Ռազմաճակատում՝ զոհեր, Կիեւում՝ ԼԳԲՏ շքերթ. Արեւմուտքի «արժեքային» առաջնահերթությունները
ՄիջազգայինՄինչ հավաքական Արեւմուտքի դրդմամբ՝ Ուկրաինան շարունակում է ընկղմվել պատերազմական ծանր հետեւանքների մեջ, զոհեր է տալիս ռազմաճակատում եւ բախվում է անվտանգության, տնտեսական ու հումանիտար լուրջ խնդիրների, հասարակական եւ քաղաքական օրակարգում շարունակում են տեղ զբաղեցնել արժեքային խեղումները: Եվ, իհարկե, սա էլ է տեղի ունենում նույն հավաքական Արեւմուտքի ջանքերով:
2026 թվականի հունիսի 21-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ «Մեր ընտանիքները Ուկրաինայի մի մասն են» կարգախոսով։ Երթի անցկացման պատճառով իրավապահ մարմինները վաղ առավոտից ամբողջությամբ փակել են քաղաքի կենտրոնը։ Ակտիվիստների հիմնական խումբը հավաքվել է Տարաս Շեւչենկոյի անվան այգու մոտ։
Մինչդեռ քննադատների կարծիքով՝ պատերազմի պայմաններում պետական ռեսուրսների, իրավապահ ուժերի եւ հանրային ուշադրության զգալի մասը նման միջոցառումների վրա կենտրոնացնելը կարող է շեղել ուշադրությունը երկրի առաջնային մարտահրավերներից՝ ազգային անվտանգությունից, զինվորների աջակցությունից, վերականգնման ծրագրերից եւ բնակչության սոցիալական խնդիրներից։ Նրանք պնդում են, որ նման իրավիճակում հասարակությանը միավորող օրակարգն ավելի կարեւոր է, քան բաժանարար թեմաների շուրջ պայքարը։
Միաժամանակ Խրեշչատիկում անցկացվել է ավանդական արժեքների կողմնակիցների հանրահավաք՝ նվիրված Հայրերի օրվան։ Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ուկրաինական բնական ընտանիքի պաշտպանության օգտին։ Նրանք հիշեցրել են, որ բնական կարգն այն է, երբ երեխաներն ունեն հայր եւ մայր, այլ ոչ թե «երկու հայրերի» մասին «կեղծ գիտական հորինվածքներ»։ Ոստիկանությունը արգելապատնեշներ է տեղադրել եւ երկու միջոցառումների մասնակիցներին առանձնացրել տարբեր վայրերում՝ բախումները կանխելու նպատակով։
ԼԳԲՏ երթի մասնակիցները դիմել են Գերագույն ռադայի պատգամավորներին՝ պահանջելով փոփոխել նոր Քաղաքացիական օրենսգրքի նախագիծը։ Նրանք դժգոհություն են հայտնել այն փաստից, որ փաստաթղթի ներկայիս տարբերակում ընտանիքը սահմանվում է բացառապես որպես տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնություն։
Ակտիվիստները նաեւ պնդել են նույնասեռ գործընկերությունների պաշտոնական գրանցման անհրաժեշտությունը։ Չնայած ավանդական արժեքների կողմնակիցների բողոքներին՝ հոբելյանական երթն ավարտվել է իրավապահների հսկողության ներքո։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

