Ինչու է Կիեվը փորձում Բելառուսին պատերազմի մեջ քաշել
ՎերլուծությունԱհա, Հայաստանի շուրջ ստեղծված ներկա վիճակում (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=343388&l=am) Բրիտանիայում գործերը նորից թեժացան: Հրաժարական տվեց վարչապետ Սթարմերը: Ընդ որում, արդեն դժվար է հիշել, թե վերջին մեկ–մեկուկես տասնամյակին բրիտանական արդեն որերորդ վարչապետն է բավականին կարճ պաշտոնավարումից հետո հեռանում: Համենայնդեպս, ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, արդեն չորրորդ վարչապետն է հրաժարական տալիս` Ջոնսոնը, Թրասսը, Սունակը եւ հիմա` Սթարմերը: Մի խոսքով, Սթարմերի դեպքում եւս «Զելենսկու անեծքը» անվրեպ աշխատեց:
Մեկ այլ օրինաչափություն եւս կա. բիրտանական այս վարչապետներից հատկապես շուտ են հեռանում նրանք, ովքեր առավել զելենսկիասեր են: Թրասսը, ով հանուն Զելենսկու տանկերի վրա էր մագլցում, հազիվ մեկ տարի դիմացավ: Սունակի մոտ որոշ զգուշավորություն նկատվում էր. կարողացավ երկու տարուց ավել ձգել: Սթարմերը, հենց օրերս հայտարարեց, որ Զելենսկուն 150 հազար անօդաչու եւ նոր հեռահար հրթիռներ է տալիս, դրանից օրեր անց արդեն հրաժարական տվեց:
Վարչապետների այս հաճախակի հրաժարականները մեկ բանի մասին են վկայում. երկրում կան գլոբալ խնդիրներ, որոնք գործնականում դարձել են անլուծելի: Եվ այն, որ պատճառներից մեկն էլ ուկրաինական պատերազմով նման ծայրահեղ հրապուրվածությունն է, եւ իրականում այդ պատերազմը փաստացի առաջ մղելը, կարելի է ենթադրել:
Սթարմերին փոխարինողը կցանկանա՞ նույն դինամիկան պահել. երեւի: Բայց այն, որ Զելենսկին ներկա փուլում արդեն սկսել է պատերազմի էսկալացիայի ուղղությամբ միանգամայն լուրջ քայլեր կատարել, միգուցե ակնարկ է այն մասին, որ նա պարզապես փորձում է բրիտանական նոր վարչապետին հնարավորինս արագ փաստի առաջ կանգնեցնել:
Ամեն դեպքում, վերջին օրերին գնալով ակնհայտ դարձավ, որ Զելենսկին կոնկրետ քայլեր է կատարում Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ: Այսպես, նրա ուկրաինական անօդաչուները հարվածեցին բելառուսցի երեխաներ տեղափոխող ավտոբուսին: Դրան հաջորդեց Զելենսկու կողմից Բելառուսին ներկայացված փաստացի վերջնագիր: Եվ նախօրեին էլ Զելենսկին կրկնեց վերջնագիրը եւ արդեն կոնկրետ սպառնալիքներով: Նաեւ, որ Կիեւը կսկսի հարվածել, եթե պահանջները չկատարվեն:
Բայց ի՞նչ նպատակով։ Հնարավոր վարկածները մի քանիսն են:
Ամենահավանական տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անմիջական միջամտությունը պատերազմին: Սա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց հիմա այն հատկապես կարեւոր է. մինչեւ անդարձելիության կետը շատ ժամանակ չի մնացել: Այսինքն, ռուսներն այս պահին Դոնբասի վերջին խոշոր հանգույցի` Կրամատորսկ – Սլավյանսկ անգլոմերացիայի մատույցներում են եւ շարունակում են առաջանալ: Եթե գրավեն, ապա դրանով գործնականում դուրս կգան ուկրաինական ողջ պաշտպանական համակարգի (կառուցված 2014թ.–ից ի վեր) թիկունք: Իսկ այդ դեպքում ռուսական ուժերի համար կբացվի հնարավորությունների պատուհան՝ փորձել հասնել Դնեպր գետը եւ գրավել Դնեպրոպետրովսկը, ինչպես նաեւ Ուկրաինայի ձախ ափի այլ խոշոր քաղաքներ։ Սա կնշանակի, որ Ուկրաինան գործնականում կդադարի գոյություն ունենալ իր ներկայիս տեսքով։ Ու եթե Բելառուսը ռազմական պատասխան տա Կիեւի հարձակմանը, դա կօգտագործվի որպես առիթ` ՆԱՏՕ-ին պաշտոնապես պատերազմի մեջ ներգրավելու համար։ Եթե անգամ ՆԱՏՕ-ն բացահայտ հարձակման չգնա, մեկ է, բոլորը կհայտնվեն ծայրահեղ սրացման «խաչմերուկում», եւ Ուկրաինան որոշ ժամանակ կշահի։
Նման իրավիճակում Մոսկվան ստիպված կլինի արագորեն վերաբաշխել ռեսուրսները, պաշարները եւ զենքը դեպի հյուսիս՝ իր դաշնակցին պաշտպանելու համար։ Կիեւը հույս ունի, որ այդկերպ ռուսական առավել մարտունակ ստորաբաժանումները դուրս կբերվեն ուկրաինական վերահսկողության տարածքներից, հիմնականում Դոնբասից, ինչը կարող է ազդել Ռուսաստանի առաջխաղացման տեմպի վրա։
Հնարավոր տարբերակներից է նաեւ, որ Զելենսկու նման քայլերը կատարվում են` հանկարծ պատերազմի մեջ չհայտնվելու Լուկաշենկոյի մտավախություններից ելնելով: Այսինքն, որ ռեալ ռիսկի դեպքում Լուկաշենկոն կարող է հնարավորինս հեռու մնալ Մոսկվայից եւ, իդեալական սցենարի դեպքում` սեպ կխրվի երկու դաշնակից պետությունների միջեւ: Եթե ոչ, ապա բելառուսական հանրությունը կարող է դեմ դուրս գալ Լուկաշենկոյին:
Նման սցենարներից յուրաքանչյուրի դեպքում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու Մոսկվայի համար, հաշվի առնելով, որ ուկրաինական օդային չդադարող հարվածները, որոնց հանդեպ ռուսներն այդպես էլ դեռ էֆեկտիվ պաշտպանություն չեն գտնում, արդեն իսկ Ռուսաստանի ներսում բավականին լուրջ լարվածություններ ստեղծել են: Մի խոսքով, սա եւս մեկ իրավիճակ է առաջացնում, երբ Մոսկվայի համար էլ ավելի է սրվում ինչ անել հարցը: Կա՛մ կարող են գնալ իրենց հերթին էսկալացիան ավելացնելու ուղղությամբ, որի վերջնարդյունքում արդեն կարող է պարզ ուրվագծվել առնվազն տակտիկական միջուկային զենքը: Կա՛մ կարելի է մտածել գոնե ներկա վիճակով խաղաղության պայմանագրի մասին, չնայած ներկա իրավիճակում դա հազիվ թե ռեալ լինի: Կա՛մ Արեւմուտքը վիճակը կշարունակի սրել Ռուսաստանի ներսում` դրա բոլոր անորոշություններով հանդերձ:
Ամեն դեպքում այն, որ ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, ըստ էության, հայտարարեց, թե Մոսկվան Ալյասկայի պայմանավորվածությունների հետ կապված այլեւս պատրանքներ չունի, եւ ուկրաինական խնդիրը կլուծվի մարտադաշտում, թերեւս ակնարկ էր էսկալացիայի սպասվող ավելացման մասին:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68845

