատասխանին՝ ասել է Ավինյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

